Կարդալով վերնագիր դարձած այս թեւավոր խոսքը եւ տեղեկանալով, որ այն վերաբերում է Հայաստանի բնակչության արտահոսքի նվազմանը, բոլոր թերահավատները կըմբոստանան։ Որպեսզի նրանց վերջնականապես զայրացնեմ, միանգամից ամրագրեմ նաեւ մտահանգումս, ոչ միայն արտահոսքն է նվազել, այլեւ ներհոսք է նկատվում։ Քանի որ այս հայտարարությամբ իմ ու ընթերցողների շրջանակը զտվեց, այսինքն զայրացածները դադարեցրին ընթերցումը, ամենահետաքրքրասերների համար մեկնեմ ինձ հանդիպած տվյալներն ու դեպքերը։ Մոռացա զայրացած ընթերցողներին մի լրացուցիչ փաստով էլ զինել. որ ես ձեռքիս վիճակագրական ոչ մի ապացույց չունեմ։ Բայց, քանի որ ուշ է, նրանք արդեն կորցրել են մի ավելորդ անգամ չարախնդալու առիթը, լավ է հիշյալ երեւույթի մասին տեղեկացնեմ սրտամոտ ընթերցողներիս։
Ափսոսում եմ, բայց ես իրոք պաշտոնական ոչ մի վկայություն չունեմ այն մասին, որ Հայաստանում մեծ արտագաղթի ժամանակաշրջանն ավարտվել է, եւ սկիզբ է առել մեծ կայունության փուլը։ Այսինքն, թե կարող ենք հաղթանակած գոչել «Մեռավ մեծ Պանը»։ Տեղեկություններս բավականաչափ տարտամ են։ Ահա այսպիսի, հեռանալու հովեր ունեցողները 80 տոկոսից այժմ, հաշվվում են 50 տոկոս։ Թե որքան է արտագաղթածների ստույգ քանակը, ոչ ոք չի ուզում ասել։ Պաշտոնական լրատվությունը (ո՛չ վիճակագրությունը) հրամցնում է մի քանի հարյուր հազարի անորոշ սահմանը։ Ընդդիմադիր վիճակագրությունը (ո՛չ լրատվությունը) մատնանշում է մեկուկես միլիոն հրեշավոր թիվը։ Հավանաբար, ճշմարտությունը դեգերում է
այս երկուսի վիթխարի միջակայքի որեւէ խորխորատում եւ մտադիր չէ երեւան գալ։ Աստված իր հետ: Իհարկե զգում եմ, որ վերջին արտահայտությունս սրբապղծության հանգ ունի: Ինչպես կարելի է խաչ քաշել այն մարդկանց վրա, ովքեր քո ակունքից են սերում եւ քո պատկերն ունեն: Այն մարդկանց վրա, ում տեղն այս հողում միշտ ազատ է մնալու, որքան էլ խտա-հոգսաբնակ լինի այն։ Այս երեւութական անտարբերության պատճառն այն է, որ իմ համոզմամբ, Հայաստանի սահմանները լքողներն ամենեւին էլ այս երկրի անճարները չեն։ Նրանց համար պետք չէ մղկտալ ու ախ քաշել։ Վերջիվերջո, նրանց գերակշիռ մասի համար այս վերջին հողակտորի ապագան «ապագա» չէ:
Իսկապես, տարբերությունը զգալի է: Արեւմուտքի ջատագովները գնում են ետ նայելով, բայց ոչ ետ գալու նպատակով։ Իսկ մերձավոր՝ «խորհրդային» արտասահմանի ճամփորդները գնում են ծուռ վզով, ներհակ զգացումներով եւ վերադառնալու անկեղծ խոստումներով: Արտագաղթը մի տարատեսակ էլ ունի։ Գնում են ամբողջ ընտանիքով կամ բաժան-բաժան։ Բազում են այն ընտանիքները, որոնք հայաստանյան դաժան ձմեռներից, նաեւ քաղցի ճիրաններից խույս տալու համար այդպես ժամանակավոր բնակություն են հաստատում արտասահմանում: Հասկանալ՝ մերձավոր- ռուսականում։ Որովհետեւ հայտնի է, որ արեւմտյան երկրները «հյուրընկալության» իրենց չափանիշներն ունեն, որոնք չեն համապատասխանում մեր կենսակերպի յուրահատկություններին։ Նրանց պետք են մշտական ու հավատարիմ քաղաքացիներ, եւ ոչ թե փորը կշտացրած հայրենաբաղձ «երախտամոռներ»։ Սրանք, ըստ երեւույթին, առայժմ ձեռնտու են միայն հարազատ ռուսական գործընկերներին։ Համատեղ աշխատանքից ստացված շահույթը ուղիղ գծով հասնում է Հայաստան, մտնում տրոհված, բայց հուսավառ ընտանիքը: Այս ընտանիքն սկսում է աստիճանաբար հաղթահարել ոչ միայն հայաստանյան ձմեռները, այլեւ լցնել օրվա զամբյուղը եւ դեռ հոգեկան արթնացում վերապրել։ Բարեկեցության այս տեղաշարժը, ի դեպ, կատարվում է նաեւ ընտանիքի հայաստանաբնակ մասի շնորհիվ։ Առարկայական բազում գործոններին այժմ արդեն սերտաճել է նաեւ հոգեկան գործոնը՝ կարոտը։ Տրոհված ընտանիքները 4-5 տարվա բաժանումից հետո ձգտում են միավորվել, եւ միայն Հայաստանում։
Կարդացեք նաև
Մոսկվայում զգալի հարստություն կուտակած մի նախկին ճարտարագետի խոստովանությունը լսեցի, պատմելով, թե ինչպես է ազգային հատկանիշները (խելքը եւ դիմանալը) ծառայեցրել առեւտրական խոշոր գործարքներին՝ հընթացս խույս տալով ռեկետի հետապնդումից, նա միաժամանակ ընդգծեց, որ Հայաստանում երբեք նման միջոցների չէր դիմի: Իրեն փող է պետք եղել, որ հարստացած գա հայրենիք եւ ազնիվ կյանք սկսի։ Կգնի մի որեւէ ձեռնարկություն եւ իր վաղեմի մտահղացումներին իրական տեսք կտա։ Բացի դրանից, կզբաղվի դպրոցահասակ տղաների դաստիարակությամբ, նրանց «իսկական հայ» կդարձնի: Վերջերս իմացա, որ ծանոթս աճուրդներից մեկում ձեռք է բերել իր երազած գործարանը։ Ասում են՝ որպես գործընկերներ փնտրում է իր ճանաչած բոլոր լավ ճարտարագետներին, որոնք մեր օրերի թոհուբոհում հայտնվել են կյանքի հատակին։ Սա, անկասկած, ինձ հայտնի օրինակներից ամենավատն էր։ Բայց բոլորովին չի ստվերում նվազ հարուստների կամ նվազ երազողների վերադարձը: Երեւույթը, ցանկանք այն տեսնել թե ոչ, ընթացք է ստացել։
Հրաչուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ