Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանոթները դեռ լռում են

Նոյեմբեր 28,1995 10:24

Զինադադարի խախտումը ձեռնտո՞ւ է միջնորդներին

Արդեն 18 ամիս է տեւում Լեռնային Ղարաբաղի ճակատներում հայտարարված զինադադարը, որի պայմանները կողմերը հիմնականում հարգում են։ Սակայն կայուն խաղաղության հեռանկարներն այսօր նույնքան անորոշ են, որքան մեկուկես տարի առաջ։ Չնայած բանակցությունները Մինսկի խմբի շրջանակներում բավականին ակտիվ են վարվում, դրանք շոշափելի արդյունքներ չեն բերել՝ կողմերի դիրքորոշումները չեն մոտենում իրար։ Հիմնական խնդիրներում (ԼՂՀ կարգավիճակը, փախստականներ, մարդասիրական միջանցք, Ղարաբաղի անվտանգության երաշխիքներ) դեռեւս գոյություն ունեն լուրջ տարաձայնություններ։

Երեւանն ու Ստեփանակերտը բավականաչափ հիմնավորված ձեւով պնդում են, թե դեպի խաղաղություն ճանապարհի իրենց մասն արդեն անցել են, եւ ամեն ինչ հանգում է Ադրբեջանի անզիջողականությանը, որը չի ցանկանում ընդունել աշխարհաքաղաքական իրողությունները եւ տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Բաքուն, իր հերթին, առաջխաղացումը բանակցություններում կախվածության մեջ է դնում Լաչինի միջանցքի հսկողությունը վերահաստատելու հետ։ Քանի որ այդ պահանջը ընդունելի չէ հայկական կողմի համար, քանի որ արդյունքում ղարաբաղցիները նորից շրջափակման կմատնվեն, բանակցություններում առաջխաղացումը խիստ կասկածելի է։

Միեւնույն ժամանակ պարզ է դառնում, որ միջնորդների՝ Ռուսաստանի եւ ԵԱՀԿ-ի միջեւ տարաձայնությունները ներկա ժամանակահատվածում սրվելու միտումներ ունեն։ Դա արդյունք է շահերի տարանջատման, որն առաջացել է ադրբեջանական նավթի տեղափոխման ծրագրերի հետ։

Ինչպես հայտնի է, Ռուսաստանն, այսօր չի էլ թաքցնում, որ ձգտում է վերահսկել այն բոլոր տարածքները, որոնցով անցնելու են ապագա նավթատարները։ Այդ հանգամանքի լույսի ներքո հասկանալի է դառնում նախագահ Ելցինի առաջին հայացքից անսպասելի դժգոհությունը Կովկասում հակամարտությունների, մասնավորապես, Ղարաբաղի հարցի լուծման գործընթացներից: Հիշեցնենք, որ Ռուսաստանի ղեկավարը դրա մասին ասել է նոյեմբերի 21-ին, իսկ բառացիորեն հաջորդ օրը Երեւան այցելեց այդ երկրի գլխավոր սահմանապահ Անդրեյ Նիկոլաեւը։ Նախագահ Տեր-Պետրոսյանի հետ նա քննարկեց ոչ միայն «ԱՊՀ սահմանների պահպանության խնդիրները», այլեւ «կովկասյան տարածաշրջանում միջէթնիկական բախումների կարգավորման ճանապարհները»։ Ընդ որում, գեներալ Նիկոլաեւը չթաքցրեց, որ «Ռուսաստանի նախագահը հանձնարարել է նրան քննարկել նաեւ մի շարք այլ հարցեր»։ Միանգամայն հնարավոր է,որ դրանք առնչվում էին հենց ղարաբաղյան խնդրին։

Մոսկվայի այսօրվա ակտիվությունը միանգամայն բացատրելի է: Ադրբեջանը առաջվա նման դիմադրում է իր տարածքում ռուսաստանյան ռազմակետերի տեղաբաշխման գաղափարին։ Սակայն ապահովել այստեղ իր երկարաժամկետ ներկայությունը (եւ հետեւաբար նավթատարի հսկողությունը)՝ Մոսկվան կարող է այլ ճանապարհներով։ Օրինակ, խլելով խաղաղարար նախաձեռնությունը ԵԱՀԿ-ից։ Եթե հակամարտության կողմերը համաձայնեին տեղակայել տարածաշրջանում ռուսաստանյան (կամ ԱՊՀ-ի, որը նույնն է) խաղաղարար ուժերը, խնդիրն ինքնին կլուծվեր: Դա առավել ակնհայտ է, քանի որ խաղաղարարների տեղաբաշխման հենակետերը, փաստորեն, գտնվում են Բաքու-Բաթում նավթատարի ճանապարհին։

Բնական է, որ նման հեռանկարին Արեւմուտքը նայում է մեծ վերապահումներով։ Այդ է պատճառը, որ ԵԱՀԿ-ն կցանկանար ինքը կազմակերպել խաղաղապաշտպան գործողություններ։ Սակայն դա անհնար է իրականացնել, մինչեւ որ կողմերը չստորագրեն քաղաքական համաձայնագիր՝ խաղաղության մասին։ Ըստ կարգավիճակի, եվրոպական խաղաղարարները խաղաղություն չեն հաստատում (այնպես, օրինակ, ինչպես ՆԱՏՕ-ն Բոսնիայում), այլ միայն պահպանում են այն։ Իսկ բանակցությունները, ինչպես արդեն ասվել է, տեղում են դոփում։ Եվ ահա, փորձելով թարմացնել դրանց ընթացքը, ԵԱՀԿ գործող նախագահը

տարածաշրջան էր ուղարկել իր անձնական ներկայացուցիչ Ստանիսլավ Փշիգոտսկուն։ Հայաստանում պրն Փշիգոտսկին քննարկում էր ապագա խաղաղարար օպերացիայի ծրագրավորման եւ տեխնիկական ապահովման խնդիրները։ Միեւնույն ժամանակ նա բացատրեց, թե ինչպիսի պայմաններում է հնարավոր այդ օպերացիան: Դիվանագետի խոսքերով, «որքան արագ ստորագրվի քաղաքական համաձայնագիրը, այնքան մեծ են շանսերը ԵԱՀԿ անդամ երկրների զինվորականների մասնակցության: Շատ լավ կլինի, օրինակ, եթե ԵԱՀԿ պետությունների արտգործնախարարների դեկտեմբերյան հանդիպման ժամանակ որեւէ պայմանավորվածություն ձեռք բերվի: Բանակցությունների գործընթացի ձգձգումը հղի է այդ գործընթացի հանդեպ հետաքրքրության անկմամբ»։

Վերջին միտքը բավականին բազմանշանակ է: Կարելի է ենթադրել, որ Կրեմլը շահագրգռված է հենց այդ ձգձգմամբ: ԵԱՀԿ-ի անտարբերությունը կբարձրացներ ռուսաստանյան միջնորդության նշանակությունը։ Այդ համատեքստում ամենեւին զարմանալի չի լինի, եթե քաղաքական համաձայնագիրը չհաջողվի ստորագրել ոչ միայն դեկտեմբերին, այլեւ ընդհանրապես տեսանելի ապագայում։ Ավելին՝ առանց միջնորդների տեսանելի ճնշման, շարունակվող զինադադարը օբյեկտիվորեն սկսում է խանգարել Կրեմլի մտադրություններին՝ վերադարձնել իր զորքերը Ադրբեջան, այս անգամ խաղաղարարների կարգավիճակով Եվ հակառակը՝ զինադադարի խախտումը, ռազմական գործողությունների թեկուզ եւ կարճատեւ բռնկումը առարկայորեն կապացուցեր այն, որ կողմերն ինքնուրույն ի վիճակի չեն լուծելու պատերազմի եւ խաղաղության խնդիրները:

Այստեղից կարող է արվել «տրամաբանական» հետեւություն. անհրաժեշտ է օպերատիվ ուժային միջամտություն։ Ի դեպ, այն կարելի է բացատրել արեւմտյան գործընկերներին նավթատարի անվտանգությունը ապահովելու անհրաժեշտությամբ։ Դեպքերի նման ընթացքը, բնականաբար, խանդավառություն չի առաջացնում հակամարտության կողմերի, եւ հատկապես Ադրբեջանի մոտ: Սակայն, ներկա պայմաններում ռազմական բախում սադրելը բավականին հեշտ գործ է։

Հետաքրքիր է, որ նման սադրանքը կարող է գայթակղիչ դառնալ ոչ միայն ռուսաստանյան ռազմական եւ նավթային լոբբիին, այլեւ ժամանակի ընթացքում, ըստ երեւույթին, դուր կգա նաեւ արեւմտյան նավթային կոնսորցիումի անդամներին։ Նրանք վերջապես կհասկանան, որ առանց կայուն խաղաղության ադրբեջանական նավթի մշակման եւ, առավել եւս փոխադրման հեռանկարները չափազանց մշուշապատ են: Այդ դեպքում ռուսաստանյան զորքերի ներկայությունը տարածաշրջանով, որն այսօր տհաճությամբ է ընկալվում, վաղը կարող է համարվել որպես չարիքներից փոքրագույնը, քանի որ ոչ միայն՛ տալիս է հանգիստ իրավիճակի երաշխիքներ, այլեւ հնարավորություն է թողնում Ռուսաստանի հետ կոմերցիոն համագործակցության համար: Պարզ ասած՝ շանսեր կան պայմանավորվել Կրեմլի հետ եւ փրկել սեփական եկամուտների գեթ մի մասը։

Եթե ռազմական գործողությունները վերսկսվեն, Կրեմլը կարող է նորից փորձել ստանալու ԵԱՀԿ-ից խաղաղարար օպերացիա անցկացնելու մանդատը։ Քանի որ դա իրավիճակին փոքր-ինչ պարկեշտ արտաքին տեսք կտա, նման մանդատ ստանալու շանսերն այնքան էլ քիչ չեն։

Ա. ԲԱԳՐԱՏՈՒՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930