Ռուսաստանի առաջիկա ընտրությունները հետաքրքիր են նաեւ այն տեսանկյունից, թե մեր ժամանակներում ինչ էլեկտորատ կարող են ունենալ գաղափարախոսություններն ընդհանրապես։ Մեկնաբանները Լեհաստանում Կվասնեւսկու հաղթանակը համարում են պրագմատիզմի հաղթանակ։ Նա խոսում էր ոչ թե իդեալներից, այլ տարբեր խավերի եւ խմբերի կոնկրետ շահերից։ Թե հասարակության ինչ վիճակի հայտանիշ է այս հանգամանքը, կարելի է միայն ենթադրել։ Լեհաստանում տնտեսական եւ քաղաքական կայունացումն արդեն ավելի ամուր հիմքեր ունի, իսկ քաղաքացիական հասարակության ձեւավորումն արդեն անդառնալի է: Լիովին տարբերակված կոնկրետ շահերի առկայության պայմաններում պրագմատիզմը կարող է դառնալ հաջողության գրավական։
Այլ է իրավիճակը Ռուսաստանում։ Երբ հասարակության մեջ մեծ տոկոս է կազմում չքավոր զանգվածը, այն է՝ խորը բեւեռացում. անխուսափելի է գաղափարախոսությունների արդիականությունը։ Իսկ գաղափարախոսությունների բովանդակությունն արդեն կապված է տվյալ ժողովրդի մենթալությունից։ Ռուսաստանում, իհարկե, արդիական են կարոտախտի եւ կայսերական թեմաները: Մյուս կողմից, այս թեմաները չեն հակասում Ռուսաստանի քաղաքական վերնախավի աշխարհաքաղաքական նկրտումներին։ Խոսքը հատկապես կայսերականության մասին է։ Դժվար թե Ռուսաստանում որեւէ «Կվասնեւսկի» հաղթի: Եվ ոչ միայն այսօր չի կարող հաղթել, այլ մոտ ապագայում մինչեւ նոր աշխարհակարգի բյուրեղացումը։ Իսկ վերջինս կկայանա միայն այն դեպքում, երբ Ռուսաստանը բավարարի իր աշխարհաքաղաքական նկրտումները եւ ինտեգրացվի համաշխարհային տնտեսությանը։
Իսկ Հայաստանը, որպես Ռուսաստանի ազդեցության ոլորտում գտնվող երկիր, դեռ բազմաթիվ վնասներ եւ օգուտներ կարող է կրել գաղափարականացված Ռուսաստանից։ Էլ չասենք, որ Հայաստանն ինքը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու ներքին կյանքում՝ իրական պրագմատիզմի հասնելու համար։
Վահրամ ԲՐՈՒՏՅԱՆ