Լրահոս
Օրվա լրահոսը

Արմատական հեղափոխականի խոստովանությունները

Նոյեմբեր 25,1995 10:20

Կարելի է ողջունել այն փաստը, որ «Առավոտ» .թերթը հրապարակել է հանրահայտ դաշնակցական Էդուարդ Հովհաննիսյանի հոդվածը, չկիսելով նրա հայացքները։ Ուրախալի է, որ ի տարբերություն պրն Հովհաննիսյանի, «Առավոտը» գիտի, թե ինչ է նշանակում լայնախոհություն եւ բազմակարծիքություն։ Եվ, իհարկե, ժողովուրդն էլ պետք է իմանա, թե ինչ են իրենցից ներկայացնում նրա, ժողովրդի երջանկության համար պայքարող անձնավորությունները։

Է. Հովհաննիսյանի հոդվածում առկա է մեկ, շատ կարեւոր դրական առանձնահատկություն՝ այն անչափ անկեղծ է։ Հենց դրանով էլ՝ հետաքրքիր։ Մնացածը՝ հեղինակի մտորումներն ու փիլիսոփայական զեղումները անչափ հեռու են այսօրվա հայկական եւ, առավել եւս, հայաստանյան իրականությունից։

Հոդվածից, մասնավորապես, պարզվում է, որ «ներկա ավազակախմբի» համար իշխանության գալը ինքնանպատակ էր։ Մինչդեռ, իսկական հեղափոխական դաշնակցականների համար հեղափոխությունը սոսկ միջոց է այն նպատակի համար, որն իրագործվելու է իշխանության գալուց հետո։ Հենց այդ պատճառով է, որ Դաշնակցությունը չպիտի հրաժարվի իշխանության բռնազավթման գաղափարից։

Սակայն ինչպես հասնել իշխանության՝ այդ լուսապայծառ, բաղձալի նպատակին։ Հեղինակը, թեկուզ եւ մեծ չկամությամբ, ընդունում է, որ, պարզվում է, գոյություն ունի խաղաղ, խորհրդարանական ճանապարհ։

Սակայն այդ ճանապարհի հետ պրն Հովհաննիսյանն առանձին հույսեր չի կապում։

Այնինչ, փոփոխություններն ու ցնցումներն անհրաժեշտ Են։ Ի՞նչ անել։ Արմատական հեղափոխականի պատասխանը պատրաստ է՝ դիմել ուժային մեթոդների, շրջանցել օրենքները, որոնք «խանգարում են»։

Դաստիարակչական տեսակետից դա բավականին հետաքրքիր է հնչում։ Դաշնակցության ղեկավարներից մեկը սովորեցնում է մարդկանց, որ կարելի է շրջանցել օրենքները, չհասկանալով, երեւի, հանրահայտ ճշմարտությունը. ով քամի ցանի, փոթորիկ կստանա։ Այսինքն, եթե վաղը նրա կուսակցությունը հայտնվի իշխանության ղեկի մոտ եւ ինչ-որ մեկին դուր չգա, ապա այդ «ինչ-որ մեկը» կարող է վարվել ճիշտ նույն ձեւով։ Հայաստանն, այդպիսով, թեւակոխելու է պերմանենտ, արյունալի հեղափոխությունների դարաշրջան…

Հեղինակը չի թաքցնում իր դժգոհությունը այն հանգամանքից, որ նման հեղափոխական մոտեցումն ունի, ավաղ, հակառակորդներ։ Ինչ խոսք,

իրատեսական մոտեցում է։ Առաջին հերթին դրանք այն մարդիկ են, որոնք

վախենում են եւ չեն ընդունում ցնցումներ: Նման հակառակորդներն, անշուշտ, վտանգավոր են՝ այդ ստահակները խեղաթյուրված կարծիք են ստեղծում հեղափոխության մասին։ Բայց դրանք, ի վերջո, այնքան էլ վախենալու չեն: Պրն Հովհաննիսյանի տեսանկյունից կան ավելի մեծ տրամաչափի տականքներ, որոնք կարծում են, թե քաղաքական գործիչների եւ նրանց կուրսի ճշմարտացիությունը որոշվում է «ձայների մեծամասնությամբ»։ Այ, նմանները,իսկապես, վտանգավոր են։

Բնական հարց է ծագում՝ ինչո՞ւ։ Չէ որ հաճելի է մեջքիդ հետեւում զգալ մեծամասնության աջակցությունը, իմանալ, որ կյանքի ես կոչում նրա հույսերն ու իղձերը։ Կասկած է առաջանում, որ դա հեղինակին դուր չի գալիս լոկ այն պատճառով, որ նա, ինչպես եւ նրա կուսակցությունը, նման աջակցություն չի զգում։ Հույս չունենալով այն ձեռք բերելու, գնում է

հեղափոխության ճանապարհով։ Իհարկե, այդ ճանապարհի վրա մի քանի հազար հոգի կկոտորվի։ Սատանան նրանց հետ։ Կարեւորն այն է, որ անբիծ կմնան ազգային, բարձր իդեալները։

Ի դեպ, որոնք են այդ իդեալները։ Ավաղ, հոդվածը այդ հարցին փոքրիշատե բանական պատասխան չի տալիս: Նշվում է միայն, որ հայերն ունեն ազգայնի արժեքներ եւ մշակույթ։ Դա կասկածից վեր է, այնուամենայնիվ, հետաքրքիր է իմանալ. ինչի համար է պետք մեռնել։ Ինչպիսի պայծառ ապագայի համար։

Հեղինակը համոզված է, որ ՀՀՇ-ի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ իրագործված դաշնակցական հեղափոխությունը կարդարացվի ժողովրդի եւ պատմության կողմից։ Ճիշտ նույն ձեւով կարդարացվեր հեղափոխությունն ընդդեմ Ստալինի կամ Հիտլերի։ Տեղին է հարցնել՝ ինչու Դաշնակցությունը, որն, ինչպես հայտնի է, գոյություն ուներ նաեւ Ստալինի ժամանակաշրջանում, նրա դեմ, այնուամենայնիվ, ոչ մի հեղափոխություն էլ չձեռնարկեց։ Ուժե՞րն էին պակասում, թե՞ ենթադրում են, թե այսօրվա Հայաստանի իշխանություններն են թույլ։ Ուրեմն, միայն ուժն են հարգում։ Ուրեմն, թող չզարմանան, երբ նրանց դեմ ուժ է կիրառվում։

Չհարգելով մեծամասնության կարծիքը, Է. Հովհաննիսյանը վկայակոչում է ինչ-որ «ազգային դատավորի», որը պետք է որոշի նրա կուսակցության եւ ՀՀՇ-ի պատմական վեճը։ Ո՞վ է այդ դատավորը։ Ամբողջ ա՞զգը։ Բայց, այդ դեպքում ստացվում է հենց այն «ձայների մեծամասնությունը», որը նրա համար ընդունելի չէ։ Գուցե ազգի այն մասը, որն ընդունում է «ազգային արժեքները» միայն Դաշնակցությա՞ն մեկնությամբ։ Ուրեմն, ստացվում է, որ դաշնակցականները որպես «ազգային դատավոր» առաջ են քաշում իրենց։

Հետաքրքիր է այն խոստովանությունը, որ այդ «դատավորը» (այսինքն ՀՅԴ-ն) ունի լուրջ ընդդիմախոս՝ ի դեմս նրանց, ովքեր պաշտպանում են համամարդկային արժեքները։ Հասկանալի է, իհարկե, որ պրն Հովհաննիսյանի նման հետեւողականի համար «համամարդկային արժեքները» հայհոյանքի նման մի բան են։ Սակայն, ինչո՞վ է հեղինակը բացատրում իր խիստ բացասական վերաբերմունքը այդ արժեքների նկատմամբ։ Պարզվում է, որ դրանք հակասում են «ազգային արժեքներին»։ Փոքր-ինչ ավելի կրթված հոդվածագրին հնարավոր֊ կլիներ, երեւի, բացատրել «ազգային» եւ «համամարդկային» փիլիսոփայական հասկացությունների դիալեկտիկական կապը։ Այս դեպքում բանավեճն անիմաստ է։

Այնուհետեւ հեղինակը պնդում է, թե «Վարդան-Վասակ» պատմական վեճն այսօրվա Հայաստանում շարունակվում է։ «Վարդանը», բնականաբար, ՀՅԴ-ն է, «Վասակը», իհարկե՝ ՀՀՇ-ն։ Ցավոք սրտի, այսօր «վասակները» հաղթում են, որի պատճառով էլ երկրում ստեղծվեց «ապազգային մթնոլորտ»։

Փորձենք առանձնացնել այն փաստարկները, որոնցով Է. Հովհաննիսյանը փորձում է ապացուցել ՀՀՇ-ի «վասակությունը».

ա) ՀՀՇ-ն կոչ է անում «ներել թուրքերին», դրանով իսկ վիրավորելով մեր ազգային արժանապատվությունը,

բ) ՀՀՇ-ն ստեղծում եւ բազմացնում է տարբեր տեսակի աղանդներ,

գ) ՀՀՇ-ն, հանուն Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հետ դաշինքի, ուզում է կորցնել այնպիսի դաշնակիցների, ինչպիսիք են Ռուսաստանն ու Իրանը,

դ) ՀՀՇ-ն, հանուն նավթատարի, ուզում է ծախել եւ դավաճանել (կամ, գուցե, սկզբից դավաճանել, հետո ծախել) Ղարաբաղը։

Այսքանը։ «Վասակության» այլ ապացույցներ չեն բերվում։ Եվ, իհարկե, այդ բոլորին ՀՅԴ-ն ասում է «ոչ», իսկ ՀՀՇ-ն՝ «այո»։ Բնականաբար, ցանկալի կլիներ ստանալ նման պնդումների որեւէ ապացույց։ Սակայն բոցավառ հեղափոխականները չեն ապացուցում, նրանք համոզում են։ Չնայած առանց փաստերի համոզվելը բավականին դժվար է։

Ընդհանրապես, պրն Հովհաննիսյանի հետ վիճելը դժվար է։ Հույզերի հետ չեն վիճում։ Դա բոլորովին այլ ոլորտ է, որտեղ տիրում են սպիտակ խալաթներով մարդիկ։

Վերջին կարեւոր հանգամանքը։

Հեղինակը կարծում է, որ ուժեղներն են հնարել օրենքները՝ թույլերին իրենց կամքը թելադրելու համար։ Այդ պատճառով, ուժեղին օրենք է պետք, իսկ թույլին՝ հեղափոխություն՝ այն շրջանցելու համար։ Իրականում, ամեն

ինչ ճիշտ հակառակ ձեւով է. օրենքը պետք է հենց թույլին՝ ուժեղի կամակորությունները կանխելու համար։ Քանի դեռ ՀՅԴ-ն (թույլ կողմը) այդ

ճշմարտությունը չի ըմբռնում, այն միշտ ձգտելու է խախտել օրենքը եւ երբեք չի դառնա մի ուժ, որի հետ արժե հաշվի նստել։

Ենթադրում եմ, որ այս վերջին դատողությունը պրն Հովհաննիսյանը նույնպես չի հասկանա։ Նա Իլֆի եւ Պետրովի «պիկեից բաճկոնների» նման ապրում է հորինված, ֆանտաստիկ աշխարհում։ Եվ նրա բոլոր դատողությունները ոչ այլ ինչ են, քան սիրած թեմայի վարիացիաներ. «Չեռնոմորսկը            կհայտարարվի

ազատ քաղաք»։ ՚

Մենք սովոր ենք, որ գրականության մեջ հանդիպում են գրաֆոմաններ։ Նրանց ներողամտաբար են վերաբերվում, բայց աշխատում են չտպել։ Պարզվում է գրաֆոմաններ կան նաեւ քաղաքականության մեջ։ Ինչ է մնում նրանց, եթե ոչ միանալ մեր տնաբույս «պիկեից բաճկոններին», որոնք հավաքվում են «Կարապի լճի» մոտ։ Կարապներն ու բադերը մարդիկ չեն, զազրախոսություններից չեն հոգնում։

Ա. ԲԱԳՐԱՏՈՒՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930