Հայ սպան պետք է ոչ միայն լավ իմանա ռազմական մասնագիտությունը, այլեւ ազատ տիրապետի առնվազն երեք լեզուների։ Կարողանա երգել, պարել, լավ հասկանալ գեղարվեստական գրականությունը, խաղալ թենիս եւ վստահորեն ձիավարել։ Ընդ որում, նրա բոյը պետք է լինի ոչ պակաս, քան 170 սմ։ Այդպես է կարծում Հայաստանում առաջին բարձրագույն ռազմական բազմապրոֆիլ ուսումնարանի ռեկտոր, գեներալ-մայոր Սերգեյ Մարտիրոսյանը։
-Պրն Մարտիրոսյան, դարեր շարունակ գոյություն է ունեցել «սպայական պատիվ» հասկացողությունը։ Ի՞նչ եք դուք անձամբ հասկանում դրա տակ եւ դաստիարակո՞ւմ եք այդ գիտակցությունը ձեր սաների մեջ։
– Բնականաբար։ չի կայանա ոչ մի բանակ, իսկ հետեւաբար նաեւ՝ պետություն, եթե բոլոր հրամանատարները սրբորեն չպահպանեն «սպայական պատվի» չգրված օրենքները։ Մեր աշխատանքում այդ հարցին մեծ ուշադրություն է տրվում։ Քիչ է, որ սպան իմանա իր նեղ մասնագիտությունը։ Նա պետք է լինի կրթված, բարոյական եւ խիզախ մարդ, որը պարտավոր է ամեն մի անելանելի վիճակից գտնել միանգամից երկու ելք եւ լինել իր խոսքի տերը։ Նա պետք է պատրաստ լինի ոչ միայն զոհաբերել իր կյանքը, այլեւ պաշտպանել իր ենթակայության տակ գտնվող մարտիկների անվտանգությունը։ Մեր խնդիրն է՝ բանակն ապահովել հենց այդպիսի մարդկանցով։
– Հեղափոխությունից առաջ, ցարական բանակում համարվում էր, որ սպան, ի թիվս այլ արժանիքների, պետք է ազատ խոսի ֆրանսերեն, տիրապետի որեւէ երաժշտական գործիքի, բանաստեղծություններ գրի։
– Հասկանալի պատճառներով, մեզ մոտ ամեն ինչ դեռ կառուցվում է սովետական բանակի փորձի վրա։ Մեր ռազմական մասնագիտությունների դասախոսների մեծամասնությունը այդ բանակի կադրային սպաներ են։ Սակայն մենք կվերցնենք նաեւ համաշխարհային ռազմագիտության լավագույն նվաճումները։ Հետաքրքրվում ենք այլ բանակների փորձով, այդ թվում նաեւ՝ ցարական, փորձելով այդ ամենը հարմարեցնել մեր պայմաններին, մեր մենթալությանը։
Այսօրվա զինվորը կրթված երիտասարդ է, եւ նա կկատարի միայն խելացի հրամանատարի հրամանները, որը նրա համար իսկապես հեղինակություն կլինի։ «Սալդաֆոն» հրամանատարների ժամանակն անցել է։ Հայաստանը փոքր պետություն է։ Ուստի պետք է ունենալ այնպիսի բանակ, որը կկարողանա լուծել իր առաջ դրված խնդիրները ոչ թե թվով, այլ՝ ռազմական արվեստով, բարձր մասնագիտական պատրաստվածության հաշվին։ Միայն այդպես մենք կհասնենք նրան, որ բարդ աշխարհաքաղաքական պայմաններում ապրող մեր ժողովուրդը իրեն անվտանգության մեջ կզգա։
Ինչ վերաբերում է օտար լեզուներին, համաշխարհային գեղարվեստական գրականությանը, երաժշտությանը, ապա մենք այդ հարցերին նույնպես մեծ ուշադրություն ենք դարձնում։ Մեր շրջանավարտները պետք է լինեն սպայական ուսադիրներով ջենթլմեններ: Պարտադիր կարգով նրանք ուսումնասիրում են երեք լեզու՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն։ Որոշ ֆակուլտետներում խորությամբ ուսումնասիրվում են նաեւ հարեւան երկրների լեզուները։
– Օրինակ, որո՞նք։
– Օրինակ, ադրբեջաներենը, թուրքերենը։ Երաժշտությունը մեր սաները ուսումնասիրում են ըստ իրենց նախասիրությունների՝ հոգեւոր, ժողովրդական, ժամանակակից։ Մենք ունենք պրակտիկորեն բոլոր երաժշտական գործիքները՝ սկսած սինթեզատորից եւ վերջացրած «Petroff» ռոյալով, որը մեզ նվիրել է Ռոբերտ Ամիրխանյանը՝ կոմպոզիտորների միության անունից։ Մենք ունենք տղամարդկանց շատ լավ քառաձայն երգչախումբ։ Ուսումնարանի հաստիքացուցակում կա եւ խմբավար, եւ կոնցերտմայստեր, եւ պարուսույց։
Վերջերս Հայաստանի ԳԱԱ նախագահությունը մեզ նվիրեց մի քանի տասնյակ հատոր գրականություն։ Այսպիսով, գրականության հարցերը լուծվեցին։ Մենք բալանսի վրա ենք վերցրել Դդմաշենի ձիաբուծական ձեռնարկությունը, մեր սաները պետք է սովորեն ամուր եւ գեղեցիկ ձիավարել։ Այլապես նրանց սպա չի կարելի անվանել, անկախ նրանից, մասնագիտությունը տանկն է, թե հրետանին։ Բացի սովորական ընդհանուր ֆիզիկական պատրաստությունների համար նախատեսված հրապարակներից, մենք կառուցել ենք նաեւ թենիսի կորտ։ Ցանկալի է, որ չորս տարվա ընթացքում մեր սաները կարողանան լավ խաղալ մեծ թենիս։ Երբ մեր ուսումնարան այցելեց Հայաստանի զինված ուժերի գլխավոր հրամանատար Լեւոն Տեր-Պետրոսյանը, նա խոստացավ նախագահական ֆոնդից մեզ միջոցներ հատկացնել՝ 50-մետրանոց ջրավազան կառուցելու համար։ Մի խոսքով, չնայած դժվարին տնտեսական իրավիճակին, ռազմական ուսումնարանը պետության կողմից ընկալվում է ոչ թե որպես Պաշտպանության նախարարության խնդիր, այլ որպես ազգային գործ։
– Ձեր ուսումնարանը բազմապրոֆիլային է։ Աշխարհում կա՞ն դրա նմանները։
– Ոչ։ Մենք պարզապես ի վիճակի չէինք ունենալ առանձին տանկային ուսումնարան, առանձին՝ հրետանային եւ այլն։ Այստեղ մենք սպաներ ենք պատրաստում 8 մասնագիտությամբ։ Ընդ որում, ամեն մի շրջանավարտ, բացի ռազմական մասնագիտությունից ստանում է նաեւ քաղաքացիականը։ Ասենք, անձնակազմի հետ աշխատանքի ամբիոնի շրջանավարտը միաժամանակ ստանում է քաղաքացիական մասնագիտություն՝ մանկավարժ-հոգեբանի։ Ի դեպ, լավ կադրային սպայի պատրաստումը թանկ հաճույք է։ Ճապոնիայում մեկ մարդու ուսման վրա ծախսվում է 120 հազար դոլար, ԱՄՆ-ում՝ 100 հազար։
Համալսարանից, Պոլիտեխնիկական ինստիտուտից, այլ բուհերից մեզ մոտ դասախոսական աշխատանքի են անցել 2 ակադեմիկոսներ, գիտությունների 7 դոկտորներ, 39 թեկնածուներ։ Ընդունվելու մրցույթները մեր ուսումնարանում համազոր են ամենահեղինակավոր բուհերի ընդունելություններին։ Այսինքն, մենք ընտրելու հնարավորություն ունենք, կարողանում ենք պատրաստել իսկական սպաներ, որպեսզի մեր ազգային բանակը հուսալի ձեռքերում լինի։
Հարցազրույցը վարեց՝ Վարդան ԱԼՈՅԱՆԸ