Միջազգային հումանիտար կազմակերպությունների գործունեությունը քաղաքակրթության մի նոր չափանիշ է, որը մերժում է կրոնական, էթնիկ եւ ռասսայական ցանկացած խտրականություն։ Հումանիտար ծրագրերի իրագործումը կոչված է օգնելու կարիքավորներին՝ անկախ վերը նշված գործոններից։ Միջազգային կազմակերպությունների գործունեությունը 20-րդ դարում երկու պատերազմներից հետո որակական փոփոխությունների ենթարկվեց։ Երկրորդ պատերազմից հետո տուժած երկրների վերականգնման ու զարգացման համար, ինչպես նաեւ ազգերի ու պետությունների միջեւ նոր հարաբերություններ ձեւավորելու նպատակով, անհրաժեշտություն առաջացավ խոշոր, ազդեցիկ միջազգային կազմակերպությունների ստեղծումը, որոնք իրենց գործելակերպով ու գաղափարներով էապես տարբերվում էին նախորդներից։ Մյուս որակական փոփոխությունը իրականացավ սառը պատերազմի ավարտից հետո, երբ ձեւավորված նոր աշխարհաքաղաքական վիճակը պահանջում էր համարժեք փոփոխություններ այս կազմակերպությունների գործունեության մեջ: Դրանցից շատերը չեն համակերպվում նոր պայմաններին ու գտնվում են գաղափարական ճգնաժամի մեջ։ Օրինակ, վիճելի է ՆԱՏՕ-ի դերը կոնֆլիկտների լուծման հարցում, կամ ինչպիսին պետք է լինի լիազորությունների բաշխումը նրանց միջեւ. սրանք հարցեր են, որոնց լուծումը դժվար է ու պայմանավորված բազմաթիվ գործոններով։
Փախստականների հարցերով Գերագույն կոմիսարիատը այսօր օգնություն է ցույց տալիս մոտ 27 մլն մարդու: ՄԱԿ-ի կազմում գործող այս կազմակերպությունը առաջին անգամ ստիպված եղավ աշխատել արտակարգ իրավիճակներում Պարսից ծոցի պատերազմի ժամանակ՝ մոտ 2 մլն քրդերի մասսայական գաղթի օրերին: Եթե մինչ այդ հումանիտար ծրագրերը իրականացվում էին «պլանային» կարգով, այն ժամանակ պահանջվեց գործել էքստրեմալ պայմաններում, որը պահանջում է նյութական եւ ֆինանսական հսկայական միջոցներ: Դրանց հայթայթումը բավական դժվար խնդիր է, որովհետեւ ամենամարդասիրական ծրագրերն անգամ քննարկվում, են քաղաքական տեսանկյունից։
Մյուս հումանիտար ճգնաժամը նախկին Հարավսլավիայում ծագած պատերազմի արդյունք էր։ Եվրոպայի կենտրոնում սկսված պատերազմը պատճառ դարձավ 100 հազարավոր մարդկանց տեղահանմանը, քաղաքների եւ բնակեցված տարածքների շրջափակմանը, միջազգային էմբարգոյի հաստատմանը։ Հումանիտար կազմակերպությունները աշխատում էին այս պայմաններում ու անկախ բոլոր դժվարություններից մարդկանց հարկավոր էր օգնել։
Անընդհատ գործելով էքստրեմալ պայմաններում հումանիտար կազմակերպությունները փոփոխություններ մտցրին իրենց ստրատեգիական ծրագրերում։ Եթե նախկինում միջազգային կազմակերպությունները հակված էին գաղթականներին նոր ապաստան տրամադրելուն, ապա այժմ դարձել են շատ բծախնդիր։ Սա օրինաչափ է, որովհետեւ տարեցտարի ավելանում է կարիքավորների թիվը։ Միայն Անդրկովկասում ղարաբաղյան հակամարտության, վրաց-աբխազական կոնֆլիկտի արդյունքում օգնություն է հատկացվել մոտ 2 մլն փախստականների։ Սակայն մարդկանց այս կոնտինգենտը չի կարող գոյատեւել միանվագ օգնությունների միջոցով, որքան էլ դրանք մեծածավալ լինեն։
Կարդացեք նաև
Եթե քաղաքակրթության ներկայիս մակարդակը ինչ-որ ձեւով կանխում է խոշոր պատերազմների ծագումը, ապա լոկալ ընդհարումները, հակամարտությունները հաճախացել են: «Լոկալը» շատ հաճախ հարաբերական է, որովհետեւ արդյունքում միլիոնավոր մարդիկ են դառնում անօթեւան, գաղթում իրենց բնակության վայրերից։ Այս խնդիրը պահանջում է նոր լուծում, նոր մոտեցումներ, հակառակ դեպքում դրանք վերածվելու են խոշոր ճգնաժամի։
Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ