Ինչպես հայտնի է դարձել հավաստի աղբյուրներից, նախագահի աշխատակազմի ղեկավար Շահեն Կարամանուկյանը շուտով մեկնելու է Ջակարտա, որտեղ աշխատելու է որպես Ինդոնեզիայի նախագահ Սուխարտեի խորհրդական՝ սննդարդյունաբերության գծով։
Աշխատակազմի ղեկավարի պաշտոնն է ստանձնելու ԱՄՆ-ից վերադարձող նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնակատար Լեւոն Զուրաբյանը։ Վերջինիս պարտականություններն է կատարելու Հրանտ Բագրատյանը։
ՀՀ վարչապետ է նշանակվելու համաշխարհային ազգի առաջնորդ Վազգեն Մանուկյանը։ ԱԺՄ-ամերձ շրջանակների տվյալներով, նա պարտավորեցնելու է զանգվածային լրատվության բոլոր միջոցներին՝ իրենց կազմած տեքստերի բոլոր նախադասություններում օգտագործել «ազգային» եւ «բարոյական» մակդիրները՝ հանրապետությունում տիրող ճահճացման ու ցինիզմի մթնոլորտից դուրս գալու համար։
ԱԺՄ-ի նախագահ է նշանակվելու ՀՀՇ վարչության նախագահ Տեր Հուսիկ քահանա Լազարյանը։ Վերջինս, սակայն, չի թողնի իր նախորդ պաշտոնը, այլ աշխատելու է կես դրույքով եւ համատեղության կարգով։
Վանո Սիրադեղյանը պատրաստվում է Սեւանա լիճ տեղափոխել Վանա լճի հրեշին (որն իրականում դինոզավր է): Եթե այդ օպերացիան հաջողացնի, ապա ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանին կշնորհվի ներքին ծառայության գեներալ-մայորի կոչում։
Նախատեսվում է սահմանել «Հայ ժողովրդի գլխավոր աքսակալուհի» կոչումը։ Այդ պատվավոր կոչման ամենառեալ հավակնորդն է վաստակաշատ սովետահայ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Ամիրյանին առաջարկվում է վերանվանել Ռոբերտ Վռամշապուհ արքա։ Իսկ նախկին Տեխնիկայի տան առջեւ կանգնեցվելու է Աշոտ Մանուչարյանի կիսանդրին՝ հուլիսի 5-ին ընդդիմության ջախջախիչ պարտությունն ապահովելու համար։
«ԱՌԱՎՈՏ» ԹԵՐԹԻ ԿԱԴՐԵՐԻ ԲԱԺԻՆ
Հ.Գ. Փողոցային խոսակցությունից.
– Էդ ճիշտ ա, որ…
– Բա ո՛նց։ Էն օրը թերթում էր գրած։