«Գլաձոր» կառավարման համալսարանը լրագրության բաժինն ընտրած ուսանողներից ապագայի լիարժեք լրագրողներ է պատրաստում՝ առանց ստիպելու այդ ուսանողներին ամեն կիսամյակ տպագրված նյութեր ներկայացնել (ինչպես, օրինակ, մայր բուհում են պահանջում): «Գլաձորում» մասնագիտական (ժուռնալիստիկա) դասընթացների ժամանակ ապագա լրագրողները սովորում են վիճել, քննարկել եւ գնահատել հայ մամուլն ու տարբեր թերթերում ու ամսագրերում զետեղված նյութերը։ Նրանք որոշում են, թե ո՞ր նյութն է «իշխում» տվյալ համարում, քննարկում են, թե արդյոք համապատասխան քննարկվող նյութում ճի՞շտ է ընտրված ժանրը, որոնում եւ գտնում են ոչ միայն ներկայումս տարածված տպագրական, կետադրական եւ ուղղագրական, այլ նաեւ ոճական շատ սխալներ։ Սակայն գրելուց նրանք նույնպես անմասն չեն։
Շաբաթվա մեջ մեկ օր «Գլաձոր» համալսարանի աջակցությամբ նրանք մասնակցում են որեւէ միջոցառման (թատրոն, օպերա, արշավ) եւ թղթին հանձնում իրենց մտքերը ոչ որպես շարադրություն, այլ որպես նյութ։ Հաջողվածներն, անշուշտ, տպագրվում են։ Այսինքն, այդ ուսանողները, հետաքրքիր ժամանակ են անցկացնում՝ միաժամանակ մասնագիտանալով իրենց ընտրած մասնագիտության մեջ։ Այնինչ Պետհամալսարանում ոչ միայն ապագա ժուռնալիստներին բավարար չափով գրել չեն սովորեցնում, այլ նաեւ ամեն ջանք գործադրող, մի կերպ նյութեր հայթայթող, ձգտող ուսանողներին մեր մեծ գրչեղբայրները հրապարակայնորեն մամուլի տունը պաշարած «կկվիկներ» են անվանում։ Ի՞նչ անենք, որպեսզի կկվիկից վերածվենք ժուռնալիստի…
Աննա ՄԻՆԱՍՅԱՆ