Վերջապես եկել է ժամանակը՝ շնորհավորելու Վալերի Միրզոյանին, որը, ինչպես հայտնի է, կրծքով պաշտպանում է մայրենի լեզուն օտար ազդեցություններից: Նրա գործը ողջ է եւ արժանի հետնորդներ է գտել՝ ի դեմս մեր ժողովրդի լավագույն ներկայացուցիչների, ինչպիսիք են, անշուշտ, ԱԺ-ի պատգամավորները։ Ցուցաբերելով կանոնակարգի խանդավառ պաշտպանների կեցվածք, նրանք խստորեն ընդդիմացան «Շամիրամի» իրենց գործընկերուհու փորձերին՝ դիմել կառավարությանը օտար լեզվով։ Մեր օրենսդիրների սկզբունքայնությունը կարելի է ողջունել երկու պատճառով, նախ՝ օրինազանց կինը հայ չէր ազգությամբ, եւ երկրորդ՝ խորհրդարանի խոսնակը խնդրում էր ավելի մեղմ վերաբերմունք ցուցաբերել նրա նկատմամբ:
Չստացվեց։ Չթողեցին, բողոքեցին, աղմկեցին՝ մի խոսքով, պաշտպանեցին, փառք Տիրոջը, մայրենի լեզուն։ Էթիկայի տեսակետից՝ նման աղմուկն, իհարկե, ոչ տեղին էր, ոչ էլ տղամարդկանց վայել։ Բայց, կրկնում ենք. մեր պատգամավորները սկզբունքները ազգային եւ սեռական տարբերություններից բարձր են դասում:
Ամենայն հավանականությամբ, անախորժություններից խուսափելու համար, մեր ընտրյալները կկատարելագործեն պետական լեզվի իրենց իմացությունը։ Հակառակ դեպքում ԱԺ-ն ստիպված կլինի փոփոխություններ մտցնել Ընտրությունների մասին օրենքում եւ պատգամավորության թեկնածուների գրանցման ժամանակ նախատեսել քննություն հայոց լեզվից:
Գ.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ