Վերջերս աշխատանքային այցով Հայաստանում էր գտնվում «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության աշխատակից Արմեն Քոլոյանը, որը Երեւանում Դաշնակցության ներկա իրավիճակի մասին հարցազրույցների շարք էր կազմակերպել մեր ազգային խնդիրներով մշտապես մտահոգ մի խումբ մարդկանց հետ։ Նրա զրուցակիցներն էին «Հայլուր» լրատվական գործակալության տնօրեն Բագրատ Սադոյանը, ՀՅԴ ԳԽ խմբակցության նախկին նախագահ Գագիկ Հովհաննիսյանը, պատմաբան Հրաչիկ Սիմոնյանը եւ Ազգային ու ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի փոխտնօրեն Տիգրան Հայրապետյանը, որի տեսակետը, իր ինքնատիպությամբ, տարբերվում է մյուսներից։ Ստորեւ ներկայացնում ենք նրա խոսքը:
Սա ոչ թե Դաշնակցության, այլ հայ հասարակության ճգնաժամի խնդիրն է։ Դաշնակցությունը չէ, որ այսօր փոխվել է, այսօր Հայաստանում փակվել է, այսինքն փակուղի է մտել հայ ազգային հասարակական-քաղաքական միտքը։ Դաշնակցության պատիժը մեզ պետք է հուշի, որ մենք բոլորս էլ վաղը կարող ենք պատժվել, ինչպես դա եղավ դարասկզբին։ Սա է խնդիրը քաղաքագիտության տեսանկյունից։
Օգտակար է, երբ մենք խոսում ենք Դաշնակցության կառույցի մասին, բայց ավելի խոր եւ ավելի բարդ խնդիր կա։ Այսօր ոչ ոք չի կարող ժխտել, որ հռչակվող հաջողությունների կողքին չենք տեսնում մեր այլընտրանքը։ Մենք այժմ աշխատում ենք իրավիճակային կառավարման մեջ։ Այսօր՝ լավ, վաղը՝ վատ, բայց չենք ստեղծել այն դաշտը, որտեղ պիտի ծնվեր միտքը, որը մեր անկախությունը առաջ կտաներ։ Սա է խնդիրը, եւ այս խնդրի վրա է, որ Դաշնակցության օրինակով, մենք կամ կսովորենք, կամ չենք սովորի։ Խնդիրը նույնիսկ այն չէ, թե Դաշնակցությունը իր ընդհանուր ժողովում, համագումարում ինչ որոշումներ կընդունի։ Ես շատ կուզեմ, որ Դաշնակցությունը այնպիսի վճիռներ ընդունի, որով կկարողանա առաջնորդվել երկիրը։
Առանց Դաշնակցությունը վերականգնելու, մեզանում շատ բան կարող է խաթարվել։ Որեւէ մեկը երբեւիցե, միեւնույնն է, պետք է ընդունի այդ որոշումները։ Նրանք, ովքեր մինչեւ հիմա չեն ըմբռնել, որ Դաշնակցությունը կառույց չէ, այլ հոգեբանություն, կարող են շարունակել իրենց գործունեությունը՝ իրենց մեթոդներով, իրենց ձեւերով։ Բայց որոշումները, որ պետք է ընդունվեն, չպետք է վերաբերվեն շարունակելուն, կասեցմանը կամ դադարեցմանը։ Դաշնակցությունը առաքելություն ունի, որը կայանում է մի բանում։ 70 տարի դա չի արվել։ Ամեն ինչ արվել է, դպրոցներ են կառուցվել, համայնքներ են ձեւավորվել, կառույցներ են ստեղծվել, բայց չի արվել կարեւոր բանը։ Եթե դա Խորհրդային Միությունում հնարավոր չէր, ապա Սփյուռքում գոնե պետք է հնարավոր լիներ։ Մենք այսօր կանգնել ենք գաղափարական փակուղու առաջ։
Կարդացեք նաև
Կընդունի, կմշակի Դաշնակցությունը միտք (պարտադիր չէ, որ Դաշնակցությունը ներկա լինի Հայաստանում), Դաշնակցությունը հարյուր անգամ կարող է վերականգնվել Հայաստանում, որովհետեւ կլինի միտք։ Միտքը պետք է առաջնորդի, ոչ թե լոզունգները։ Կլինի դա, կլինի նաեւ Դաշնակցությունը, չի լինի դա, ուզում եք հենց այսօր էլ վերականգնեք Դաշնակցությունը՝ միեւնույնն է՝ Դաշնակցություն չի լինի Հայաստանում։ Սա դաժան, բայց, օբյեկտիվ ճշմարտություն է։
Պատրաստեց Ա. ԶԱՔԱՐՅԱՆԸ