Լրահոս
Օրվա լրահոսը

Լռության ուխտի ցավը

Նոյեմբեր 18,1995 11:46

Վերլուծաբանները չխոնջացող ավյունով չափում-կշռում են հայաստանյան ներկայի եղած ու չեղած խորությունները, մակերեսներն ու միջնորմները։ Իրենց տքնաջան աշխատանքի արդյունքում նրանք բացահայտում են, որ կուսակցությունները ստեղծվում ու պառակտվում են, պատգամավորները՝ ընտրվում ու մոռացվում, նախարարները՝ նշանակվում ու վերանշանակվում, հանձնաժողովները՝ միանում ու բաժանվում, վարկերը՝ ավելանում, պարտքերը՝ նույնպես, տնտեսությունը կենդանանում է, սեփականաշնորհումը՝ մոլեգնում, միջազգային ճանաչումը՝ շողում ու շողշողում։ Եթե չարամտության սարդոստայնում խճճված չենք, մենք էլ պետք է արձանագրենք, որ կատարվողը մի տարաշխարհիկ-արտառոց երեւույթ չէ՝ մոլորակի զարկերակին համառիթմ շնչառություն է՝ կայունանալու կամ բեկվելու հեռանկարով։ Քաղաքականությունն էլ, տնտեսությունն էլ, կենցաղն էլ հարափոփոխ երեւույթներ են, որոնց պետք է պաղսրտորեն վերաբերվել, առանձնահատուկ նշանակություն չընծայել։ Որովհետեւ, եթե ոչ այսօր, ապա վաղը, վաղը չէ մյուս օրը կամ թեկուզ 100 տարի անց, դրանց լուծումները գտնվելու են։

Միակ անփոփոխ արժեքը ժողովրդի ընդհանրական կերպարն է, որով նա ծնվել է, ապրել իր մանկությունն ու պատանեկությունը, ապա թեւակոխել իմաստուն հասունության շրջանը։ Բոլորի նախահիմքում վերին մի ճշմարտություն է՝ իր բոլոր տարիքներում ժողովրդին հատուկ են ինչպես նույն թերությունները, այնպես էլ նույն արժանիքները։ Վերջիններն այսօր գերլարված եռանդով ջախջախվում են, հավասարեցվում գորշ հողին, խառնվում անպտուղ ավազին։ Այնքան սեւեռուն են նորօրյա վասակների մտային ջղաձգումները, հաճախ ստիպված ես լինում մտածել, թե, Տեր Աստված, այս որքան ամուր են եղել մեր հողը ոտնակոխ արած նետողաց ազգերի, սելջուկ թուրքերի, հագարացիների ու մյուս ասպատակիչների պիղծ հետքերը, որքան թուլակամ են եղել անարգված հայ կույսերը, որ փոխանակ անձնասպան լինեին՝ իրենց մարմնի հետ ոչնչացնելով նաեւ բարբարոսների սաղմերը, ակամայից կյանք են տվել գազանային գեներին։ Այդ գեներն այսօր ամենայն հայկական վեհագույնի ժխտման բացիլներ են։ Այսպես պարտադրված ենք մտածել, բայց իրականությունը փաստում է, որ այդ բացիլակիրները մեր իսկ արյան, մեր իսկ միջավայրի արգասիքն են։ Ուղղակի ժամանակն ու հեռատեսությունը չեն բավարարել նրանց ուղեղի միգամածությունը ճշմարտության կանթեղով ցրելու համար։ Հենց սա էլ այն թերություններից մեկն է, որը վերևում ակնարկվեց։ Համազգային լռության ուխտ։ Սա պետք է լինի քննադատության ժամանակակից նշավակը, սրա դեմ պետք է լինի բանական ու լուսավորյալ այս դարի կռիվը։ Այսինքն՝ մատը դնել թերությունների ցավոտ կետին՝ ոչ թե ցավը սաստկացնելու, այլ փարատելու համար: Իսկ մեր իրական փոխհարաբերություններում, որքան շատ են ցավ պատճառող պահերը, դրանցից արտածված անուղղելի հետեւանքները։ Մեր վերլուծաբաններն անմիջապես կասեին, որ քաղաքակիրթ աշխարհում միմյանց պատճառած ցավը մեղմելու օրենսդրական շատ միջոցներ կան։ Կասեին, կքննարկեին, կվիճեին, հետո կքվեարկեին ու կսահմանեին, որ… Մինչդեռ, մարդկությունը ցավը մեղմող մի պարզագույն միջոց ունի, մի ամենազոր բալասան, որից մենք՝ հայերս, անբացատրելի մի համառությամբ մշտապես հրաժարվել ենք։ Այդ միջոցն ամփոփված է մի բառում՝ ՆԵՐԻՐ։

Քրքրենք մեր կենսագրությունը, մեր առօրյան, մեր բառապաշարը, նույնկերպ վարվենք մեր մերձավորների նկարագրի հետ՝ միեւնույն է՝ այս բառը չենք գտնի։ Պեղենք մեր հնօրյա մատյանները, մեր մեծերի կյանքը, մեր մշակույթը զննենք, մեր գրական գոհարները՝ չկա, հետքն էլ չկա։ Հետո դառնանք՝ դիմենք մեզ ու աշխարհին շաղկապող ամենամատչելի կամրջին՝ հեռուստատեսությանը։            Հատուկ ծրագրեր չփնտրենք էլ, միացնենք մեր կենսագրության մեջ մխրճված ֆիլմաշարերը։ Տարբերությունն աչք է ծակում։ Այս ի՛նչ մարդիկ են՝ յուրաքանչյուր 6-րդ, 7-րդ խոսքը ներողություն խնդրելն է։ Ասում են ՆԵՐԻՐ ոչ միայն վեճից հետո, դիմացինի տառապանքը նկատելիս, այլեւ օրեր անց։ Հատուկ վերադառնում են, որ ասեն՝ ես սխալվել եմ, եկել եմ ներում խնդրելու։ Ու ներվում են, իհարկե։

Որովհետեւ առանց այդ սրբազան արարողության կյանքը ցրտում է, դառնանում, կորցնում արարչագործություն համարվելու վերին խորհուրդը, մերձեցնում հուսալքությանը, հաշտեցնում վախճանի տենչին։ Այսպես էլ

ապրում ենք ներում չխնդրելով, ներում չստանալով։ Հոգու մեջ ներփակ պահելով ինչպես դիմացինին անհարկի խոցած լինելու արդարացնող ձգտումը, այնպես էլ մտերիմին            անդարձորեն կորցնելու մշտազգա ցավը։ ՆԵՐԻՐ բառը զլանում ենք արտասանել նույնիսկ այն ժամանակ, երբ ուրիշները դա մեր փոխարեն արդեն արած են լինում, որովհետեւ դա է լինում պահի միակ հարկադրանքը։ Ներքին մեծամոլություն՝ գումարած անդաստիարակություն։ Այսպես է բանաձեւվում սույն երեւույթը, սպառնալով դառնալ ազգային նկարագիրը խոտորող սեւ բիծ։

Հրաչուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930