Տարիներ առաջ, Բյուրականի աստղադիտարանում լրագրողների հետ հերթական հանդիպման ժամանակ Հայաստանի գիտությունների ակադեմիայի այն ժամանակվա նախագահ, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը հանգամանորեն պատմեց իր հիմնադրած աստղադիտարանի, Հայաստանում գիտության զարգացման հեռանկարների մասին։ Աստղաֆիզիկական հիշյալ դիտարանում եւ ուրիշ գիտական կայաններում աշխատելով է Վիկտոր Համբարձումյանը հայտնագործել անկայուն եւ քայքայվող աստղերի համակարգեր՝ դրանք անվանելով աստղասփյուռներ։
Այստեղ է նա գիտական հետազոտությունների միջոցով ապացուցել, որ գալակտիկայում աստղառաջացման պրոցեսները ներկայումս շարունակվում են եւ ունեն խմբական բնույթ։ Մեծանուն գիտնականը, Բյուրականի հզոր դիտակների միջոցով ուսումնասիրելով Տիեզերքը, մշակել է նախաստղերի վարկածը, որը հիմնված է Տիեզերքում նյութի առայժմ անհայտ վիճակների գոյության ենթադրության վրա։
Ըստ այդ վարկածի, նախաստղերը մեծ խտությամբ օժտված փոքր չափի մարմիններ են, որոնք տրոհվելով՝ սկիզբ են դնում աստղերին եւ աստղային համակարգերին։
Գիտության այս հսկան՝ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը, իր գիտական գործունեությամբ աշխարհին ճանաչել է տվել իրեն ծնող հայ ժողովրդին՝ իր նպատակը համարելով նրան որդիաբար ծառայելը գիտության միջոցով։ Եվ ահա, օրերս, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր նախագահ, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը իր սրտի խոսքն ասաց հայ ժողովրդին՝ Հայաստանի ազգային ժողովի կազմավորման եւ անկախ Հայաստանի Սահմանադրության ընդունման առթիվ.
Կարդացեք նաև
– Լրացավ չորս տարին Հայաստանի անկախ պետության, որը ուրախալի իրողություն է մեր ժողովրդի կյանքում։ Պետք է ասեմ, որ չնայած բոլոր դժվարություններին, այնուամենայնիվ մենք ունենք, իրոք, անկախ պետություն, այն չափով, ինչ չափով անկախությունը առհասարակ հնարավոր է աշխարհում։ Բանն այն է, որ բոլոր պետությունները իրարից կախված են ինչ որ չափով։ Այդ տեսակետից, իհարկե, անկախ բառը այնքան ճշգրիտ նկարագրությունը չէ, ավելի ճիշտ կլինի ասել ինքնուրույն, ինքնիշխան, սուվերեն։ Եվ, չնայած բոլոր դժվարություններին, չնայած կյանքի բոլոր ուղիները դեռ չեն հարթված, այնուամենայնիվ մեր անկախ հանրապետությունը առաջ է գնում բոլոր բնագավառներում, այդ թվում նաեւ այն բնագավառում, որը ինձ համար ավելի մոտ է, նկատի ունեմ Հայաստանի գիտության բնագավառը։ Շարունակում են աշխատել Հայաստանի գիտությունների ակադեմիան, թեեւ մի քիչ ավելի փոքր ծավալով, համալսարանը եւ ուրիշ բարձրագույն ուսումնական հաստատություններ, որոնք մեծ օգուտ են բերում մեր հանրապետությանը իրենց գործունեությամբ եւ միշտ պատրաստ են ծառայելու ժողովրդի կարիքներին։
Ես հուսով եմ, որ պայմանները գնալով պետք է ավելի նորմալ, ավելի տանելի դառնան ժողովրդի բոլոր խավերի համար, եւ մենք անպայման կկանգնեք մեծ հաջողությունների առջեւ։
Ես ուզում եմ ցանկանալ ամբողջ հայությանը, թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս, քաջառողջություն, պետք է միշտ հայ մնանք։ Տարբեր ժամանակներ մեզ ճնշել են, փորձել են ոչնչացնել, իհարկե, մենք ունեցել ենք կորուստներ, երբեմն շատ մեծ կորուստներ, այնուամենայնիվ պահպանել ենք մեր էությունը, մեր հայությունը եւ մեր ինքնուրույնությունը։
Պատրաստեց Վարուժան ՈՍԿԱՆՅԱՆԸ