Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ տնտեսություն ենք ուզում ստեղծել

Նոյեմբեր 25,1995 17:59

Ի՞նչ տնտեսություն ենք ուզում ստեղծել։ Այս հարցին շատ դժվար է պատասխանել։ Առկա պատասխանները ավելի շուտ գաղափարական են: Կարող են պատասխանել՝ շուկայական, կամ ընդդիմության շարքերից կարող է հնչել՝ սոցիալ-շուկայական: Նման վերացական պատասխանն ավելի շուտ հարցից խուսափելու ձեւ է: Ո՞րն է լինելու Հայաստանի տեղն ու դերը համաշխարհսյին տնտեսության մեջ, ո՞ր ճյուղերի վրա պետք է հենվի տնտեսությունը: Ի՞նչը պետք է վերացնենք եւ ի՞նչը պահպանենք։ Որո՞նք են գերակայությունները։ Աշխատանքի միջազգային բաժանման տեսանկյունից՝ այսօր Հայաստանն առավելապես ներմուծող երկիր է, այն էլ ոչ թե տեխնոլոգիաների (որն ապագայի հույս կներշնչեր), այլ առավելապես լայն սպառման ապրանքների (հատկապես անորակ ապրանքների):

Այս առումով Հայաստանը, բացի արդյունաբերությունից, այլ հենարան չուներ։ Սպասվում էր, որ պետությունն այս ոլորտում կվարի հատուկ քաղաքականություն՝ կառանձնացնի որոշ ճյուղեր եւ կխրախուսի դրանց զարգացումը։ Սակայն ընտրվեց այլ ճանապարհ, երբ ամեն ինչ որոշում է շուկայական տարերքը։ Հայաստանի արդյունաբերական ձեռնարկությունների մեծ մասն աշխատում էր ԱՊՀ-ի եւ հատկապես Թուրքմենիայի շուկայի համար։ ԱՊՀ երկրներում այսօր գերակշռում է միջպետական (քլիրինգային) առեւտրից հրաժարման միտումը: Թուրքմենիան նույնպես արդեն սկսել է խուսափել քլիրինգից: Միայն դեպի ԱՊՀ երկրներ տանող հին գազամուղը Թուրքմենիային ստիպում է հաշտվել քլիրինգի հետ եւ ներմուծել ԱՊՀ երկրների անորակ արդյունաբերական արտադրանքը։ Աստիճանաբար նա սկսեց հրաժարվել արդյունաբերական ապրանքներից, փոխարենը պահանջելով կայուն տարադրամ։ Իսկ մինչ այդ անորակ ապրանքների ներմուծման առեղծվածի վրա մասնակիորեն լույս են սփռում այն լուրերը, որ այդ ապրանքների մեծ մասը Թուրքմենիայից գնում էին իսլամական հումանիտար ֆոնդերը, որոնք հիմնականում (ինչպես ողջ աշխարհում) կոռումպացված են եւ այնքան էլ չեն հետաքրքրվում ապրանքների որակով: Նրանք այդ ապրանքներն ուղարկում էին կարիքավոր իսլամական երկրներ եւ հատկապես Աֆղանստան: Թուրքմենստանն այսօր ակտիվորեն աշխատում է այլընտրանքային գազամուղի կառուցման ուղղությամբ, որը կձգվի դեպի Իրան եւ Մերձավոր Արեւելք։

Այնպես որ, հայկական արդյունաբերությունն այսօր մասնակիորեն, իսկ վաղը՝ լիովին կզրկվի այդ շուկայից։ Սա ծանր փորձություն կդառնա մեր տնտեսության համար: Արտահանման նոր շուկաների որոնումը դառնում է կենսական խնդիր։ Առանց չվճարումների ճգնաժամի էլ հայկական ձեռնարկությունների ֆինանսական քաղցն ակնհայտ է։ Տեխնոլոգիական նորացումը տվյալ դեպքում դառնում է երազանք։ Նոր շուկաների որոնումն ինքը պահանջում է ազատ ֆինանսական միջոցներ։ Մեր արդյունաբերական ձեռնարկություններին առ այսօր փրկում էր էժան, համարյա թե ձրի աշխատուժը: Մոտ ապագայում սա էլ կարող է այլեւս չօգնել։ Չնայած, սովորաբար, աշխատուժի էժանությունը ճգնաժամային վիճակի հաղթահարման նպաստավոր նախապայման է: Մյուս կողմից՝ արդյունաբերությանը հարվածում է խիստ հարկային քաղաքականությունը, որը գնալով ավելի խստանում է: Բավական է նշել միայն գույքահարկի մասին օրենքը եւ ոգելից խմիչքների համար ակցիզային հարկը:

Ինչո՞վ են փոխհատուցվում այս բոլոր կորուստները։ Արդյո՞ք միջազգային ֆինանսական կազմակերպությունների տրամադրած վարկերն իրոք փոխհատուցում են։ Այսօր սա է ամենակարեւոր հարցը։

Վահրամ ԲՐՈՒՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930