Լրահոս
Օրվա լրահոսը

Շունը այլեւս մեր բարեկամը չէ

Նոյեմբեր 16,1995 13:13

Թափառող շները սպառնում են շուտով բացարձակ մեծամասնություն կազմել երեւանյան փողոցներում, եթե քաղաքի բնակչությունը նման տեմպերով շարունակի արտագաղթը դեպի «տաք երկրներ», եւ կամ լուրջ միջոցներ չձեռնարկվեն այս ուղղությամբ։ Չեմ պնդում, որ մեր բոլոր չորքոտանի «բարեկամները» վտանգավոր են, բայց, ճիշտն ասած, այդքան էլ հաճելի չէ զբոսանքը գիշերային Երեւանով, երբ շուրջբոլորը լսվում են մեր քաղցած «կրտսեր եղբայրների» հաչոցն ու ոռնոցները։

Ինչպես տեսնում եք, խնդիրը լուրջ է…, բայց արդյո՞ք որեւէ մեկը զբաղվում է դրանով։

– Այո՛, մեր վարչության իրավասությունների մեջ է մտնում նաեւ պայքարը թափառող կենդանիների դեմ,- ասում է Երքաղխորհրդի գործկոմի գյուղատնտեսության վարչության պետ պրն Ղազարյանը։- Մենք պարբերաբար բնակչության կողմից ահազանգեր ենք ստանում՝ մարդկանց վրա շների հարձակումների մասին, եւ աշխատում ենք որքան հնարավոր է արագ մեր հատուկ խումբն ուղարկել դեպքի վայր կամ թափառող կենդանիների կուտակման հիմնական վայրերը՝ օդանավակայանի, գերեզմանոցների ու աղբանոցների շրջակայքը…

– Իսկ հետո՞…

– Հետո՝ գիշերային ժամերին կատարվում է նրանց ոչնչացման միջոցառումը, այո՛, դժբախտաբար շատ դաժան ու անմարդկային եղանակով։ Շներին պարզապես գնդակահարում են, ապա՝ թաղում Սովետաշենում։ Այսօրվա դրությամբ սա խնդրի լուծման միակ հնարավոր ամենաէժան եղանակն է։ Սակայն ամենաէժան ասելով՝ հասկանում ենք, որ մեկ թափառող շունը մեր պետությանը նստում է մոտ 700 դրամ… Իսկ մյուս մեթոդները, ինչպիսիք են ամորձատումը կամ դեղանյութով կրակելը, որից հետո շները բազմանալու անկարող են դառնում, պարզապես շատ ավելի թանկ են։

– Իսկ արդյո՞ք սխալ չէ նման քանակությամբ շներին թաղելը։

– Իհարկե սխալ է, շներին թաղելով՝ մենք միլիոններ ենք կորցնում, քանի որ սպանված կենդանիներից կարելի է ստանալ կաշի, օճառ ու գազանանոցի կենդանիների համար էժան սնունդ: Սակայն այս խնդրի հիմքում եւս ընկած է ֆինանսների բացակայությունը։ Այսօր մենք բանակցություններ ենք վարում կառավարության հետ երկարաժամկետ վարկ ստանալու համար, որը հնարավորություն կտա գոնե ստեղծել կաշվի վերամշակման արտադրամաս, ինչը իրոք եկամտաբեր գործ կլինի։

– Ի վերջո, ե՞րբ է Հայաստանում թափառող շների վնասազերծումը կատարվելու բացառապես քաղաքակիրթ եղանակով։

– Այն ժամանակ միայն, երբ կստեղծվի հատուկ կենտրոն, որտեղ կհավաքվեն փողոցից բռնված շները, որոնք կօգտագործվեն պահակային, բժշկական-հետազոտական նպատակներով, իսկ ավելի ցեղականները կվաճառվեն… Բայց այս ծրագրի իրագործման համար առնվազն 200 հազար դոլար է հարկավոր։

Արամ ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930