Անվանի արձակագիր եւ հրապարակախոս Վարդգես Պետրոսյանը տարիների բարեկամություն է ունեցել աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանի հետ։ Հուշի այս պատառիկը, որ ձեզ է ներկայացնում մեր աշխատակից Սարո Գյոդակյանը, Վարդգես Պետրոսյանը թղթին է հանձնել 81-ի մայիսյան այն օրերին, երբ մեր ժողովուրդը Անմահություն էր ճանապարհում տարագիր իր զավակին…
Տպագրելով այն, միաժամանակ մեր հարգանքի տուրքն ենք մատուցում հայազգի այդ երկու երեւելիների լուսե հիշատակին։
1978թ. հոկտեմբերին նա եկավ Հայաստան։ Այդ օրերին մենք նշեցինք նրա սքանչելի հոբելյանը (դրանից երկու տարի առաջ մենք էինք հրավիրել, որ նա իր նախահայրերի տանը լիներ նաեւ սեփական 70-ամյակի օրերին): Նա չուզեց հոբելյանական շքեղ հանդիսություն, մի բան, որ նա յոթնապատիկ էր վաստակել ստեղծագործական եւ մարդկային իր տառապանքի ազնիվ պտուղներով։
Ես չեմ մոռանա, թե նա ինչ զարմանքով էր լսում, երբ պատմում էի իմ ծննդավայրի՝ Աշտարակ գյուղի մարդկանց հին սովորությունը: Երբ ինչ-որ ուրախալի բան էր պատահում, նրանք բարձրանում էին գերեզմանատուն, որ լուր տային այն աշխարհ գնացած հարազատներին։ Մենք երկար շրջեցինք Աշտարակի գերեզմանատան քարերի մեջ, եւ ամեն քար նրա համար ապրող մարդ էր. «Ափսո՛ս, որ չեմ հանդիպել իրեն»,- ասում էր նա մաքուր տխրությամբ։ Հիշում եմ, Սարո յանը երկար կանգնեց Ներսես Աշտարակեցի կաթողիկոսի հոր եւ մոր տապանաքարերի առաջ, երեւի ճիշտ այն տեղում, որտեղ 150 տարի առաջ չոքել էր ՆԵրսեսը եւ խոսել իր հոր հետ։
Կարդացեք նաև
Վիլյամ Սարոյանի այն գրքերում, որ ես բախտ եմ ունեցել կարդալու, միայն մի դառը տող եմ հանդիպել։ Դա պատմվածքս էր Անդրանիկ Զորավարի մասին, ավելի ճիշտ հուշ՝ կարճատեւ մի հանդիպման, որ հավանորեն Զորավարի ամենավերջին զրույցներից մեկը եղավ։ Մոտավորապես եմ հիշում բառերը. «Մի քանի շաբաթ անց Զորավարը մեռավ։ Եվ լավ էր. այս աշխարհը նրա նման մարդկանց համար չէր»։ Պատմվածքի մի քանի էջի վրա Սարոյանը կարողացել էր ստեղծել դիմանկարը մի մարդու, որ աշխարհ էր եկել հայր, սերմնացան ու բանաստեղծ լինելու, բայց սուր վերցրեց անողորմ ճակատագրի դեմ, իր մեջ սպանելով հորը, սերմնացանին, բանաստեղծին։ Եվ ո՞վ տեսավ Անդրանիկի մենակությունը, ո՞վ լսեց նրա ցավատանջ լռությունը, ո՞վ կիսեց նրա անքուն գիշերը։ Ոչ ոք, որովհետեւ նա զինվոր էր։
Վիլյամ Սարոյանը շրջել էր ամբողջ աշխարհը, նա բնակարան ուներ աշխարհի մի քանի քաղաքներում, բայց մենք գիտեինք, ինքն էր ասում, որ Հայաստանը իր հոգեկան քարտեզի ամենագլխավոր կետն է եւ, ուր էլ որ եղել է, ինքը միշտ «պոռացել է Հայաստան»։ Աշխարհին հայտնի է նրա խոստովանությունը. լեզուն, որ գրում եմ, անգլերենն է, միջավայրը, նյութը, որից հերոսներ եմ քաղում՝ Ամերիկան, բայց ոգին, որ թելադրում է ինձ գրելու, Հայաստանն է։ Ամերիկացի նրա հերոսների մեջ անգամ դժվար չէ կռահել հայ ժողովրդի հոգու դիմագծերը, որովհետեւ բոլոր այդ հերոսները հենց ինքն էր՝ բիթլիսցի Թագուհու եւ Արմենակի զավակ Վիլյամ Սարոյանը, եւ նրա սիրտը լեռներում էր…