Լրահոս
Օրվա լրահոսը

Անցումային հնարավորություն եւ ապագայի հեռանկար

Նոյեմբեր 16,1995 10:57

Հարցազրույց ՀՅԴ Բյուրոյի անդամ Մասիս Բաղդասարյանի հետ

– Այսօր արդեն ոչ միայն դրսի, այլեւ բուն դաշնակցական շրջանակներում շատ են խոսում ժամանակակից կուսակցությունների գործելակերպում հեղափոխականության սկզբունքի ճշգրտման մասին։ Դուք ի՞նչ կերպ կբնորոշեք «հեղափոխական» մակդիրը ՀՅԴ հապավման մեջ։

– Այս հասկացությունը վերջին տարիներին շատ մեծ շահարկումների տեղիք է տալիս։ Մարդիկ կատաղի պայքար են մղում որոշ հասկացողությունների դեմ, եռանդագին պաշտպանում այլ հասկացողություններ, առանց փոխըմբռնման եւ իրար հասկանալու նվազագույն ճիգի։ Կոռեկտ խոսակցության համար առաջին հերթին պետք է պարզել, թե ինչ բովանդակություն ունի դիմացինի օգտագործած հասկացությունը կամ կատեգորիան։ Գաղափարների ճչացող էկլեկտիզմը, հասկացողությունների այս ահավոր խառնաշփոթը, որի ականատեսն ենք ամեն օր, մեծապես պայմանավորված է պետական քարոզչական մեքենայի միակողմանի եւ հաճախ այլասերող բովանդակությամբ։ Հայկական հեռուստատեսության աշխատանքն արդեն բավական է, որ հայ մարդը իրեն զգա գաղափարական հենքից զուրկ մի անմշակույթ ցեղի անդամ։ Քաղաքական-հասարակական երկխոսության եւ հաղորդակցման պատկերը հիշեցնում է խուլ եւ համրերի խոսակցություն։ Այս ընթացքը հասել է այնտեղ, որ շատ հարգելի քաղաքական, հասարակական գործիչներ, մտավորական հայտնի դեմքեր, անարժան իրենց կոչմանն ու առաքելությանը, իրենց խոսքի եւ ելույթների մեջ պատրաստ են ընդհանրապես մերժելու շատ հասկացություններ, այդ թվում նաեւ հեղափոխությունը կամ հեղափոխականությունը։ Գուցե շատ դասագրքային է, բայց ճշմարտությունն այն է, որ բարեշրջման եւ հեղափոխության երեւույթները օրգանապես իրար շաղկապված եւ իրարով պայմանավորված են։

Պատմական գործընթացների առումով շատ կարճ ժամանակահատվածում, ընդամենը մի քանի տարում մենք ականատես եւ մասնակից եղանք հասարակության որակական հսկայական փոփոխությունների, ազգերի ինքնագիտակցության զարթոնք, ազգային ազատագրական պայքարներ, քաղաքական-տնտեսական կառույցի փլուզում, պետական-հասարակական կարգերի արմատական փոփոխություններ։ Այս հեղափոխական ընթացքը պայմանավորված էր աշխարհի՝ քաղաքականության զարգացման տրամաբանությամբ եւ պատմական անհրաժեշտություն էր։ Այն իր հետ բերեց զրկանքներ, մահ, ավերածություն, զանգվածների արտագաղթ։ Մեր ժողովուրդը շատերի նման արժանապատվությամբ տարավ իր բաժին ծանր բեռը, որովհետեւ հայոց անկախ պետություն կերտելու, իր հոգեկան կերտվածքին եւ բարոյական չափանիշներին հարազատ գոյությունը անվիճելի, գերագույն արժեք էր համարում։

Հեղափոխականությունը նշանակում է. ազգային-ազատագրական պայքարի նվաճումների դիվանագիտական ամրագրում, նոր պայմաններին համապատասխան՝ պետական համակարգի ձեւավորում, օտարածին արատներից հասարակության ձերբազատում, հանրապետության տնտեսության վերականգնում, վերակառուցում եւ զարգացում, ազգի հոգեւոր-մշակութային միասնություն եւ համախմբում…: Հեղափոխական մտածողությանը խորթ են արագ փոփոխությունների եւ արտաքին աննախադեպ, բարենպաստ պայմաններով ստեղծված հնարավորությունների այս ժամանակահատվածում հնարավորին առավելագույնը չանելը, ինքնաբավարարվածությունը, ինքնագոհությունը, մարդկանց տարրական կենցաղային պայմանների փոքրիկ բարելավումները, որպես մեծագույն նվաճումներ ներկայացնելը։ Այսօր ազգային պետականության ինքնահաստատման համար հարատեւ կռվի փուլ է։ Հեղափոխությունը շարունակվում է։

Հեղափոխական մտածողությունը մեր մենաշնորհը չէ։ Այն հատուկ է Հայաստանի քաղաքական շատ շրջանակների եւ անհատ քաղաքական գործիչների։ Առանց երկմտելու կարելի է ասել, որ֊ այս երկիրը երկիր դարձնելու հեղափոխական լիցքով են գործում պետական-վարչական մեքենայում աշխատող գաղափարական եւ նվիրված շատ հայեր։ Դա արդեն իսկ դրսեւորվում է որոշ պետական գերատեսչությունների՝ ժողովրդի համար շոշափելի դրական գործունեության մեջ։ Անշուշտ, խիստ ցանկալի է, որ ազգային խնդիրները լուծելու եղանակներն ու մեթոդները ռազմական-լոկալ կոնֆլիկտների հարթությունից տեղափոխվեն դիվանագիտական-քաղաքական պայքարի եւ տնտեսական մրցակցության հարթություն։ Պայքարի եւ ինքնահաստատման ձեւերը կփոխվեն, դրանում շահագրգռված են պետությունները, ժողովուրդները, միջազգային կազմակերպությունները։ Սակայն դրանցից պայքարի լարվածությունն ու սրությունը չի թուլանա։

Ազգային խնդիրները լուծելու ընթացքում պայքարի ձեւերի փոփոխությանը զուգահեռ՝ Դաշնակցության հեղափոխական մտածողության գործնական դրսեւորումները տարբեր են եղել. օտարների լծից հայությունը ազատագրելու զինված պայքարի կազմակերպում, անկախ պետականության կերտում, հայապահպանում եւ ազգային կազմակերպության աներեւակայելի դժվարին աշխատանք, անհաշտ գաղափարական-քարոզչական պայքար հայրենիքում բռնատիրական կարգ հաստատած կոմունիստական վարիչների եւ նրանց գաղափարախոսության դեմ եւ այլն…:

Այս շրջագծում է նաեւ Արցախի ազգային-ազատագրական պայքարի կազմակերպումը սկզբնական փուլում եւ այնուհետեւ՝ տեւական մասնակցությունը այդ պայքարին։ Այս պայքարի հաղթանակի համար իրենց կյանքը զոհաբերեցին Դաշնակցության հարյուրավոր նվիրյալ ընկերներ, մտավորական-ազնվական հայերի մի ողջ փաղանգ։ Եվ անկախ նրանից, որ այս օրերին կուսակցությունը ենթարկվում է շարունակական հալածանքների, իսկ ազգային-ազատագրական պայքարում էական դերակատարություն ունեցող նրա անդամներից շատերը այժմ բանտերում են, նրանց գործը՝ լինի դա պատերազմի դաշտում, թե պետականության հզորացման գործում, նույն հեղափոխական ոգով շարունակելու են իրենց ընկերները։ Պատմականորեն կարճ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա քաղաքական ազդեցիկ եւ հաշվառելի ուժ տարածաշրջանի երկրների մեջ, նրա տնտեսության զարգացման տեմպերը զգալիորեն պետք է գերազանցեն հարեւան երկրների նույն ցուցանիշները, տարբեր երկրներում սփռված հայությունը պետք է համախմբվի իր պետականության շուրջ՝ հզորացնելով այն եւ վերաշինության նոր լիցք ստանալով նրանից։ Այսպիսի թռիչքային զարգացման հնարավորությունը խարսխված է մեր ժողովրդի ինքնակազմակերպվելու ունակության, կարգապահության եւ օրինապահության, արդար աշխատանքի, նրա ցանկության, իրեն հատուկ բարոյականության բարձր չափանիշների վրա։

– Հայաստանում  անվամբ  ընկերվարական կուսակցություններ կան, բայց հասարակական– քաղաքական կյանքում ոչ ոք լրջորեն չի զբաղվում ընկերվարության մոդելներից որեւէ մեկի պաշտպանությամբ։ Արդյոք ՀՅԴ-ի համար եւս ընկերվարությունը ընդհանրակա՞ն կարգախոս է:

– Ընկերվարության գոյություն ունեցող մոդելներից որեւէ մեկը պաշտպանելու կարիք չկա, դրանք պետք է ուսումնասիրել։ Որպես Հայաստանի իրականության, պետության արտաքին ու ներքին պայմանների արգասիք պետք է միս ու արյուն ստանա ընկերվարության հայկական մոդելը։ Դաշնակցության դասականների մի շարք աշխատություններից բացի՝ այս ուղղությամբ գրեթե ոչինչ չի արվել, եւ սա ունի իր առարկայական պատճառները։ Կոմունիստական Հայաստանում նման աշխատանքները բացառվում էին, քաղաքական ալտերնատիվ միտքը ամենաարգելված բնագավառն էր։ Սփյուռքում այսպիսի աշխատանքի դաշտը եւ պահանջը չկար, իսկ որեւէ սփյուռքահայի այս բնագավառում կատարած աշխատանքները կարող էին լինել կա՛մ շատ վերացական, կա՛մ վերաբերել իր բնակված երկրի պետական-հասարակական կարգին, բայց ոչ Հայաստանին։ Չնայած սրան՝ Դաշնակցության ընկերվարական պատկերացումները սկզբունքային առումով ճշտված են եւ շատ պարզ։

Քանի որ դուք շոշափում եք այնպիսի առանցքային հասկացողություններ, որոնց բովանդակությունը հարցազրույցի շրջանակներում անհնար է տեղավորել, ասեմ ամենակարեւորների մասին։ Առաջնայինը ընկերվարության մեր պատկերացումների մեջ սոցիալական արդարության, հասարակական ընկերային համերաշխության գաղափարն է։ Ազգային հավաքական շահը, առնվազն պատմական զարգացման այս փուլում առաջնային է արմատական ազատականության գաղափարախոսությունից բխող մարդ-անհատի ազատությունների խնդրի նկատմամբ։ Կայուն եւ ուժեղ պետականություն ստեղծելու ճանապարհին մենք ունենք արտաքին աշխարհի հետ կապված չափազանց բարդ ազգային-պետական հարցեր։ Այդ հարցերը լուծելու կարեւորագույն նախապայմանը մեր հասարակության հոգեւոր մշակութային միասնությունն է եւ ընկերային համերաշխությունը, որտեղ բացառվում են դասակարգային, խավային շահերի անտագոնիզմը ու սուր բախումները։ Դաշնակցության համար ընկերվարությունը ընդհանրական կարգախոս չէ, այն ենթադրում է հասարակական մտածողության այնպիսի եղանակ, պետական եւ տնտեսական այնպիսի կարգ, որոնց դեպքում միայն հնարավոր է արտաքին ազգային-պետական խնդիրների լուծումը։

– Ազգերի ինտեգրացման գործընթացին զուգահեռ՝ Դաշնակցության դավանած ազգայնականությունը, ձեր կարծիքով, չպետք է ձերբազատվի զգայական տեսլապաշտությունից՝ «Ազատ, Անկախ, Միացյալ», բայց …

– Ձեր  հարցը  խորքում  վերաբերում  է մեր եւ թուրքերի հարաբերությանը։ Այդ հարաբերություններ կարող են դառնալ բնականոն, եթե լուրջ երկխոսություն սկսվի երկու ժողովուրդների միջեւ Հայկական ցեղասպանության մասին, կամ ինչպես իրենք են ասում՝ 1915-ին տեղի ունեցած ցավալի դեպքերի շուրջ։ Ցեղասպանության հարցը միջազգային իրավունքի հարց է։ Այդ հարցի արդար լուծումով շահագրգռված պետք է լինի հենց ինքը՝ թուրք ժողովուրդը։ Ավելին՝ այն միայն մեր ժողովրդի խնդիրը չէ, որին երրորդ կողմերը կարող են ունկնդրել տհաճությամբ, կամ շահարկել իրենց համար բարենպաստ առիթներով։ Ցեղասպանության ճանաչման համար մղվող պայքարը պայքար է արդարության, արժանապատվության, ազգերի խաղաղ եւ բնականոն համակեցության համար, իսկ ավելի ընդհանուր ձեւով այն պայքար է քաղաքականության պահպանման եւ նրա հեռանկարի համար։ Այնպես որ սա զգայական, կամ միայն զգայական իդեալ չէ, այն Դաշնակցության ծրագրային հիմքերից է։

– ՀՅԴ ժողովը ծրագրային-գաղափարական վերանայումներին համապատասխան՝ առաջադրելու է նաեւ կառույցի փոփոխության խնդիրը։ Դուք ինչպե՞ս եք գնահատում 2 Բյուրոների գաղափարը եւ ընդհանրապես համապատասխան օղակների իրավասությունների ընդլայնումը՝ որպես արագ հակազդման ընդունակ, ինքնավար միավորներ՝ պատասխանատվության համարժեք չափով։

– Բացարձակապես ճիշտ եք, որ Ընդհանուր ժողովը կարեւորությամբ կանդրադառնա Դաշնակցության կառույցային հարցերին։ Կառույցին վերաբերվող հարցերում առաջարկները, տարբերակները չափազանց շատ են։ Մի բանում համոզված եմ, որ ժողովը հարազատ կմնա կազմակերպական ապակենտրոնացման եւ գաղափարական կենտրոնացման հիմնարար դրույթին։

Վերջին տարիներին նկատելի էր շեղում ապակենտրոնացման սկզբունքից։ Ղեկավար մարմինը իր ձեռքում էր կենտրոնացրել որոշ իրավասություններ, որոնք իրենց դրական արդյունքի հետ միասին, բացասաբար էին անդրադառնում մեր կազմակերպական շրջանների նախաձեռնությունների իմաստով, հաճախ զրկելով կազմակերպությանը իրեն հատուկ ճկունությունից։ Կարծում եմ, որ Դաշնակցության կառույցը պետք է լինի դաշնակցային: Ասածս տաֆտալոգիա չէ։ Այն հետեւյալ բովանդակությունն ունի։ Դաշնակցության յուրաքանչյուր շրջան (յուրաքանչյուր երկրում) ինքը պետք է ընտրի իր գերագույն մարմինը։ Գաղափարական-քաղաքական կենտրոնացման խնդիրները, առանց որոնց կազմակերպական ապակենտրոնացումը ձեւական ֆրազ է, պետք է ճշտվեն զուգահեռաբար, բոլոր շրջաններից ընտրված պատգամավորների ընդհանուր ժողովով՝ համագումարով։ Այդ ժողովի որոշումները պարտադիր չպետք է լինեն, եւ տվյալ շրջանների գործադիր մարմիններից վեր կանգնած գործադիր մարմին չպետք է ընտրվի։

Այսպիսի կառույցը համապատասխանում է մեր հիմնարար սկզբունքներին, Հայաստանի Հանրապետության օրենքներին։ Այն հնարավորություն է տալիս յուրաքանչյուր կազմակերպական շրջանի կատարելապես ինքնուրույնաբար, ազատ եւ ստեղծագործ ոգով լուծելու իր խնդիրները, համոզմունքներով եւ մտակերտվածքով մնալով Դաշնակցության գաղափարական ընտանիքի անդամ։ Այսպիսի կառույցում ֆունկցիաների եւ գործելակերպի խառնաշփոթ, գաղութային խնդիրները քաղաքականության վերածելու կամ հայաստանյան ներքին քաղաքական հարցերը ուղղակիորեն գաղթօջախներ տեղափոխելու վտանգ չկա։ Այն կարող է մեծ արդյունավետությամբ գործել ի շահ հայության եւ Հայաստանի Հանրապետության։ Ուզում եմ շեշտել, որ կառույցի մասին ասածս զուտ անձնական տեսակետ է։ Հավատում եմ, որ ի վերջո, դրան պետք է գնանք, սակայն գիտեմ, որ ներկա պայմաններում կուսակցությունը հայտնվել է մի այնպիսի վիճակում, որ հարցերի լուծման ճանապարհին կառույցային հարցերը միահյուսված են քաղաքական, իրավական եւ գործելակերպի խնդիրների հետ։ Կարծում եմ, որ Ընդհանուր ժողովը, ելնելով ներկա վիճակի առարկայական բարդություններից, կորդեգրի այնպիսի կառույց, որը լինելով անցումային՝ հնարավորություն եւ հեռանկար կստեղծի հետագայի համար։

Ինչեւէ, բոլոր հարցերի լուծման իրավասությունն Ընդհանուր ժողովինն է: Ընդհանուր ժողովը Դաշնակցության կամքի վերին արտահայտությունն է, նա է որոշում՝ ինչ է Դաշնակցությունը…:

Նարինե  ԴԻԼԲԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930