Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչու պարտվեց Լեհ Վալենսան

Նոյեմբեր 21,1995 10:08

Եվ այսպես, նոյեմբերի 19-ին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ձայների չնչին տարբերությամբ, Նոբելյան մրցանակի դափնեկիր, հանրահայտ «Սոլիդարնոստի» ղեկավար Լեհ Վալենսան պարտվեց «ձախ ուժերի» ներկայացուցիչ 41-ամյա Ալեքսանդր Կվասնեւսկուց։ Դրանով Լեհաստանում ավարտվեց մի դարաշրջան, որը սկսվեց 1989թ., երբ երկիրը ազատագրվեց Խորհրդային կայսրությունից։ Առաջին հայացքից ձախերի այս աննախադեպ հաղթանակը կարող է պարադոքսալ թվալ մի երկրում, որտեղ ընդամենը 15 տարի առաջ ողջ ժողովուրդը ապստամբեց կոմունիստական իշխանության դեմ եւ հաջողության հասավ՝ ի հեճուկս Խորհրդային Միության, որի հզոր մեքենան կանգնած էր հեղինակազրկված այդ իշխանության մեջքին։ Լեհական «ձախերի» ֆենոմենը պայմանավորված է ե՛ւ օբյեկտիվ, ե՛ւ սուբյեկտիվ պատճառներով, որոնց առանձին վերլուծությունը, կարծում ենք, հետաքրքիր կլինի նաեւ հայ ընթերցողների համար։

Ինչպես Հայաստանում շարժումը 88-ին սկսվեց զուտ «Ղարաբաղի հարցով» եւ հետագայում ընդլայնվեց, ընդգրկելով հայաստանյան բոլոր խնդիրները, այնպես էլ լեհական «Սոլիդարնոստը» սկսվեց որպես զուտ բանվորական շարժում, եւ ապա վերաճեց համազգային լեհական շարժման։

Ինչպես «Ղարաբաղ» կմիտեն ձերբակալվեց — ամսով կոմունիստական իշխանության կողմից, այնպես էլ ձերբակալվեցին «Սոլիդարնոստի»

առաջնորդները 1981-ին՝ 11 ամսով։ Իսկ 1983-ին «Սոլիդարնոստի» ղեկավար Լեհ Վալենսան դարձավ Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ «խաղաղության համար»։

Ինչպես 88-ի շարժման մեջ էր ընդգրկված ողջ հայ ժողովուրդը, այնպես էլ 81-ին լեհական «Սոլիդարնոստում» ընդգրկված էին գրեթե բոլոր լեհերը։ Մեր շարժումը առաջին խոշոր, զանգվածային ելույթն էր խորհրդային հանրապետությունների շարքում, իսկ լեհական «Սոլիդարնոստը» առաջին շարժումն էր ընդդեմ Մոսկվայի՝ նախկին սոցիալիստական ճամբարում։

Եվ այսպես, ի՞նչ պատահեց «Սոլիդարնոստին» այսօր, ինչո՞ւ «ձախ» ուժերը ազատ ընտրությունների միջոցով կարողացան վերադառնալ իշխանության։ Կարծում ենք, հայ ընթերցողը առանձնապես չպիտի զարմանա սույն փաստից։ Սակայն նորից ու նորից փորձենք վերլուծել «Սոլիդարնոստի» ճանապարհը, հասկանալու համար, թե որոնք էին պատճառները, որ հեղինակազրկեցին նրան հասարակության աչքերում։

Եվ այսպես, 1989-ին, «Սոլիդարնոստը» գալիս է իշխանության եւ կազմում առաջին ոչ կոմունիստական կառավարությունը Տադեուշ Մազովեցկու գլխավորությամբ։ Առաջին փոխվարչապետ է նշանակվում հանրահայտ Բալցեռովիչը, որն սկսում է իր «շոկային թերապիայի» տնտեսական քաղաքականությունը։ Շարունակելով Հայաստանի հետ զուգահեռները, նշենք, որ 1990-ին, երբ ՀՀՇ-ն եկավ իշխանության, կազմվեց առաջին ոչ կոմունիստական կառավարությունը Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, իսկ առաջին փոխվարչապետ նշանակվեց Հրանտ Բագրատյանը, որն էլ սկսեց նույն տնտեսական քաղաքականությունը։ Հետագա զուգահեռները

Հայաստանի ու Լեհաստանի միջեւ թողնենք ընթերցողներին եւ շարունակենք քննարկել լեհական իրականության մեջ ընթացող դեպքերը…

1989-ից սկսած Մազովեցկի-Բալցեռովիչ տնտեսական քաղաքականությունը խոր դժգոհություն առաջացրեց լեհական հասարակության մեջ, որը մեծ սպասումներ ուներ առաջին ոչ կոմունիստական կառավարությունից՝ «արագ հրաշքի» տեսքով, սակայն ստացավ աղքատություն ու հիասթափություն։

Մեծ էր դժգոհությունը նաեւ «Սոլիդարնոստի» ներսում, որի ներկայացուցիչները, ըստ էության չստացան իշխանություն, սակայն հասարակության շրջանակներում կրում էին կառավարության վարած քաղաքականության ողջ պատասխանատվությունը։

Այս պարագայում «Սոլիդարնոստը» որոշեց տարանջատվել Մազովեցկուց

եւ Բալցեռովիչից, իսկ պայքարը սկսեց            ընթանալ կառավարություն-խորհրդարան հարթությունում։ Նշված հակամարտությունը էապես նպաստեց «Սոլիդարնոստի» հետագա հեղինակազրկմանը լեհական հասարակության աչքերում (խոստացել էինք այլեւս զուգահեռներ չանցկացնել): 1990-ի աշնանը նախագահական ընտրություններում Մազովեցկին ջախջախիչ պարտություն կրեց Վալենսայից, որը ստացավ ընտրողների ձայների ավելի քան 70 տոկոսը։ Այդ պայմաններում Մազովեցկին հրաժարական տվեց եւ հիմնեց «Դեմոկրատական միություն» կուսակցությունը, որի մեջ մտան «Սոլիդարնոստից» մի շարք հայտնի դեմքեր։

Վալենսայի բավականին կոշտ ազգայնական քաղաքականությունը, նրա ընդգծված հավատարմությունը «Սոլիդարնոստին», որն արդեն հեղինակազրկված էր հասարակության ամենալայն շրջանակներում, իջեցրեց, նաեւ նրա վարկանիշը։ Վալենսան մի պահ մոռացավ, որ 92-ին «Սոլիդարնոստը» բոլորովին այլ կերպ էր ընկալվում հասարակության մեջ, քան 1982-ին։ «82-ի Սոլիդարնոստը արդեն գոյություն չուներ, «վերեւների պատերազմը» վերջնականապես ոչնչացրել էր այն, իսկ մենք բոլորս վերջնականապես արդեն բաժանված ենք»,- նշում է այսօր հանրահայտ Ադամ Միխնիկը։

«Վալենսան անկասկած 20-րդ դարի ամենամեծ գործիչներից է։ Նա հավատում է լեհերի համար «նոր դռներ» բացելու իր առաքելությանը, եւ այդ ճանապարհին պատրաստ է հետեւողականորեն քանդել հին կառույցները։ Նա տաղանդավոր քանդող է, դեստրուկցիաների վարպետ, սակայն նրա ողբերգությունը նրանում է, որ հրապուրված լինելով այդ իր առաքելությամբ, նա մոռացել է նոր կոնստրուկցիաների կառուցման անհրաժեշտության մասին»,- նշում է Միխնիկը։

Պետք է ասել, որ «ձախերի» հաջողությունը Լեհաստանում այդքան էլ անսպասելի չէր։ 1993-ի սեպտեմբերի 19-ին «ձախերը» ստացան խորհրդարանի ստորին պալատում՝ սեյմում՝ 303 մանդատ՝ 460-ից: Իսկ վերին պալատում՝ սենատում 73 տեղ 100-ից։ Մեկնաբանելով «ձախերի» այս տպավորիչ հաղթանակը օրենսդիր իշխանությունում, դիտորդներն այն եզրահանգման են գալիս, որ «ձախերը» համախմբված են եւ առաջարկում են պրագմատիկ լուծումներ, մինչդեռ «աջերը բաժանված են, մեղադրելով իրար դավաճանության մեջ եւ այլն։ «Ձախերը» առաջարկում են իրենց ծրագրերը, որոնց մեջ առկա են սոցիալական հարցերի լուծման պատասխաններ, մինչդեռ աջերի հիմնական դրույթները … հասարակությունը վախեցնելն է «ձախ ալիքի» վերադարձից, չհասկանալով, որ այդ նույն հասարակությունը, հոգնած լինելով քաոսային մթնոլորտից, ապրում է հին կյանքի կայունության նոստալգիայով։

Իսկ ի՞նչ հետեւանքներ կարող է բերել այդ «նոր ձախերի» ալիքը Լեհաստանի, եւ ոչ միայն այդ երկրի համար, ահա այն հարցադրումը, որն ավելի ու ավելի հաճախ է ներկայացվում քաղաքական դիտորդների կողմից։ Այդ խնդրին կանդրադառնանք , թերթի հաջորդ համարում։

Երվանդ ԲՈԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930