Հավանաբար, հաջորդ տարի մենք ապրելու ենք հաստատված բյուջեով, եւ դրանով 96 թվականը շահեկանորեն կտարբերվի նախորդ տարիներից։ Խորհրդարանը, որի հանձնաժողովներում այժմ քննարկվում է բյուջեն, տարվա վերջին, ըստ երեւույթին, կընդունի դրական որոշում։ Լիագումար նիստում քննարկման ժամանակ պատգամավորները կկենտրոնանան ավելի շուտ բյուջետային ծախսերի բաշխման վրա, առավել եւս, որ նրա լրացման միջոցներն արդեն բավականին մեծ վեճեր էին առաջացրել ակցիզային հարկի քննարկման ժամանակ։ Ծախսերի հարցով զբաղվելը առանց հստակ որոշում ընդունելու, թե որտեղից են գալու եկամուտները, նման է «ձուկը ջրում բազառ անելուն»։ Եվ միանգամայն հնարավոր է, որ 96թ. վերջին կառավարությունը նորից կանգնելու է այն խնդրի առաջ, թե՝ ինչպես ծածկել առաջացած հերթական ճեղքվածքը։
Դրանից խուսափելու համար պետք է, իհարկե, առաջին հերթին իմանալ այդ ձուկը բռնելու ձեւը, հաշվի առնելով, որ մեր բյուջեն առնվազն կիսով չափ կազմված է արտասահմանյան վարկերից, իսկ մյուս կեսը որոշակի կասկածների տեղիք է տալիս։ Դա պնդելու համար կան բավականին ծանրակշիռ հիմքեր, քանի որ, մասնավորապես, լուծված չեն բյուջեի եկամտային մասի առանցքային խնդիրները. ա)անկանխիկ հաշվարկների բաժնի մեծացումը, բ)փոխադարձ վճարումները։
Որոշ տվյալներով, Հայաստանում դրամային զանգվածի շուրջ 70 տոկոսը կազմում են կանխիկ գումարները։ Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանում այդ ցուցանիշը ցածր է ավելի քան երկու անգամ, սակայն այնտեղ էլ դա լուրջ խնդիր է համարվում հարկային քաղաքականության տեսակետից։ Հայտնի է, որ կանխիկ շրջանառությունը, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, թույլ է տալիս թաքցնել եկամուտների առնվազն 25 տոկոսը եւ, հետեւաբար, այդ չափով չմուծել հարկերը։
Անկանխիկ համակարգով հաշվարկները, ընդհակառակը, շատ արդյունավետ են պետական գանձարանը լրացնելու առումով։ Ճիշտ է, այդ համակարգն աշխատեցնելու եւ հարկատուների համար գրավիչ դարձնելու համար պետք է կատարել առնվազն 3 պայման։ Նախ՝ ստեղծել իրապես հավասար պայմաններ կանխիկ եւ անկանխիկ օպերացիաների համար։ Երկրորդ՝ ապահովել դրա համար իրավական բազա։ Երրորդ՝ ուժեղացնել վերահսկումը բյուջե մուտք գործող գումարների վրա։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է չվճարումներին, ապա այդ խնդիրն ընդհանրապես խրոնիկական է։ Քանի դեռ մենք չենք հասել տնտեսական հարաբերությունների համընդհանուր առեւտրականացմանը (կոմերցիալիզացիայի), այդ խնդիրը պետք է լուծվի, եւ ավելի կառուցողական մակարդակով, քան քաղաքացիական խղճին եւ պարտքին զգայացունց դիմումները։
Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ