Ռուսաստանցիները հիմա չեն ձանձրանում՝ քաղաքական գործիչների նախընտրական հեռուստաբանավեճերը երբեմն ավելի հետաքրքիր են դառնում, քան ամենազվարճալի շոուները։ Կուսակցությունների եւ միավորումների առաջնորդների մենախոսություններից եւ երկխոսություններից առանձին դրվագներ դառնում են թեւավոր խոսքեր եւ նորագույն քաղաքական անեկդոտների հիմք։ Եկել է քաղաքական դոնժուանների աստեղային ժամը՝ ընտրողների սրտերը նվաճելու համար նրանք շռայլում են քաղցր հաճոյախոսություններ եւ ֆանտաստիկ խոստումներ։ Ժողովուրդը, ինչպես եւ բոլոր թեթեւաբարո կանայք, իրեն հետապնդողներին սկզբնական շրջանում ծաղրում է, մանավանդ, որ հեգնանքի առիթները բազմաթիվ են։ Իսկ հետո, այնուամենայնիվ, ընտրելու անհրաժեշտություն կլինի։ Բայց ո՞ւմ։
Այսօր դեռեւս երկու բան է պարզ։ Առաջին՝ ով ում դեմ է, այսինքն՝ ով ում չի սիրում։ Երկրորդ՝ բոլորը միասին եւ ամեն մեկն առանձին իրենց կյանքը չեն պատկերացնում առանց ժողովրդի, որին սիրում են եւ հարգում են իրենց ողջ քաղաքական հոգով։ Ժողովուրդը նրանց համար կյանքի իմաստ է, նրա անունից են խոսում, հավաստիացնում, սպառնում, նրա անունով են երդվում, նրա բազմաչարչար ճակատագրի համար դարդ են անում։ Ինչպես դիմանաս բառերի նման հեղեղին։ Մնում է մի բան. ձեռքդ մի երիցուկ վերցնես եւ գուշակես թերթիկները պոկելով. սիրում է – չի սիրում։
Թեեւ մենք մեր գուշակություններն արդեն արեցինք եւ նոր իշխանության հետ օրինական կապի մեջ մտանք, այնուամենայնիվ, երբեմն նախանձում ենք ռուսաստանյան բարեկամներին։ Նրանք դեռեւս «հարսնացուական» ռոմանտիկ պահեր են ապրում՝ լսելով եւ սոխակի դայլայլը, եւ սերենադներ, եւ բոցավառ երդումներ։ Եվ այստեղ կարեւոր է գլուխը չկորցնել եւ այդ ռոմանտիկական պահերին կրքից այրվող քաղաքական գործիչներից որքան հնարավոր է շատ խոստումներ պոկել՝ որպես կանխավճար (կամ օժիտ): Որովհետեւ հետո, օրինականացնելով հարաբերությունները, նրանք մեր նկատմամբ հաստատ կսառեն, ինչպես տեղի ունեցավ մեզ մոտ՝ Հայաստանում։
Ամենացավալին այն է, որ ոչ միայն իշխանությունը, որը նախընտրական շրջանում մեզ ոսկե սարեր էր խոստանում, չի շտապում դրանք կյանքի կոչել, այլեւ նրա ընդդիմախոսներն այսօր բավականին թթված տեսք ունեն։ Մոռացել են մեզ։ Այլեւս ուշադրություն չեն դարձնում, միտինգներում չեն ժամադրվում։
Կարդացեք նաև
Իսկ ասում էին, որ սիրում են։
Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ