Լրահոս
Օրվա լրահոսը

Ջեռուցվե՛ք, թե չէ վատ կլինի

Նոյեմբեր 22,1995 10:32

Առաջին ցրտերը մեր քաղաքացիներն ընդունում են ավանդական տագնապով՝ տաքանալու հոգսերն առանձնապես դրական հույզեր չեն առաջացնում։ Մանավանդ այն մարդկանց մեջ, որոնք բախտ (կամ էլ դժբախտություն) ունեն ապրելու կենտրոնական ջեռուցման ենթակա շրջաններում։ Անցած տարվա փորձը հաստատեց, որ նման ակցիայի կազմակերպիչները որոշակի ռիսկի են դիմում՝ ջեռուցման համար վարձի միայն 67 տոկոսն էր համալրել պետական գանձարանը։ Ընդ որում, իրական ծախսերի եւ վարձի միջեւ տարբերությունը ծածկվում էր պետության կողմից։ Ընդհանուր առմամբ բնակչության պարտքն այդ ուղղությամբ կազմում է 110 միլիոն, իսկ ձեռնարկություններինը՝ 30 միլիոն դրամ։

Այնուամենայնիվ, այս տարի նույնպես որոշել են ջեռուցել՝ 1 քառ. մետրի համար վերցնելով 657 դրամ, երբ ջեռուցման ինքնարժեքն է 1406 դրամ։ Տարբերությունը նորից պատրաստվում է վճարել պետությունը։ Սակայն դեռեւս պարզ չէ, թե ինչպես է կազմակերպվելու այդ ծառայությունը։ Հայտարարված է, որ ջեռուցում են ունենալու միայն նրանք, ովքեր փակելու են անցած տարվա պարտքերը, իսկ այս տարվա համար վճարելու են կանխավճար։ Միաժամանակ ջեռուցումից հրաժարվող քաղաքացիներին խստորեն սպառնացել են՝ զրկել հումանիտար նավթից։ Նման «ագրեսիվ սերվիսը» առանձնապես լավ բան չի խոստանում, ինչի մասին ասում են իրենք՝ ջերմային տնտեսության աշխատակիցները։ Նրանց կարծիքով, բնակիչները չեն մուծելու 75 տոկոսանոց կանխավճարը, որն անհրաժեշտ է որպես երաշխիք։ Իսկ անցած տարվա պարտքերի մասին խոսելն իսկ անիմաստ է՝ գնացքն արդեն գնացել է։

Փաստերը վկայում են, որ բնակիչներից շատերը, որոնց սպառնում են անպայման ջեռուցել, փորձում են հրաժարվել այդ թանկարժեք ծառայությունից, գերադասելով ձեռքի տակ ունեցած միջոցները։ Մեր համաքաղաքացիների մեծամասնության համար ավելի ձեռնտու է տաքանալ նավթով։ Սակայն ջեռուցողները համակված են գործունեության տենդով եւ խոստանում են ամենասարսափելի, ամենադաժան պատիժները նրանց, ովքեր այդ ծառայության համար չեն վճարելու՝ ընդհուպ մինչեւ դատ ու դատաստան եւ ունեցվածքի առգրավում։

Անհասկանալի է թերեւս մի բան. եթե բնակչությունը հրաժարվում է կենտրոնացված ջեռուցումից, ինչու է այն առաջարկվում նման հրամայական տոնայնությամբ։ Գուցե իսկապե՞ս ջեռուցողներին հուզում է բնակֆոնդի պահպանության խնդիրը։ Այդ դեպքում սեփականաշնորհված բնակարանների տերերին առաջարկում եմ հանել գլխարկները՝ նման ազնիվ եւ անշահախնդիր պոռթկումի առջեւ։

Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930