Հարցազրույց ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Եգորյանի հետ
-Պրն Եգորյան, «Տարածքային կառավարման մասին» օրենքի նախագիծը մշակման ինչպիսի՞ ընթացքի մեջ է:
– Կարծում եմ՝ մոտակա նիստերին մենք այն կառաջարկենք մտցնել օրակարգ։ Սկզբնական փուլում մեր մշակած նախագիծը ուղարկվեց համապատասխան մարմիններին, որտեղից էլ ստացանք բավական կարեւոր առաջարկություններ, այս առումով հատկապես կարեւոր են կառավարության դիտողությունները, բացի այդ՝ մեր հանձնաժողովում հավաքված են գործադիր իշխանության տարբեր մարմիններում աշխատանքի հարուստ փորձ ունեցող պատգամավորներ, որոնք իրենց գործնական դիտարկումները հաղորդեցին մեր՝ ամենօրյա առնվազն 4-5 ժամ տեւող քննարկումներին։ Այսպիսով, ոլորտ առ ոլորտ կարողացանք գտնել կարեւորագույն օրենքի ճիշտ լուծումները։
– Հնարավո՞ր է, արդյոք, որ այս նախագծի քննարկումը կատարվի դռնփակ՝ վարչատարածքային բաժանման օրենքի տարբերակով:
Կարդացեք նաև
– Ըստ իս, դրա կարիքը չկա. նախորդ նախագծի դռնփակ քննարկումը պայմանավորված էր մարզկենտրոնների ընտրության փաստով։ Պատգամավորներից յուրաքանչյուրը ներկայացնում էր որոշակի տարածք՝ տեղային յուրահատուկ շահերով։ Բնական է, որ նրանք փորձելու էին պաշտպանել իրենց ընտրատարածքների առավելությունները։ Ես դա որպես հանդիմանություն չեմ ասում. պատգամավորը կոչված է իր ընտրատարածքի շահերը պաշտպանելու։ Իսկ դռնփակ նիստը պետական մտածողությանը դրսեւորվելու առավել լայն հնարավորություններ ընձեռեց: Այս դեպքում անհրաժեշտ է հակառակ մոտեցում. ընդունվելու է մարդկանց անմիջական, առօրյա կյանքին առնչվող, այն կարգավորող օրենք, ուստի բոլորը պետք է քաջատեղյակ լինեն տեղական իշխանության մարմինների լիազորություններին, իրենց պարտականություններին եւ իրավունքներին։ Ի դեպ, ասեմ, որ այս օրենքը կարող էր լինել կառավարության որոշում:
– Այդ դեպքում ինչո՞վ բացատրել այն Ազգային ժողովի իրավասությանը հանձնելու փաստը:
– Օրենքի կարգավիճակ հաղորդելու գլխավոր պատճառը տարածքային կառավարման մարմինների կարեւորությունն է հասարակության եւ ընդհանրապես պետության կենսագործունեության համար: Մարդիկ պետք է լիարժեք գիտակցեն իրենց ապրելակերպը կարգավորող կառույցների լիազորությունները, հակառակ դեպքում ընդունվող մեխանիզմները կարող են վատ աշխատել: Օրենքի լավ աշխատանքի վճռորոշ պայմաններից մեկը այն է, որ ժողովուրդը ծանոթ լինի դրան։
– Դուք կարծո՞ւմ եք, որ մինչեւ նոր տարի այս օրենքը արդեն կընդունվի եւ կներդրվի:
– Ես հուսով եմ, որ մինչեւ նոր տարի մենք կունենանք տարածքային կառավարման այս նոր համակարգը։ Մի քանի խոսք ըստ էության։ Նախ՝ Հայաստանում ի՞նչ իմաստ ուներ 11 մեծ տարածքային միավորների ստեղծումը։ Պատճառները երկուսն են. ա) Տարածքներին հատկացվող գումարների, ֆինանսական միջոցների կենտրոնացումը եւ արդյունավետ իրացումը։ Երբ առանց այն էլ փոքր բյուջետային գումարները բաժանվում են երեք տեղ, այդ միջոցներով զարգացման առավել նվազ հնարավորություններ են ստեղծվում, իսկ դրանց մեկտեղումը կարող է հասցնել շոշափելի արդյունքների։ բ) Կառավարման ապակենտրոնացումը. ապակենտրոնացման սկզբունքը շատ անգամ ըմբռնվում է որպես ունիտար պետության թուլացում, սակայն դա բնավ այդպես չէ։ Ես կասեի՝ ճիշտ հակառակը, որովհետեւ տարածքային կառավարման կենտրոնում գտնվող մարզպետը նշանակվում է վարչապետի եւ նախագահի կողմից։ Կառավարության բոլոր անդամները քվեարկությամբ որոշում են այդ պաշտոնում տվյալ թեկնածուի համապատասխանության հարցը, այնուհետեւ՝ նախագահը վավերացնում է ընդունված որոշումը։ Արդյունքում՝ մարզպետները իրենց քաղաքական պատասխանատվությամբ գրեթե հավասարվում են նախարարներին։
Եթե տարածքներում անցկացվում է ինչ-որ քաղաքականություն, ապա հնարավոր է գործողության երկու տարբերակ.
1) այդ քաղաքականությունը իրագործելու են կենտրոնական նախարարությունների համապատասխան ներկայացուցիչները եւ
2) քաղաքականության պատասխանատուն եւ իրագործողը մարզպետն է։ Մարզպետի վարկանիշը մի քանի անգամ ավելի բարձր է, քան այսօր այդ քաղաքականությունը իրագործող գործադիր խորհրդի պաշտոնյաներինը, որոնք աստիճանակարգության մեջ վարկանիշով 6-7-րդ մարդիկ են։ Քաղաքական պատասխանատվության չափաբաժինն էլ համապատասխանաբար նվազում է։ Տվյալ մոտեցմամբ պետությունը չի կարող արդյունավետ քաղաքականություն վարել, բազմակի ենթակայությունը նպաստում է պատասխանատվության նվազմանը։ Այլ բան է, երբ տարածքային քաղաքականությունը իրականացնում է մարզպետ-նախարարը, եւ տրամագծորեն հակառակ՝ երբ դրանով զբաղվում է ինչ-որ վարչության պետ։ Պետական իշխանության ստորաբաժանումները բարձրացնելով մարզերի կարգավիճակի՝ մենք ստիպում ենք նրանց առավել հոգատար եւ պատասխանատու աշխատանք տանել մարդկանց հետ։
– Իսկ ձեզ չի մտահոգո՞ւմ անձնային գործոնը: Մարզպետի ձեռքում ազդեցության լծակների կենտրոնացումը չի՞ հանգեցնի կենտրոնախույս տրամադրությունների՝ ի վնաս ընդհանրական շահերի։
– Ճիշտ հակառակը, եթե մենք կենտրոնացում չենք կատարում, այդ դեպքում վճռորոշ է դառնում ձեր մատնանշած անձնային գործոնը։ Մարզպետներ նշանակելով՝ մենք ավելացնում ենք պատասխանատու մարդկանց շրջանակը։ Օրինակ, եթե նախկինում ամեն ինչ որոշում էին 20 կենտրոնական նախարարները, ապա այս օրենքով՝ 20+10 նախարարներ-մարզպետները։ Կենտրոնական նախարարությունները ազդեցության որոշակի լծակներ ունեն տարածքում իրականացվող քաղաքականության վրա, իսկ տարածքային իշխանության մարմինները՝ հանձինս մարզպետների, ունեն գործունեության իրենց հստակ ոլորտը՝ միմյանց չհատվող եւ սահմանազատված գործառույթներով։
Ի՞նչ ենք մենք ունենալու մարզում՝ մարզպետ, որը բոլոր ոլորտներում իրականացնելու է գործադիր իշխանությունը՝ իրեն ենթակա տեղային ստորաբաժանումներով։ Նրան զուգահեռ՝ գործելու են կենտրոնական հարկային տեսչությունը, կենտրոնական ենթակայության քննչական մարմինները, դատախազությունը, դատարանները։ Այսինքն՝ մարզերում ենթադրվում են հետեւյալ կարեւորագույն պաշտոնները՝ մարզպետ, մարզային դատախազ, մարզային դատավորներ, մարզի քրեական-քննչական, ճանապարհային ոստիկանության վարչությունների պետեր, հարկային տեսչության ղեկավար, պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ։ Այսպիսով, փոխադարձ վերահսկելիությունը բավարար մակարդակի վրա է։ Բացառվում է մարզում ամեն ինչի տեր ու տնօրեն պաշտոնյայի գոյությունը, ստեղծված է հավասարակշռված իրադրություն։ Ունիտար իշխանություն չկա, ցանկացած պահի կառավարությունը կարող է անվստահություն հայտնել մարզպետին, որի հեռացման որոշումը դարձյալ հաստատելու է նախագահը։ Քանի որ մարզպետի եւ կենտրոնական նախարարությունների հարաբերությունները հստակ են, ապա վերջիններս տիրապետելու են մարզպետի աշխատանքին վերաբերող ինֆորմացիայի՝ դրական կամ բացասական կողմերով հանդերձ։ Սա իսկապես մեծ բարեփոխում է։ Թերեւս դա էլ օրենքի այս նախագծի շուրջ ծավալված ակտիվության պատճառներից մեկն է։ Ի դեպ, խնդիրը նոր չէ. 3-4 տարի առաջ, երբ ստեղծվեց սահմանադրության առաջին նախագիծը, մենք սկսեցինք զբաղվել միջազգային եւ տեղական փորձի ուսումնասիրմամբ. ի՞նչ ունենք եւ ինչպե՞ս է գործում։ Հայաստանն այս օրենքով մի քայլ առաջ է գնալու, եւ ամենակարեւորը՝ պետական կառույցների համակարգը հարմարեցվելու է ազատ տնտեսական հարաբերությունների ոգուն, հավասարակշռություն է ստեղծվելու տեղական եւ կենտրոնական շահերի միջեւ՝ առողջ մրցակցությամբ։ Ազատ կապիտալը ճնշվում է բազմակի ենթակայությունների ներքո։ Տարածքային կառավարման օրենքը ապահովում է իշխանության ապակենտրոնացումը՝ անձամբ նախագահի վերահսկողությամբ։
– Ինչպիսի՞ ն է լինելու մարզպետի իրավասությունների ոլորտը, կադրային քաղաքականությունը։
– Մարզպետի իրավասության ոլորտում են լինելու համապատասխան վարչություններ՝ արտադրության, ֆինանսների, հասարակական կարգի, քաղաքաշինության, տրանսպորտի, կրթության, գիտության, առողջապահության, սպորտի, մշակույթի… մի ողջ միկրոկառավարություն։ Եթե դուք ուզում եք տարածքային քաղաքականություն վարել, ապա ինքնաբերաբար առաջանում է մինի կառավարություն, որտեղ կադրային քաղաքականությունը, բնականաբար, մարզպետի մենաշնորհն է։
– Իսկ ինչպե՞ս է կարգավորվելու ոստիկանության, ներքին գործերի աշխատանքը տարածքներում:
– Ես չեմ կարծում, թե ոստիկանությունը պետք է առանձնահատուկ վերաբերմունքի արժանացնել։ Մեր մոտեցման հիմքում հավասարությունն է, մի՞թե սոցիալական ոլորտը, առողջապահությունը կամ կրթությունը ավելի փոքր նշանակություն ունեն, քան հանցագործությունների դեմ պայքարը։ Սակայն, մյուս նախարարությունների համեմատ՝ մենք աշխատել ենք ավելի զգույշ լինել ներքին գործերի մարմինների պարագայում՝ ավելի նվազ ապակենտրոնացնելով դրանք, քան մյուսները, այսինքն՝ փոքր քայլ ենք կատարել ՆԳՆ-ի իրավասությունների հանդեպ:
– Ի՞նչ է նշանակում այդ փոքր քայլը։
– Քննչական-քրեական աշխատանքը մնացել է ՆԳՆ-ի ենթակայության ներքո, այդ վարչության պետին նշանակելու է ՆԳ նախարարը։ Սա մի ոստիկանապետ է փաստորեն, զուգահեռաբար կա նաեւ այլ գործառույթներ իրականացնող՝ հասարակական կարգի համար պատասխանատու մարզային պաշտոնյա։ Վերջինս զբաղվելու է հանցագործությունների նախաքննությամբ, մարդկանց առտնին կյանքի իրավական կարգավորմամբ։ Ենթադրենք՝ մեկը մյուսին ծեծել է, հրդեհ է բռնկվել, անհրաժեշտ է իրականացնել շենքերի եւ գույքի պահպանություն… ի՞նչ կարիք կա, որ դրանցով զբաղվի կենտրոնը։ Մի՞թե տեղում անօրինական շինարարությունը կանխելու համար հարկ կա գալ Երեւան, կամ այնտեղից հանձնարարականների սպասել։ Այս կապակցությամբ, երբ կարդում եմ մամուլում բարձրացված հարցադրումները, ուղղակի զարմանք եմ ապրում։
– Իսկ ինչո՞վ կբացատրեք օրենքի հենց այս հատվածի շուրջ ծագած հակասական մոտեցումները։
– Գիտեք՝ ինձ համար դա փոքր-ինչ անբացատրելի է։ Իմ խորին համոզմամբ, մարդիկ, որոնք շոշափում են այս հարցերը, չեն էլ հասկանում, թե ինչ է արվում, ամեն ինչ ենթադրությունների շրջանակում է։ Միգուցե դրանց հիմքում այն սկզբնական նախագիծն էր, որն անգամ հանձնաժողովի քննության առարկա չէր դարձել։ Սահմանադրությունը գրելու ընթացքում անհրաժեշտ էր նախնական աշխատանքային տարբերակ, եւ ստեղծվեց այդ նախագիծը, որտեղ կար երկակի ենթակայության ոստիկանություն, մարզպետը առաջարկում էր, ՆԳ նախարարը նշանակում կամ՝ ոչ։ Բնականաբար, դա չաշխատող մեխանիզմ էր։ Ներկա նախագծում ոլորտների հստակ տարանջատում կա: Եթե մի բանի համար պատասխանատու են երկու հոգի, անտարակույս է, որ այդ գործը տեղից չի շարժվի։ Ուստի, չարժե ձգձգել, ինչպես համարձակ եղանք տնտեսական բարեփոխումների ընթացքում, այդպես էլ պետք է գործենք տարածքային կառավարման համակարգում։
– Չե՞ք կարծում, որ նման մոտեցմամբ կենտրոնական նախարարությունների դերը դառնում է խորհրդանշական։
– Վկայակոչեմ միջազգային փորձը։ Քաղաքակիրթ երկրներում կենտրոնական նախարարությունները փոքր են՝ օրինակ, Հոլանդիայում ՆԳ նախարարությունը բաղկացած է 150-190 հոգուց։ Ըստ էության, նախարարությունները պետք է զբաղվեն նորմատիվ քաղաքականությամբ։ Այսպես՝ կրթության նախարարությունը պետք է վերահսկի, որ հայոց լեզվի դասավանդումը ընթանա համաձայն նորմատիվների, եւ ոչ թե ինքը զբաղվի դաս տալով։ Ողջ համակարգի իմաստը մարդ դնել կամ հանելը չէ, վերջապես մենք պետք է ձերբազատվենք այս հիվանդությունից, որը ծնունդն է լենինյան լոզունգի. «Կադրերն են որոշում ամեն ինչ»։ Ընդհակառակը. «Ինստիտուտներն են որոշում զարգացումը» եւ ոչ թե կադրերը։ Նախարարությունների խնդիրն է զբաղվել լուրջ, ինտելեկտուալ աշխատանքով Եւ ոչ թե մարդ դնելով կամ ազատելով։ Ես գտնում եմ, որ կոնկրետ նախարարից շատ քիչ բան է կախված, անձերի փոփոխությունը որոշիչ գործոն չէ։
– Իրոք, կարծո՞ւմ եք, թե այսօր Հայաստանում իշխանությունը անձնավորված չէ:
– Ցավոք սրտի, այսօր այդպես չէ, բայց համենայնդեպս պետք է ձգտել, որ այդպես լինի։ Համոզված եմ՝ այս տիպի կառույցում ով էլ նախարար գնա աշխատելու, մոտավորապես նույն կերպ է գործելու, եթե նույնիսկ Աստված էլ լինի, որովհետեւ կառույցը թելադրում է ցանկացած նախարարի։ Կենտրոնացված համակարգերը իրենց տրամաբանությունն են պարտադրում։ Հետեւաբար, կառույցները պետք է փոխել, դրանք պետք է լինեն մեկը մյուսին հակակշռող, հստակ պատասխանատվություն ունեցող։ Մեր օրենքում այդ ամենը առարկայական հիմքերի վրա է դրված։
– Տեղական կառավարման ձեր մոդելը հանգեցնելու է բյուրոկրատական համակարգի կրճատման։
– Այո՛, անշուշտ, այսօրվա գործադիր իշխանության մարմինները էապես կրճատվելու են, եւ դա չափազանց կարեւոր է։ Համոզված եմ, որ ներկայիս մեկ պաշտոնյան կարող է կատարել երեք պաշտոնյայի աշխատանք։ Բացի այդ՝ որքան փոքր է բյուրոկրատական ապարատը, այնքան փոքր է ճնշումը տնտեսական սուբյեկտների վրա, իսկ մենք հույս ունենք, որ այդ տնտեսական սուբյեկտները՝ գործարար եւ ձեռներեց մարդիկ են ծաղկեցնելու այս երկիրը։