Լրահոս
Օրվա լրահոսը

Բիզնեսմենը կարիքավոր, ուսուցիչը՝ ապահո՞վ

Նոյեմբեր 17,1995 10:10

Երեկ ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պաշտպանության հարցերի ու ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովների բյուջետային կիզակետում հասարակությանը հուզող օրախնդիր ոլորտներն էին՝ քննարկումների սոցիալական ապահովություն, նպաստներ, բյուջետային ոլորտների աշխատողների վարձատրություն, առողջապահության եւ բնապաշտպանության բյուջեների ֆինանսավորում, բյուջեի եւ «կենսաթոշակային ապահովության ու զբաղվածության ֆոնդի հարաբերակցում: Ֆինանսների փոխնախարար Նարեկ Մարտիրոսյանը պատգամավորներին ներկայացրեց կառավարության նոր սոցիալական քաղաքականությունը՝ խարսխված միջազգային փորձի եւ նորարարության վրա: Այդ քաղաքականությունը հետապնդելու է 3 նպատակ՝ բնակչության եկամուտների բարձրացում, սոցիալական պաշտպանության համակարգի ներդրում, աշխատանքի շուկայի կարգավորում: Շուկայական հարաբերությունները եւ նոր տնտեսական հասարակարգը թելադրում են իրենց գործնական մոտեցումները:

Աշխատանքի վարձատրման բնագավառում 1996թ. ենթադրվում է. Ա)Վերանայել բյուջետային ոլորտի աշխատողների պաշտոնային դրույքաչափերի կառուցվածքը՝ կախված աշխատողի պատասխանատվությունից եւ որակից, այսինքն՝ մեծանալու է դրույքաչափերի միջեւ եղած տարբերությունը, միեւնույն պաշտոնի համար սահմանվելու են առավելագույն եւ նվազագույն աշխատավարձեր: Համահավասար բաշխումը անցյալի գիրկն է անցնում։ Բ) Բյուջետային աշխատողների իրական միջին աշխատավարձը բարձրանալու է ավելի քան 1,35 անգամ։ Գ)Շարունակվելու է նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացումը։ Դ)Մեղմացվելու են հիմնարկ-ձեռնարկությունների աշխատանքի վարձատրության ֆոնդերի սահմանափակումները, գանձվող շահութահարկը համապատասխանաբար պետք է նվազի: 1995թ. եկամտահարկերը կազմում էին վարձատրության 22 տոկոսը, 96-ին իջնելու են 19 տոկոսի, իսկ 97թ. եկամտահարկը՝ որպես աշխատավարձի վրա դրվող յուրօրինակ ակցիզ, կվերանա: Բյուջետային աշխատավարձերի վճարման համար կատարվող ծախսերի մակարդակը մեկուկես անգամ բարձրանալու է: Ընդհանուր առմամբ ողջ բյուջետային համակարգում նախատեսվում է վարձատրության աճ 60 տոկոսով։ Իսկ պետական կառավարման ապարատում աշխատավարձերը աճելու են շուրջ 3.2 անգամ՝ ղեկավարների աշխատավարձի առաջանցիկ աճով պայմանավորված։

Աշխատավարձի էական աճի համար վճռորոշ նշանակություն ունեն սպասվելիք կրճատումները: Սակայն կառավարության համարձակությունը տվյալ դեպքում կաշկանդվում է հասարակության հանդեպ պարտավորությունների «բեռով»։ Կառավարությունը անընդհատ ծրագրում է այդ կրճատումները, բայց ֆունկցիոնալ հստակության բացակայության պատճառով վերջնարդյունքը միշտ չի համապատասխանում ակնկալվածին։ Ընդսմին՝ յուրաքանչյուր կրճատման պետք է նախորդի համապատասխան պաշտպանիչ միջոցառում։ Բյուջետային աշխատողների քանակն առ այսօր կրճատվել է 17 հազարով. 1995թ. բյուջետային աշխատողների ընդհանուր թիվը համապատասխանում էր 360 հազարի: 1996-ին այս ոլորտում գործելու են 350466 մարդ, իսկ 1998-ին բաղձալի թիվը կհասնի 280000:

Կենսաթոշակների բնագավառում կատարվող փոփոխությունները նմանապես առնչվում են շուկայական հարաբերությունների       հաստատմանը՝

ա)բարձրացվելու է կենսաթոշակի տարիքը, սահմանվելու է անհրաժեշտ միջին աշխատանքային ստաժ, դրանից հետո պետությունն արդեն հանձն կառնի հաստատել երաշխավորված նվազագույն կենսաթոշակի չափը, բ)մշակվելու է օրենսդրական դաշտ՝ կամավոր կենսաթոշակային ապահովագրության համակարգի ստեղծման եւ արդյունավետ գործունեության համար: Այնպես որ, տքնաջան պետք է բանենք՝ արժանանալու համեստ, բայց վաստակած կենսաթոշակային գումարներին, կամ ընդհանրապես՝ չարժանանանք:

Բնակչության սոցիալական պաշտպանվածության բնագավառում հիմնական հույսերը կապվում են «Փարոս– 2»-ի հետ, որը պետք է հայտնաբերի կարիքավորներին (այս ասպարեզում փոխնախարարի համոզմամբ անհանգստություններն ավելորդ են, «սուբյեկտները», իմա՝ կարոտյալները, իրենք են շահագրգռված արագ ներկայանալու եւ հաշվառվելու), այնուհետեւ՝ որոշի նրանց կարիքավորության աստիճանը։ Այստեղի մեր սոցիալական քաղաքականությունը հավակնում է հեղափոխական փոփոխությունների. քաղաքացիների առանձին կարգերի համար սահմանված արտոնությունների համակարգից վճռաբեկ անցում է կատարվում սոցիալական տրանսֆերտների համակարգին։ Պատգամավորների կողմից նպաստների այս հեղաբեկիչ համակարգը ամենից ավելի արժանացավ քննադատության։ Ակնառու է դառը փորձը՝ «Փարոս» ծրագրով նավթի բաշխումը, որի արդյունքում բավարարվեց կարիքավոր բնակչության ընդամենը 40 տոկոսը։ «Շամիրամ» խմբակցության անդամ Անժելա Բակունցը փաստեց, որ այսօր Հայաստանում գործազուրկի կարգավիճակը բնավ չի ենթադրում անապահովություն, մանր ու միջին գործատերերը, հաճախ նաեւ խոշորները, պաշտոնապես ոչ մի տեղ չեն աշխատում, այսինքն՝ կարող են ներկայացնել անհրաժեշտ տեղեկանքներն, իսկ բյուջետային հիմնարկների աշխատողները իրենց չնչին աշխատավարձերով հայտնվում են սոցիալապես ապահովների շարքում: Նպաստների համակարգը արդարացիորեն վերակառուցվում է, սակայն գնահատման չափանիշները չարաշահումների լայն դաշտ են բացում։ Թեեւ, ինչպես պնդեց փոխնախարար Ն. Մարտիրոսյանը, չարաշահումները եղել են, կան եւ կլինեն՝ վկան նախորդ 70-ամյա փորձը: Եկամուտների գնահատումը դժվարին գործ է բոլոր երկրներում։

Նպաստների այս նոր համակարգով ենթադրվում է օժանդակել մինչեւ 3 տարեկան երեխա ունեցող ընտանիքներին եւ միայնակ մայրերին, իսկ 3-ից մինչեւ 16 տարեկան երեխաները կարժանանան պետական նպաստների, եթե նրանց ընտանիքները ճանաչվեն անապահով։ Այսինքն՝ մինչ այժմ 1 մլն 200000 նպաստ ստացող երեխաների թիվը կկրճատվի եւ կհասնի 600000: Թեպետ բյուջեում առանձնահատուկ շեշտվում է երիտասարդ ընտանիքներին առավելագույնս օգնելու անհրաժեշտությունը:

1996թ. բնակչության իրական եկամուտների աճը կազմելու է շուրջ 15 տոկոս: Փախստականների եւ բռնագաղթվածների համար առանձնացվել է 215 մլն գումար, որին ավելանում է ՄԱԿ-ի կողմից տրված 280 մլն-ը՝ բնակարանային շինարարության եւ հաղորդակցման ուղիների համար։ Կառավարության քաղաքականության մեջ կարեւորագույն մի փոփոխություն եւս արձանագրվեց՝ հուրախություն պետության կողմից մոռացված ավանդատուների: Նախատեսվում է ավանդների ինդեքսացիա՝ 326 մլն 849 հազար դրամի չափով: Ավանդների գումարը տարբեր հաշվարկներով տատանվում է 220-360 մլրդ դրամի շրջանակներում։ Ճիշտ է, բերված գումարը 800-1000 անգամ պակաս է անհրաժեշտից, սակայն առաջին քայլն արված է, սառույցը կոտրվեց, պարոնա՛յք ավանդատուներ, սպասենք եւ հուսանք:

Պատասխանելով բոլոր դժգոհություններին եւ առաջարկություններին՝ փոխնախարար Մարտիրոսյանը հավաստեց, որ բոլորը զարմանում են, թե կառավարությունը նման բյուջեով ինչպես է իրականացնում թե՛ ինվեստիցիոն քաղաքականություն, թե՛ ձեռնարկությունների վարկավորում եւ թե՛ սոցիալական պաշտպանության ծրագրեր։ Ի հեճուկս այդ զարմանքի՝ երեք ոլորտներում էլ կառավարությունը կարելիությունների առավելագույնն է նախընտրում։

Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930