Հարցազրույց Հայաստանում ԱՄՆ-ի «Հայ ավետարանչական» եւ «Հույս Հայաստանի համար» բարեգործական ընկերակցությունների ներկայացուցիչ Վեր. Ռընե Ներսես Լեւոնյանի հետ
– Պրն Լեւոնյան, ինչո՞վ են զբաղվում այս երկու ընկերակցությունները։
– ԱՄՆ-ի «Հայ Ավետարանչական» բարեգործական ընկերակցությունը ստեղծվել է 1918թ. եւ գործում է ավելի քան 20 երկրներում, իսկ երկրաշարժից անմիջապես հետո կազմվեց «Հույս Հայաստանի համար» ընկերակցությունը։ Գրեթե մեկ տարի է, որ վերը նշված ընկերակցությունները գործում են Հայաստանում։ Մենք հիմնականում զբաղվում ենք կրթական, հոգեւոր եւ մշակութային խնդիրներով։ Մեծ են մեր կապերը դպրոցների եւ մանկապարտեզների հետ։ Ամռանը երեխաների համար կազմակերպել էինք ճամբարներ։ Մոտավորապես 1600 երեխաներ հանգստացան այնտեղ, որոնց հետ զբաղվում էին Լիբանանից, Կանադայից, Սիրիայից ժամանած սփյուռքահայ երիտասարդներ։ Երեխաներին ապահովում ենք հոգեւոր գրականությամբ։
Այստեղ մենք ունենք 4 գրասենյակ՝ Երեւանում, Գյումրիում, Վանաձորում եւ Ստեփանավանում։ Մեր բարեխնամության տակ են գտնվում շուրջ 1500 ընտանիքներ։ Մեր բարեգործները ամեն երկու ամիսը մեկ այդ ընտանիքներին ուղարկում են դրամ, սնունդ, հագուստ, որոնք բաշխվում են համապատասխան գրասենյակների կողմից։
– Ի՞նչ ակնառու միջոցառումներ եք ձեռնարկել։
– Մեր հիմնական նպատակներից մեկը եղել է մարդկանց համար զբաղմունք գտնելը։ Վերջերս Գյումրի քաղաքի մոտ 20 ընտանիքների հատկացրել ենք գորգ գործող սարքեր, որոնք այժմ զբաղվում են գորգագործությամբ։ Պատրաստի գորգերը ուղարկում ենք Ֆրանսիա՝ վաճառելու կամ էլ ցուցահանդես կազմակերպելու համար։ Ստեփանավանի մեջ մի քանի հողատարածքներ վարձել եւ հանձնել ենք գյուղացիներին՝ համապատասխան սերմերով։ Վանաձորում տեղադրել ենք կարի մեքենաներ։ Պոլիտեխնիկական ինստիտուտի հետ համագործակցված. Արագած լեռան վրա քամուց էլեկտրաէներգիա ստացող սարքավորում ենք տեդադրել, որը էլեկտրաէներգիա է մատակարարում Ծաղկահովիտի շրջանին։ Էրեբունի հիվանդանոցի մեջ գործում է ատամնաբուժարան՝ ֆրանսիական սարքավորումներով։ Վանաձորում մինչեւ նոյեմբերի վերջը կգործի եւս մեկ ատամնաբուժարան։
– Ի՞նչ կասեք Հայաստանում ներքաղաքական իրավիճակի մասին:
– Ինձ համար դժվար է, երբ կտեսնեմ, որ ներքին քաղաքական իրավիճակը հանգիստ չէ։ Թող խոսեն, գործեն բոլոր կուսակցություններն էլ, սակայն միմյանց միշտ հարգելով։ Կա մի սահման, որ երբեք չպետք է անցնել։ Եվ հետո, հարկավոր է դեմոկրատիայի պրոցեսը լավ եւ ճիշտ ընկալել։
Զրուցեց՝ Ռուզաննա ՍՏԵՓԱՆՅԱՆԸ