Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դրամի եւ վարկի ապահարզանը

Նոյեմբեր 18,1995 10:37

Լարված աշխատանքային շաբաթվա վերջին օրը ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովը՝ ի պաշտոնե հրավիրված նախարարների հետ մեկտեղ, ձեռնամուխ եղավ «ՀՀ 1996թ. Պետբյուջեի մասին» օրենքի նախագծում պետական ինվեստիցիոն ծրագրերի ֆինանսավորման եւ ձեռնարկությունների բյուջետային վարկավորման հարցերի քննությանը։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սամվել Կոտոլիկյանը բավական ընդհանրական փորձեց ներկայացնել պետական ներդրումների ծավալը եւ ուղղությունները։ Այսինքն՝ պատգամավորները հերթական անգամ բախվեցին արագ-արագ վկայակոչվող թվերին։ Ինչպես արձանագրեց Լեոնիդ Հակոբյանը, «ռազմավարություն չի մշակվում, կառավարությունը թվերն ասում-գնում է», ակնկալվող տեղեկանքներն ու բացատրությունները մնում են առկախ։ Բայց քանի որ ներկա էին ե՛ւ էներգետիկայի, ե՛ւ արդյունաբերության, ե՛ւ քաղաքաշինության, ե՛ւ տրանսպորտի նախարարները, հարց ու պատասխանների աշխույժ մթնոլորտ ստեղծվեց։ Պատգամավորական ժողովրդի ուշադրությունը առանձնակի գրավեց էներգետիկայի նախարար Գ. Մարտիրոսյանի ելույթը, որից բխող մտքերի փոխանակությունը հավակնում էր նիստը վերածել նախարարական մամլո ասուլիսի։

Գ. Մարտիրոսյանը փաստեց, որ 96թ. պետական ներդրումների վիթխարի բաժինը՝ 2,5 մլրդ դոլար, բաժին է ընկել էներգետիկային՝ առավել շոշափելի՝ 33 տոկոսը ատոմային էներգիայի արտադրությանը։ Լուսակարոտ եւ լուսաբաղձ քաղաքացիներին հայտնենք, որ այս ասպարեզում նախատեսվում է. ա)մինչեւ 2008թ. կառուցել նոր ԱԷԿ, որի համար անհրաժեշտ է 2 մլրդ դոլար, բ)Մեծամորի ԱԷԿ-ի 3-րդ բլոկի վերագործարկում՝ վերջինս

կարժենա 80 մլն դոլար, գ)արդեն գործող 2-րդ էներգաբլոկի անվտանգության եւ անխափան աշխատանքի ապահովում՝ 88 մլն դոլարի սահմաններում։ ԱԷԿ-ի անվտանգության խնդիրներն ամենից մտահոգողն էին: Գ.Մարտիրոսյանը նշեց, որ 1996թ. բյուջեով անհրաժեշտ գումարները երաշխավորված են, բացի այդ՝ փաստացի չեն նշված, սակայն ակնկալվում են բազմաթիվ այլ վարկեր՝ շնորհիվ մեր տնտեսական եւ քաղաքական ղեկավարների դիվանագիտական ջանքերի, օրինակ՝ ՌԴ-ից՝ 150 մլրդ դրամ։ Այս տարվա հոկտեմբերի 27-ին Հայաստանը գրանցվեց գործող ատոմակայաններ ունեցող երկրների ցուցակում, ուստի մի քանի տասնյակ միլիոն դոլար եւս կարող ենք ստանալ։

Պատգամավոր        Թելման Տեր-Պետրոսյանը այս կապակցությամբ լուրջ հարցադրում բարձրացրեց՝ պաշտպանել ԱԷԿ-ի երկինքը, ինչպես կարելի է թույլ տալ, որ օդանավերը անարգել թռչեն Մեծամորի վրայով. սոսկ «բարի ցանկություններով» երկինք չես պաշտպանի, գործուն միջոցառումներ են անհրաժեշտ։ Նախարարը համաձայնեց՝ հավելյալ անվտանգության երաշխավորման համար կարեւորելով Հայաստանի միացումը Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի էներգահամակարգերին։

Հաջորդ կարեւոր մտահոգությունը գազն էր, ավելի ճիշտ, Հայաստան-Իրան գազատարի ճակատագիրը։ 1996-ին ծրագրված է ավարտել վերջինիս նախագծային աշխատանքները՝ հիմնականում «Հայաստան» հիմնադրամի զորակցությամբ, թեեւ օրվա խնդիր է դարձել անգլիական, ֆրանսիական եւ հունական գործարար շրջանակների շահագրգռումը՝ համատեղ ձեռնարկությունների ստեղծման առումով։ Գազատարների եւ պահեստարանների շինարարությունը կարոտ է արտաքին ներդրումների, սակայն լուրջ հույսեր փայփայել այս գազատարի վերաբերյալ առայժմ անիմաստ է, անգամ 1997թ. վերջին այն չի գործարկվի։ Դրա փոխարեն 1996-ի վերջին կսկսի գործել Իրան-Թուրքմենստան գիծը, այսինքն՝ մենք կկարողանանք Իրանից ներմուծել թուրքմենական գազ։ Ընդհանրապես, Իրանի հետ մեր համագործակցությունը ծավալապաշտական միտում ունի, նախագծվում են երկաթգծեր, ավտոճանապարհներ, գազատար, բարձր լարման էլեկտրագծեր։ 1995թ. գարնանը Նիյազովը եւ Չեռնոմիրդինը հիմնեցին բաժնետիրական «Տրաո» ընկերությունը, որը Ուզբեկստանի սահմանագծին Թուրքմենիայից գնած գազը կմատակարարի Անդրկովկաս եւ Ուկրաինա, միակ պրոբլեմը, սակայն, գների փոփոխությունն է, որն անընդհատ աճման միտում ունի։

1996թ. նախատեսվում է էներգիայի արտադրությունն ավելացնել 28 տոկոսով։ Նախարարությունը բացարձակ պատրաստ է, առաջընթացի աքիլեսյան գարշապարը վճարումներն են։ Արդյունաբերական ձեռնարկությունների եւ բնակիչների պարտքերը էներգետիկներին գրեթե հավասար են՝ 8-ական մլրդ դրամ։ Ինչ վերաբերում է արտադրվող էներգիայի գներին, ապա ամենաթանկը ՀԷԿ-երի արտադրած էներգիան է։ Ի պատասխան հիդրոկայաններով ոգեւորության ալիքին՝ Գ.Մարտիրոսյանը ՀԷԿ-երը համարեց հարուստ երկրների մենաշնորհ, որովհետեւ դրանք պահանջում են մեծ դրամական ներդրումներ, իսկ հատույցը կարող է ուշանալ։

Հանրապետության լիարժեք կենսագործունեության համար անհրաժեշտ է 10-12 մլրդ կվտ/ժամ, որի բաշխումը ունի հետեւյալ պատկերը՝ ԱԷԿ– 5 մլրդ, ՏԷԿ-եր՝ 4 մլրդ, ՀԷԿ-եր՝ 2 մլրդ։ Էներգարտադրության ոլորտում գումարների 70 տոկոսը ապահովվելու է ի հաշիվ արտաքին ներդրումների, բյուջեն ֆինանսավորելու է 15-20 տոկոսը, իսկ սեփական միջոցների հաշվին կարտադրվի ընդամենը 5 տոկոսը։ Իհարկե, ֆինանսավորման կառուցվածքը աստիճանաբար պետք է փոփոխվի՝ շնորհիվ ինքնածախսածածկման, բայց կախարդական գավազան, ավաղ, էներգետիկայի նախարարը չունի։

Հետեւաբար լուսավոր հեռանկարներ երազելու հարկ չկա։

Արդյունաբերության նախարար Աշոտ Սաֆարյանը վկայեց, որ հանրապետությունում բյուջեից ֆինանսավորվելու է ընդամենը 5 արդյունաբերական օբյեկտի շինարարություն՝ 500 մլն դրամով։ Բնականաբար, այդ գումարը չի բավականացնի անգամ մեկ արդյունաբերական օբյեկտի կառուցման համար։ Ինչպես սրամիտ բնորոշեց նախարարը, Հայաստանում դրամավարկային քաղաքականության մեջ դրամը եւ վարկը իրարից բաժանվել են, միացնել է պետք։ Անգամ առաջարկված 500 միլիոնը զուտ անվանական միավոր է՝ դրամով չամրակայված։ Պրն Սաֆարյանի համոզմամբ՝ 10 մլն դոլարը բավական է, որ Հայաստանի արդյունաբերությունը 50 տոկոսով ավելացի իր արտադրանքը։ Ճանապարհային եւ բնակելի շինարարության համար եւս կապիտալ ներդրումներ չեն նախատեսվում։ Հայաստանում ոչ մի նոր ճանապարհ եւ շենք չի կառուցվելու բյուջեի հաշվին (բացառյալ ՄԱԿ-ի եւ այլ բարեսիրական կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող փախստականներին բնակտարածքով ապահովելու ծրագրերը): ՀԿԿ խմբակցության անդամ Վ. Սաֆարյանը նախանձելի համառությամբ փորձեց հիմնավորել հաղորդակցության ուղիների վերականգնման եւ հետախուզական աշխատանքների համար հավելյալ միջոցների հատկացումը. 1996–97թթ. լրանում է մեր երկաթգծային կառուցվածքներից եւ կամուրջներից շատերի 100-ամյակը, Հայաստանը աշխարհի հետ կապող ճանապարհները զառամախտով են տառապում։ Այնինչ, հետախուզական աշխատանքների համար հատկացվել է ընդամենը 800 հազար դրամ, իսկ վերանորոգումների համար՝ 900 մլն, գումարներ, որոնք ակնհայտորեն անբավարար են։ Միով բանիվ, ծրագրերն ու առաջարկները բազում են, ներդրումները՝ ոչ։

Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930