Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է նախընտրելին

Նոյեմբեր 18,1995 14:53
buh

Պետականը, թե ոչ պետականը

«Առավոտի» հարցերին պատասխանում է գիտության եւ կրթության նախարարության գիտամեթոդական կենտրոնի լիցենզավորման, ատեստավորման եւ հավատարմագրման բաժնի պետ Վաղարշակ Խաչատրյանը:

– Ի՞ նչը հիմք հանդիսացավ մասնավոր բուհերի ստեղծման համար։

– Մասնավոր կամ ոչ պետական բուհերը ստեղծվեցին սովորելու ցանկություն ունեցողների պահանջով, քանի որ պետական բուհերը իրենց սահմանափակ տեղերով ի վիճակի չէին բավարարելու մրցույթից դուրս մնացածների կրթական պահանջները։ Կրթության եւ գիտության նախարարության համապատասխան որոշմամբ ընդունվեց կարգ, որը իրավական հիմք հանդիսացավ նախաձեռնողների համար արտոնագիր ստանալուց հետո զբաղվելու սույն գործունեությամբ։

Այսօրվա դրությամբ արտոնագիր են ստացել 34 ոչ պետական ուսումնական

հաստատություններ՝ բարձրագույն եւ միջնակարգ մասնագիտական, որոնք ունեն գործելու իրավունք։ Լիցենզիա չունեցող ոչ պետական ուսումնական հաստատությունների գործունեությունը համարվում է անօրեն։

– Որեւէ տարբերություն կա՞ արդյոք ոչ պետական եւ պետական բուհերի միջեւ:

– Կան բավականաչափ ընդհանրություններ։ Առաջին հերթին, բոլոր ոչ պետական հաստատություններում աշխատում են պետական բուհերի դասախոսներ եւ գիտական այլ հիմնարկների մասնագետներ, այնպես որ դասավանդման մեթոդը հիմնականում նույնն է, երկրորդ՝ կրթության որակը մեծ մասամբ պայմանավորված է նաեւ տվյալ հաստատության ուսումնա-տեխնիկական բազայով, լսարաններով, լաբորատորիաներով, նաեւ ժամանակի պահանջներին համապատասխան կրթական ծրագրերով, եւ երրորդ՝ եթե ուսանողը իսկապես մտադրված է ստանալ կայուն գիտելիքներ եւ դառնալ լավ մասնագետ, ապա նա կարող է իրեն դրսեւորել ցանկացած բուհում։

– Ոչ պետական բուհի դիպլոմ ունեցող անձի մեջ կարո՞ղ է արդյոք որեւէ բարդույթ առաջանալ աշխատանքի ընդունման հարցում կամ բոլոր բուհերը կունենա՞ն հավասար կարգավիճակ։

– Այսօր մեր հանրապետությունը գնում է դեպի շուկայական հարաբերություններ, որը թելադրում է իր օրենքները, այսինքն` մասնագետի սպառումը կախված է սպառող կազմակերպությունից, եւ եթե դիմող անձը բավարարում է տվյալ ձեռնարկության պահանջները, ապա առանց որեւէ դժվարության եւ առանց հաշվի առնելու նրա պետական կամ ոչ պետական բուհի շրջանավարտ լինելը, կընդունվի աշխատանքի։ Այս հարցում արգելք հանդիսացող ոչ մի որոշում չկա։ Հավատարմագրման գործընթացի իրականացման ընթացքում շատ ուսումնական հաստատություններ կարող են ենթարկվել ինքնալուծարման՝ չբավարարելով փորձաքննության պահանջները, այդ թվում նաեւ առանձին պետական բուհեր, իսկ փորձաքննությունը հաջողությամբ անցած հաստատությունը կստանա պետականին հավասար կարգավիճակ։ Նշեմ, որ հավատարմագրման գործընթացը նույն չափանիշներով է իրականացվելու ոչ պետական եւ պետական բուհերում։

Զրույցը վարեց Աշխեն ՂՈՒԿԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930