Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կողմ, թե դեմ՝ առանց կողմնորոշվելու

Նոյեմբեր 17,1995 15:31

Միակուսակցական համակարգի մերժումից հետո քաղաքական, հասարակական եւ այլ որակի կազմակերպությունների հայտնվելը հասարակության կյանքում սովորական երեւույթ դարձավ։ Այս վիճակը տրամաբանական էր, որովհետեւ հասարակությունը միաշերտ չէ, երբեք միակարծիք լինել չի կարող, ու նրա տարբեր հատվածների դիրքորոշումը արտահայտվում է որոշակի կառույցների միջոցով։ Բազմակուսակցական ընտրություններն ընձեռում են նպաստավոր պայմաններ՝ իրականությանը համապատասխան հարաբերակցությամբ օրենսդիր մարմին ձեւավորելու համար: Ընդ որում` պետք է հաշվի առնել, որ ընտրությունների մասին օրենքը բավական լիբերալ է եւ գրանցվելու համար շատ ջանք թափել պետք չէ։ Այսպիսով ստացվում է, որ մի քանի հոգի կարող են ստեղծել հասարակական քաղաքական կազմակերպություն, գրանցվել, մասնակցել ընտրություններին՝ չունենալով գաղափարախոսական առանձնահատկություններ, ոչ էլ համախոհների որոշակի քանակ: Քաղաքակրթության ներկայիս մակարդակը թույլ է տալիս պրոպագանդել օրենքին չհակասող ցանկացած գաղափար։

ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրողներից շատերը ծանոթ չէին քվեարկվող կուսակցություններին, նրանց նպատակներին։ Շատերի մոտ քվեարկությունը պատահական էր ստացվում։ Այս հարցում մեղադրել միայն ընտրողներին, ամբողջ պատասխանատվությունը դնել նրանց հասարակական ակտիվության կամ գրագիտության վրա՝ ճիշտ չէ։ Նորմալ, միջին հնարավորություններ ունեցող քաղաքացու համար, դժվար կամ գուցե անհնարին է ճիշտ կողմնորոշվել մեկ տասնյակի հասնող կուսակցությունների ցանկում։ Ընտրություններում հաղթանակած «Հանրապետություն» բլոկի ղեկավարներից մեկը, մի առիթով ասաց, որ կուսակցություններին ճանաչում են նրա լիդերներով։ Որքան էլ վիճելի լինի այս միտքը, այնուհանդերձ նախկին խորհրդային հանրապետություններում, սա ամենաիրական չափանիշն է։

Դեկտեմբերին Ռուսաստանում  կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել են մի քանի տասնյակ կազմակերպություններ: Մեկնաբանները այս առիթով կատակում են, թե ընտրողներին տրվելու է ոչ թե ընտրական թերթիկ, այլ ընտրական օրացույց: Իհարկե, գրանցված բազմաթիվ կուսակցություններից մի քանիսն են, որ ունեն մեծ թվով համախոհներ ու հավակնում են պառլամենտում որոշակի տոկոս կազմելու: Մնացածը զանազան ամբիցիաների հետեւանքով չկարողացան համախմբվել, եւ պառակտվեցին. թե՛ աջերը, թե՛ ձախերը եւ թե՛ ցենտրիստները:

Քաղաքացիներից շատերը ստորագրում էին նախընտրական ցուցակներում անտեղյակ լինելով հարցին եւ իրենցից անկախ ապահովելով նրանց մասնակցությունը։ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը Ռուսաստանի մի շարք քաղաքներում իր նախընտրական արշավը վարում էր օղիով բեռնված մեքենաներից։ Յուրաքանչյուր ստորագրող հյուրասիրվում էր այդ խմիչքով։

Մյուս կարեւոր գործոնը՝ կուսակցական ցուցակները հայտնի մարդկանցով համալրելն է, որոնք հաճախ քաղաքականության հետ ոչ մի առնչություն չունեն։ Ամեն կուսակցություն ձգտում է ունենալ իր «ժողովրդական արտիստը», գրողը, ռեժիսորը։ Հայաստանում նույնպես նախընտրական օրերին հայտնի շատ մտավորականներ, առանց ծանոթ լինելու Սահմանադրությանը, մարդկանց կոչ էին անում «այո» ասել։ Սա անցման շրջանում գտնվող պետություններում ընտրական հաջողության տարրերից է։ «Ժողովրդական արտիստների» մրցավազքում հաղթում է միայն պատահականությունը։ Կայունության ձգտող պետությունների համար սա անթույլատրելի է։ Եվ վերջապես ազդեցությունը մեծացնելու մյուս հզոր միջոցը հեռուստագովազդն է՝ ներառելով ե՛ւ գովերգը, ե՛ւ վարկաբեկումը։ Նոյեմբերի 7-ի սոցիալիստական հեղափոխության տարելիցին նվիրված միջոցառումները մեկնաբանելիս անընդհատ նշվում էր, որ կոմունիստները հավաքեցին շատ քիչ թվով մարդկանց (ամբողջ Ռուսաստանում մոտ հարյուր հազար), ընդ որում, առավելապես ավագ սերնդի ներկայացուցիչների։ Դրանից ընդամենը մի քանի օր առաջ Մոսկվայի շքեղ դահլիճներից մեկում, վարչապետ Չեռնոմիրդինը հանդիպում էր պատերազմի վետերանների հետ՝ բնականաբար ավագ սերնդի եւ հավանորեն կոմունիստական կողմնորոշման մարդկանց հետ։ Ձայները շահելու ժամանակ խտրականություն ֊չի դրվում։ Նա¬խընտրական հոգեբանությունը առանձնանում է իր անզիջողականությամբ, ավելորդ լարվածությամբ, չարդարացված պատվախնդրությամբ։ Արդյունքում լինում են հաղթողներ եւ պարտվողներ, իսկ հաղթողներին սովորաբար չեն մեղադրում:

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930