Ֆեմինիզմի կողմնակիցները Եվրոպայում տագնապի նշաններ են տալիս։ Քաղաքակիրթ աշխարհը նորից սկսել է նեղացնել փափկասուն կանանց, որոնք փորձեր են անում առաջ անցնել տղամարդկանցից բարձր քաղաքականության ասպարեզում։ Անարդար չլինելու համար պետք է նշել, որ դա երբեմն ստացվում էր, եւ, հավանաբար, դա է պատճառը, որ կանայք զրկվել են արական սեռի ասպետական վերաբերմունքից, որի դեմ, ճիշտ է, ինքներն էին մեծ խանդավառությամբ պայքարում։ Պատասխանը իրեն սպասեցնել չտվեց, կնամոլ ֆրանսիացիները ազատվեցին իրենց կառավարության մեջ կանանց զանգվածային ներկայությունից, աշխատանքից ազատելով 12 կին նախարարներից 8-ին։ Նոր կաբինետը ձեւավորելիս նախարարական պաշտոնից զրկվեց միայն չորս տղամարդ։
Ավելի հանդարտ շվեդները առավել դաժանություն ցուցաբերեցին, պաշտոնազրկելով վերջերս, այդ երկրի փոխվարչապետ Մոնա Սալինին, որին ոմանք կանխագուշակում էին կառավարության նախագահի պաշտոն։ Դրա պատճառը մանրուք էր։ Լրագրողները պեղեցին փաստեր, համաձայն որոնց տիկին Սալինը օգտագործում էր կառավարության քրեդիտ քարտը անձնական առեւտրի համար։ Ճիշտ է, խեղճ կինը նույն պահին համալրեց պետական գանձարանը համապատասխան գումարով, սակայն այդ «չարաճճիությունը» նրան չներեցին։ Դրան գումարվեց նաեւ, որ նախկին փոխվարչապետը ամուսնու հետ շրջագայում էր մի մեքենայով, որը ոստիկանությունը չէր թույլատրել օգտագործման, ինչպես նաեւ պետության հաշվին իր հետ տարել էր քարտուղարուհուն եւ երկու թիկնապահներին, մեկնելով ընտանիքի հետ հանգստի՝ Մավրիկյան կղզիներ։ Ստացվում է, որ սեռական հավասարությունը այնքան էլ հաճելի բան չէ, որի համար արժե պայքարել։
Բարեբախտաբար, մեր կանայք դեռեւս կարող են և հանգիստ քնել։ Արեւելքը, ինչպես հայտնի է, մնում է Արեւելք, եւ մեր պետական այրերը գերադասում են վարել պետության նավը զուտ տղամարդկային շրջապատով։ Կառավարության այս կաբինետի մեջ կանանց մուտքը չթույլատրվեց, քանի որ նրանք փխրուն եւ նրբազգաց էակներ են։ Եթե հանկարծ մամուլը սկսի հետաքրքրվել, թե ինչպես են կառավարության անդամներն օգտագործում պետական մեքենաներն ու հաշիվները, վճարում են արդյոք տուգանքներ երթեւեկության կանոնները խախտելու համար (եթե, իհարկե, նման տուգանքներ ընդհանրապես գանձվում են) եւ ինչպես է հերիքում նրանց աշխատավարձը՝ Կարդենից կամ Դիորից զգեստներ կրելու համար։ Պարզ է, որ կանայք նման հարցերին չեն դիմանա, նույն վայրկյանին կխոստովանեն իրենց բոլոր մեղքերը եւ զանգվածաբար հրաժարական կտան, որի հետեւանքով մեր նավը միանգամից կմնա առանց նավապետերի։ Իսկ դա տարերային աղետից էլ վատ է։ Շատ ավելի հեշտ է գործել պարզ, տղամարդավարի, ինչպես այսօր մեզանում ընդունված է։ Պետք չէ փնտրել կանանց այնտեղ, որտեղ նրանք չկան։
Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ