Լրահոս
Օրվա լրահոսը

Որտեղ են փչում քամիները

Նոյեմբեր 23,1995 10:56
jenya

Կառավարության հերթական վաղաժամ վախճանի մասին լուրերը, որոնք մեծ ջանասիրությամբ շրջանառության մեջ էին դրվել աշնան սկզբին, փոքր-ինչ չափազանցված դուրս եկան։ Ըստ ամենայնի, Բագրատյանի թիմը, որն արդեն երկարակեցության տեղական ռեկորդ է սահմանել, պահպանում է իր դիրքերը եւ, հավանական է, ունի ոչ վատ հեռանկարներ։ Պարզ է, որ կառավարության շուտափույթ հրաժարականի մասին վարկածները պատահաբար չեն հայտնվել, դրանք ինչ-որ չափով արտացոլում էին իրական հակասությունները, որոնք, ինչպես դա սովորաբար լինում է, առաջացել են հաղթողների շարքերում այն բանից հետո, երբ հաղթական խանդավառությունը սպառվել էր։

Կառավարությունը, որը տվյալ ժամանակաշրջանում աշխատում էր ոչ ավելի լավ, ոչ էլ ավելի վատ, քան սովորաբար, իսկ քննադատությունն անսովոր էր լոկ այն իմաստով, որ հնչում էր «յուրայիններից»։ Հանրապետությունը ընտրություններից հետո որակապես նոր քաղաքական փուլ է ապրում, երբ վերադասավորվում են ուժերը եւ տրոհվում են շատերը, որոնք ժամանակին միասնական էին։ Եվ այստեղ, իսկապես, կարելի է որոշ հավանականությամբ խոսել, թե որտեղից են փչում քամիները։ Սակայն, որտեղ են դրանք փչում, ավելի բարդ հարց է, եւ այստեղ մակերեսային եզրակացությունները ժամանակավրեպ են։

Իմ կարծիքով, շատ հավանական է, որ տվյալ դեպքում մենք գործ ունենք տեղեկատվության կազմակերպված արտահոսքի հետ, եւ հրաժարականի ուրվականը հատուկ միտումով էր թափառում իշխանության միջանցքներում։ Հավանաբար, դա էր ետընտրական հավակնությունները հարթելու լավագույն միջոցներից մեկը, մի կողմից կառավարությունը չկատարեց չափից դուրս լավատեսական նախընտրական խոստումները, մյուս կողմից՝ քաղաքական զինակիցների անսահմանափակ դժգոհությունը կարող էր բերել իշխանության ճգնաժամի, որը ներկա իրավիճակում պարզապես զավեշտական կթվար։

Բացի այդ, տեղեկատվության արտահոսքը բյուրեղացրեց եւ բացահայտեց իշխանության վերնախավի դիրքորոշումները, ինչն բոլոր դեպքերում, օգտակար գործընթաց է։ Եվ վերջապես, հասարակ մահկանացուներին հասկացրեցին, որ ազգի հայրերը ձեռքը պահում են կյանքի զարկերակի վրա եւ պատրաստ են զոհաբերել ցանկացած զինակցի՝ հօգուտ ժողովրդի բարգավաճման եւ այլ ծանրակշիռ պատճառաբանությունների։

Ճիշտ է, վերը շարադրվածը նույնպես առանձին մարդու սուբյեկտիվ հայացքն է մի խնդրի վրա, որը բարդ է եւ բազմակողմանի։

Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930