Լրահոս
Օրվա լրահոսը

Վճարե՛ք, թե չէ…

Նոյեմբեր 16,1995 11:04

Ի հեճուկս չկամեցող մարդկանց չարախինդ խոսակցությունների, մեր կառավարությունը շատ է հարգում իր ժողովրդին։ Նույնիսկ երես է տալիս՝ ուղղակիորեն դիմելով նրան։ Ավելին, այդ դիմումի մեջ ոչ միայն գովաբանում է իր սեփական իմաստուն քաղաքականությունը, այլեւ արժանին հատուցում ժողովրդի «համբերությանն ու կենսահաստատ բնավորությանը», որի շնորհիվ նա կարողանում է «լավատեսությամբ նայել վաղվա օրվան»։ Նման ջերմ վերաբերմունք-դիմումին մեր համաքաղաքացիներից ո՞ր մեկը կհանդգնի պատասխանել անշնորհակալ կեցվածքով եւ նույն վայրկյանին չի վազի՝ մարելու էլեկտրաէներգիայի եւ կոմունալ ծառայությունների պարտքերը։

Ո՞վ չի արձագանքի կառավարության հոգու երեկվա պոռթկումին, երբ նա հավաստիացնում է մեզ, թե նշված ծառայությունները այսուհետ էլ կտրամադրվեն բնակչությանը, իսկ լույսը ձմռանը կտրվի (մարդու լեզուն չի պտտվում ասել)… օրական 8-10 ժամ։ Պետք է ենթադրել, որ երեկվա դիմումից հետո խնայդրամարկղները լեփ-լեցուն կլինեն պարտքերը մարելու ցանկությամբ համակված զանգվածներով, քանի որ մեր ժողովուրդը դյուրազգաց է եւ, ինչպես նրբանկատորեն նշում է կառավարությունը, իսկապես համբերատար եւ կենսահաստատ բնավորություն ունեցող։ Իսկ եթե դա, այնուամենայնիվ տեղի չունենա, մեղադրեք ինքներդ ձեզ, սիրելի քաղաքացիներ։ Այսինքն՝ եթե դուք այնուամենայնիվ լույս չունենաք, նույնիսկ վարձը մուծելու եւ վրայից էլ մի բան ավելացնելու դեպքում, կառավարությունն այստեղ ոչ մի մեղք չունի։ Նա, Պոնտոս Պիղատոսի պես, լվացել է ձեռքերը, դիմելով ձեզ հայրական հորդորով։ Մեղավոր կլինեն, ասենք, այդ հորդորին չարձագանքած ձեր հարեւանները, կամ էլ էլեկտրացանցի անբարեխիղճ աշխատողը, որը մասնագիտացել է «ձախ գծերի» եւ, բնականաբար, «,ձախ վարձի» գործում։ Մեղավորներ միշտ էլ կճարվեն, այն էլ մեծ քանակությամբ։

Ոչ ոք, իհարկե, չի հիշի էներգահամակարգի բարելավման մասին տարիներ շարունակվող խոսակցությունների մասին։ Ի դեպ, այդ բարեփոխման կոնցեպցիան քննարկվել է կառավարության կողմից եւ մեկ, եւ երկու տարի առաջ՝ արդյունքը հայտնի է։ Ավելին, անցյալ տարի լույս աշխարհ եկավ կառավարության որոշումը, որը թույլ կտար, թեկուզ մասնակիորեն, իրագործել այդ ծրագիրը։ Սակայն, էներգետիկայի նախարարության եւ այն ժամանակվա ղեկավարի դրան հաջորդած հրամանը միանգամից սառեցրեց բարեփոխական խանդավառությունը, պահպանելով գոյություն ունեցող կարգավիճակը:

Ծրագրի էությունն այն էր, որ, կոտրելով ներկայումս սերտաճած կառույցները, տարանջատել իրարից էլեկտրաէներգիա արտադրողին, փոխադրողին եւ դրա մանրածախ առեւտրով զբաղվողին, ստեղծել նրանց միջեւ նորմալ ֆինանսատնտեսական հարաբերություններ։ Նույն մանրածախ առեւտրականը, այսինքն շրջանային էլեկտրացանցը այսօրվա օրով էներգետիկ հրեշի՝ Հայէներգոի դուստր ձեռնարկությունն է։ Չունենալով սեփականության իրավունք, նա, բնականաբար, հոգ չի տանում այդ սեփականության պահպանման եւ ավելացման մասին։ Եթե վաճառողը ձեռք բերի նման իրավունքներ, ստանա իր ինքնուրույնությունը եւ սեփականությունը՝ ենթակայանների, տրանսֆորմատորների եւ կաբելների տեսքով, ապա նա տիրություն կանի այդ տնտեսությանը եւ ստիպված կլինի աշխատեցնել օպտիմալ ռեժիմով։ Թեկուզ այն պատճառով, որ ինքն էլ իր հերթին հարկադրված կլինի գնել էլեկտրաէներգիա եւ, հետեւաբար, սպառողի հետ իր հարաբերությունները կառուցել այնպես, որպեսզի «տակ չտա»։

Այդ դեպքում «լեւի» լույսի խնդիրը ինքնին կլուծվի, քանի որ այն գումարները, որոնք, շրջանցելով պետական գրպանը, հոսում են մասնավորի մոտ, կգնան ճիշտ ճանապարհներով, ի վերջո, դառնալով ներմուծվող գազի վարձ։ Նույնը կարելի է ասել էներգահամակարգի մնացած օղակների մասին։ Նրանց հարաբերությունների նորմալ եւ առողջ առեւտրականացման դեպքում կարելի է ստանալ շոշափելի արդյունքներ, այդ թվում նաեւ՝ զարգացնել նշված օղակները։ Ինքնուրույն էներգետիկ ձեռնարկությունների ստեղծումը հնարավորություն կստեղծի նաեւ մասնավոր կապիտալի ներդրումների համար, որոնք նույնպես չափազանց օգտակար կլինեին։ Սկզբունքորեն կարելի է ավելի հեռուն գնալ, դուրս գալով Հայէներգոի կառույցների սահմաններից, եւ ստեղծելով, այսպես կոչված, կոնդոմինիմումներ կամ մասնավոր շենքերի ինքնակառավարվող համակարգեր, որոնք հանդես կգան որպես շրջանի ցանցի ընդհանուր պատվիրատու եւ ընդհանուր սպառող՝ կատարելով վերստուգիչ եւ համակարգող ֆունկցիաներ։

Տրամաբանական հարց է ծագում՝ ինչո՞ւ մեզանում չեն շտապում անցկացնել նման բարեփոխումներ, որոնց գաղափարն արդեն վաղուց հասունացել է, իսկ արդյունավետությունը հաստատված է միջազգային փորձով։ Գուցե այն պատճառով, որ էներգահամակարգում աշխատող մարդիկ կենսականորեն շահագրգռված են գոյություն ունեցող իրավիճակի պահպանմամբ: Կամ գուցե սրտաճմլիկ եւ հուզիչ դիմումներով օդ ցնցելը ավելի հեշտ է, քան ստիպել որեւէ մեկին հրաժարվելու այդ շահերից:

Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930