Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օրենսդրական նախաձեռնումների կիսադատարկ պայուսակը

Նոյեմբեր 21,1995 14:15

Երեկ ԱԺ եռօրյան բացվեց, ըստ ընդունված կանոնակարգի, 14.30-ին, եւ օրակարգի ընթերցումից ակնհայտ դարձավ, որ մեկ աշխատանքային օրվա կեսն էլ բավական է այն սպառելու համար: Վիճակն առավել դյուրացրեց Ռաֆայել Պապայանը, որն իր հանձնաժողովի անունից առաջարկեց «Հեղինակային իրավունքի մասին» օրենքի նախագծի վերջնական ընդունումը հետաձգել. պատճառաբանությունը, իրոք, պատկառելի էր՝ չլուսաբանված հարցերի անսպասելի առատություն, որը պահանջում է զօրուգիշեր լարված աշխատանք։ Այսպիսով, ԱԺ օրակարգում են. ա) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքը, բ) Կենտրոնական բանկի տարեկան հաշվետվությունը, գ) ԱՊՀ մասնակից երկրների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի ստեղծման պայմանագրի վավերացումը, դ) «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի նախագիծը։

ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանը հավաստեց, որ «օրենսդրական նախաձեռնությունների պայուսակը շուտով լցված կլինի, իսկ օրակարգը՝ գերծանրաբեռնված»։ Պատրաստի նախագծեր շատ կան, ողջ խնդիրը լեզվական եւ խմբագրական, միով բանիվ՝ տեխնիկական խնդիրներն են։

Շրջակա        միջավայրի պաշտպանությունը ապահովող օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ շատ արագ ընդունվեց՝ 141 կողմ, 2 դեմ, 16 ձեռնպահ։ Բնապահպանության հարցերը պատգամավորներին լուրջ մտահոգություն չէին պատճառում, Հրանուշ Հակոբյանի ելույթի ժամանակ դահլիճը գրեթե դատարկ էր։ Այնուհանդերձ, ուրախալի է, որ Հայաստանում նախատեսվում է արդյունաբերական նոր օբյեկտներ կառուցելիս դրանք ենթարկել բնապահպանական փորձաքննության։ Իսկ ցավալին այն է, որ դատելով մեր բյուջեից՝ մոտակա 5 տարիներին նոր օբյեկտների կառուցում չի նախատեսվում։ Գործելու են հին միավորները, որոնց բնապահպանական հուսալիության երաշխիքները այս օրենքը չի կանոնակարգելու։

Կենտրոնական բանկի հաշվետվությունը ներկայացնող Բագրատ Ասատրյանը իր խոսքում փաստեց, որ 1994 թվականին սղաճը Հայաստանում կազմել է 18,6 տոկոս, իսկ դրամի անկումը ընդամենը 5 տոկոս։ Դրա պատճառը Հայաստանի տնտեսություն ներհոսող, բայց չհաշվառվող արտարժութային մեծ պաշարներն են։ Ընդհանրապես, 1994-ը կարելի է համարել դրամավարկային քաղաքականության մշակման նախակարապետը։ Մեզ համար Կենտրոնական բանկը եւ դրամավարկային քաղաքականությունը նոր ասպարեզներ են, ուստի Բագրատ Ասատրյանը ակնկալում էր ինքնադրսեւորման լայն հնարավորությունների ընձեռում։ Համապատասխան օրենսդրական դաշտ այսօր կա, թեեւ հաջորդ զեկուցող՝ Արմեն Եղիազարյանի կարծիքով, «ԿԲ-ի մասին», «Առեւտրային բանկերի մասին» օրենքները կարոտ են լուրջ վերանայման։ Այժմյան հայաստանյան իրավիճակը բնորոշվեց որպես հետինֆլյացիոն՝ իր դրական եւ բացասական արդյունքներով։ 1996 թվականին դեֆլյացիայի լուրջ ծավալներ այլեւս չեն նախատեսվում, այսինքն՝ բյուջեի դեֆիցիտի վարկավորում էմիսիայի հաշվին չի կատարվելու։ Արտաշես Գեղամյանը փորձեց կասկածի ենթարկել մեր ետինֆլյացիոն տնտեսական բնորոշումը, երբ ԱՄՆ-ում ինֆլյացիան հասավ 12 տոկոսի, արձանագրվեց խոր ճգնաժամ։ Սակայն Արմեն Եղիազարյանի համոզմամբ, ամեն երկիր ունի իր համար տանելի (իմա՝ ազգային) ինֆլյացիայի տոկոսը։ Այնպես որ, մեր 16-18 տոկոսանոց արժեզրկումը խոր ճգնաժամային երեւույթների չի հանգեցնի։ Անհատ պատգամավորները եւ խմբակցությունները հրաժարվեցին իրենց հասանելիք խոսքից։ 151 կողմ, 1 դեմ, 8 ձեռնպահ ձայներով Կենտրոնական բանկի հաշվետվությունն ընդունվեց։

Այնուհետեւ խորհրդարանը վավերացրեց ԱՊՀ մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի ստեղծման գաղափարը՝ Հայաստանի համապատասխան մասնակցությամբ։ Նշենք, որ այս պայմանագիրը կնքվել է 1995թ. փետրվարի 10-ին եւ միայն Ադրբեջանն ու

Մոլդովան են, որ չեն վավերացրել այն։ Մյուս հանրապետությունները, չնայած վերապահություններին, համաձայն են հակաօդային պաշտպանության միացյալ տարածքի ստեղծմանը։ Մենք եւս համալրեցինք այդ պետությունների շարքը։

Աշխատանքային օրվա եզրագծին սկսվեց նաեւ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի նախագծի քննարկումը՝ երկրորդ ընթերցմամբ, որի ընդունումից հետո, հուրախություն բազմազբաղ պատգամավորների եւ լուսաբանող լրագրողների, պարզ դարձավ այսօրվա նիստի ավելորդությունը։ Չորեքշաբթի 16.30 ԱԺ-ի հարցերին կպատասխանի կառավարությունը։

Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930