50 տարի առաջ գերմանական Նյուրնբերգ քաղաքում սկսվեց մի աննախադեպ դատավարություն՝ մարդկությունը դատապարտեց իր դեմ կատարած հանցագործությունները: Կախաղան հանվեցին նրանք, ովքեր երազում էին Մեծ Գերմանիայի մասին, ի վերջո կործանելով սեփական երկիրը:
Անշուշտ, ֆաշիստները «գաղափարի մարտիկներ» են։ Եթե մարդը պատրաստ է «հանուն գաղափարի» ոչնչացնել մեկ մարդու, նա կոչնչացնի հազարներ եւ միլիոններ։ Խանգարո՞ւմ են սլավոնները կամ հրեաները իրականացնել ազգային գաղափարախոսության խնդիրները, թող կորչեն աշխարհիս երեսից։ Չե՞ն ուզում գերմանացիները խրոխտ քայլել մեր քայլերգների ձայների տակ,
չե՞ն ուզում հորթի հրճվանքով լսել «ֆյուրերների» բոցավառ բարբաջանքները, չե՞ն բարձրացնում ձեռքերը եւ չե՞ն գոչում «Հայլ», ուրեմն, այդ «ապազգային տարրերի» տեղը գազախցիկն է։
Նյուրնբերգյան դատավարությունը դաս չեղավ ոչ մի ժողովրդի համար։ Այսօր էլ աշխարհի գրեթե բոլոր երկրներում դարչնագույնները ջահակիրների երթեր են կազմակերպում, կոչ են անում կախել «ներքին թշնամիներին» եւ «դավաճաններին», քարոզում են «ընտրյալ ազգի» ցնորական գաղափարները: Այսօր էլ են նրանք փորձում ոտնահարել մարդկային եւ, այո, ազգային արժանապատվությունը, փոխարինելով դրանք կույր ատելությամբ եւ մոլուցքով:
Ֆաշիզմն անմահ է, ինչպես անմահ են անասնական բնազդները, կույր ամբոխի բջիջը դառնալու մազոխիստական ցանկությունը, ինչպես նաեւ քաղքենիական գորշությունը, որն ընդվզում է անհատի եւ նրա նախաձեռնության դեմ ֆաշիզմը գլուխ է բարձրացնում այնտեղ, որտեղ այսպես կոչված մտավորականները չեն համարձակվում ըմբոստանալ նրա դեմ, վախենալով մարգինալ ամբոխի անվանարկումներից։ Ֆաշիզմը արգելել հնարավոր չէ: Այն պետք է ունենա իր տեղը հասարակության լուսանցքում, բայց երբեք չդառնա իշխող եւ ղեկավարող: Հակառակ դեպքում, վախճանը Նյուրնբերգն է
Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ