Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նորագույն «շուկայական» կեղծիքներ

Նոյեմբեր 24,1995 11:49
jenya

Պարզվում է, կառավարության հասցեին մեղադրանքներն առ այն, որ պետբյուջետային աշխատողները չեն կարող վերարտադրել իրենց աշխատուժը աշխատավարձի հաշվին (նրա խորհրդանշական բնույթի պատճառով), ոչ այլ ինչ է, քան մարքսիստական մտածելակերպի դրսեւորում։ Համենայնդեպս, այդպես է կարծում վարչապետը, եթե դատելու լինենք խորհրդարանականների հարցերին նրա պատասխաններից։ Վարչապետի կարծիքով, աշխատուժի, որպես ապրանքի, գինը որոշվում է բացառապես պահանջարկով, որը պետական ծառայողների համար հաստատվում է բյուջեով։ Քանի որ նրանց մեծամասնությունը միամտաբար կարծում է, թե նրանց աշխատանքը հասարակական պահանջարկ է վայելում, եւ հետեւաբար, աշխատավարձը պետք է ապահովի տարրական կեցությունը, այդ մարդիկ որոշ չափով մարքսիստներ են։ Հավանաբար, նման մտածելակերպ ունեն նաեւ բոլոր այն մարդիկ, որոնք որպես գործունեության ոլորտ ընտրել են պետական ծառայությունը։ (Բացառված չէ նաեւ՝ կառավարության անդամները):

Ինչպես էլ մենք այսօր վերաբերվենք Մարքսին, նա, ասում են, վատ տնտեսագետ չէր։ Այո, աշխատանքը ապրանք է, եւ, ինչպես ցանկացած ապրանք, այն ունի իր ինքնարժեքը եւ իր շուկայական գինը, որը ձեւավորվում է առաջարկ-պահանջարկ մեխանիզմում։ Սակայն, ամբողջ ցավն այն է, որ այդ մեխանիզմը մեզանում դեռեւս չի ձեւավորվել։

Ինչ խոսք, շատ տրամաբանական է. քանի որ առաջարկը մի քանի անգամ գերազանցում է պահանջարկին, ուրեմն այդ գործոնի հետ կարելի է ընդհանրապես հաշվի չնստել։ Դա է հայրենական աշխատանքի շուկայի առանձնահատկությունը, որը (եկեք գոնե դա խոստովանենք) փոքր-ինչ աննորմալ է։ Սակայն, այդ դեպքում մեր շուկայական հարաբերությունների կողմնակիցը պետք է հրաժարվի խորիմաստ բացականչություններից, թե՝ ժողովուրդն ապրում է այնպես, ինչպես աշխատում է։ Տրամաբանական է ընդունել նաեւ հակառակ եզրահանգումը. շուկայական հարաբերությունների պայմաններում ժողովուրդն աշխատում է այնպես, ինչպես նրան վճարում են։ Անշուշտ, աշխատուժի էժանությունը անցումային    շրջանի առանձնահատկություններից մեկն է, սակայն չարժի, հավանաբար, այս շրջանում պահանջարկը դարձնել դրոշ, ազատվելով այսպիսով աշխատանքի ավելի բանական կազմակերպման եւ խթանման խնդիրների լուծումից։

Հակառակ դեպքում ստացվում է, որ դասական «ամեն մեկին՝ ըստ հնարավորությունների» սկզբունքը փոխարինվում է կեղծ շուկայական «ամեն մեկը՝ իր հնարավորությունների չափով» կարգախոսով, որը եւ կձեւավորի հասարակության վերաբերմունքը աշխատանքի նկատմամբ։ Իսկ աշխատանքը, որպես ապրանք, ունի ոչ միայն քաղաքական եւ սոցիալական, այլեւ տնտեսական նշանակություն։ Որքան մեզ հայտնի է, բարձր պետական պաշտոնյաները նույնպես բյուջետային աշխատողներ են։ Սակայն նրանք չեն համարձակվում բարձրացնել իրենց աշխատավարձը եւ համապատասխանեցնել այն իրենց աշխատանքի քանակի, որակի եւ պատասխանատվության մակարդակին, ձեւ անելով, որ բավարարվում են ամսական 10-15 դոլարով։ Ինչը նույնքան ուտոպիստական է, որքան մարքսիզմ-լենինիզմի դասականների ուսմունքը կամ մեր գերժողովրդավարների կոչերը՝ բարձրացնել բոլոր աշխատավարձերը մի քանի անգամ։

Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930