Լրահոս
Օրվա լրահոսը

Չարդարացվող ինքնամերժում

Նոյեմբեր 15,1995 15:40

Խորհրդային հայրենիքը, ճիշտ է, անթերի- անմատույց բանտ էր, բայց մեկ- մեկ պետք էր լինում աշխարհին ապացուցել, որ բանտախցերում էլ է արվեստ ծնվում։ Ապացույցի տարածված ձեւերից մեկը արտասահմանյան հյուրախաղեր կազմակերպելն էր։ Հայաստանն այդ առումով լավ ցուցանմուշ էր. նախ՝ զուրկ չէր մշակութային ներկայանալի արժեքներից, երկրորդ՝ սփյուռքահայության հայրենածարավությունը հիանալի օգտագործում էր՝ համերգային հրավառություններով միջազգային հանրությանը շլացնելու համար:

Այնուամենայնիվ, արտասահմանյան հյուրախաղերը իշխանությունների աքիլեսյան գարշապարն էին։ Որովհետեւ երկրից դժգոհ երաժիշտները,

երգիչներն ու դերասանները սովորաբար հյուրախաղերի առիթն էին օգտագործում աշխարհի ցանկացած պետությունում մշտական բնակություն

հաստատելու նպատակով։ Խորհրդային շղթայակապ քաղաքացիները, սահմանից այն կողմ հայտնվելով, սամսոնյան ուժով ձերբազատվում էին

միտք ու հոգի կաշկանդող կապանքներից եւ երդվում ծառայել միայն իրենց մուսային, որը քաղաքական ոչ մի պահանջ չէր ներկայացնում։ Շատերը

ձախորդությունների էին հանդիպում, ընկնում ավելի վատթար պայմանների մեջ, զգում, որ իրենց հաջողությունն ընդամենը մաշկին անշնորհքաբար հարմարեցված սիրամարգի փետուրներ էին։

Բայց, որպես կանոն, նրանցից ոչ ոք ներում չէր աղերսում։ Քանզի վստահ էին, որ այն չեն ստանա։ Նրանք չէին սխալվում՝ հայրենիքը լքողներն արժանանում էին միակ ու անսակարկ պիտակին՝ դավաճան։ Առհասարակ, դավաճանները նրանք են, ովքեր դժվար պահին են մտերիմներին լքում։ Բայց անհանդուրժողության մոլուցքում մոռացված էր անգամ այդ մատնիչ գործոնը։ Դավաճան՝ ցկյանս: Այս էր խորհրդային դատավճիռը, նրան էր ենթարկվում սթափ բանականության ցանկացած ճիչ։ Նախեւառաջ, վերանայվում էին ռադիոյի ձայնադարանը եւ հեռուստատեսության տեսադարանը։ Այժմ արդեն դժվար է հաշվել տարիների այն գումարը, որոնց ընթացքում ունկնդիրները զրկված էին Մստիսլավ Ռոստրոպովիչի, Գալինա Վիշնեւսկայայի, Մաքսիմ Շոստակովիչի եւ այլոց ձայնագրությունները լսելու հնարավորությունից։

Հայաստանում ամեն ինչ, նաեւ այս միտումը, հասցված էր չափազանցված «մաքրամոլության»։ Երկար ժամանակ հայկական եթերից իսպառ անհետացել էին Վահան Միրաքյանի, Աննա Նշանյանի, Մելանյա Աբովյանի, Էլլադա Չախոյանի, Արմեն Մանդակունյանի, Արթուր Մեսչյանի, Ժան Տեր-Մերկերյանի, Օհան Դուրյանի, էլի շատ-շատերի անուններն ու ձայնագրությունները։ 1989-ին նույն բախտին արժանացավ նաեւ երգիչ Գեւորգ Հունանյանը։ Հյուրախաղերից չվերադարձած այս արվեստագետն էլ

եթերից միաձայն արտաքսվեց։ Բացի նրանից, որ «դավաճանը» լքել էր հայրենիքը, նրա խղճին էր «ծանրացվում» նաեւ երկրաշարժի         հետեւանքով

հաշմված նկարիչ հորը միայնակ թողնելու հանցանքը։ Հեռուստատեսության եւ ռադիոյի պետական կոմիտեի այն ժամանակվա ղեկավարի հրամանով (որը, գուցե, ավելի բարձրից եկած հրամանի պատճենն էր), մի ջանադիր աշխատանք սկսվեց՝ ծրագրերը հունանյանական կատարումներից մաքրազարդելու համար: Երբ կոմիտեական հավաքույթներից մեկում ընկեր ղեկավարին ակնարկվեց, թե չարժե անմեղ ունկնդրին այդքան դաժանորեն պատժել, ակնարկն ընդամենը հանդգնություն համարվեց։ Տեղի չտալով՝ միտքն առաջ տարվեց՝ Հունանյանի երգացանկում կան ստեղծագործություններ, որոնք իրենց կրկնակը չունեն։ Խոսքը վերաբերում էր հատկապես հյուրախաղային տեսագրություններից մեկին, որտեղ երգիչը մի բացառիկ կատարում ուներ: Պատասխանը՝ «հետո ինչ»։

Երեւի մեր ու արտասահմանում օթեւանած հայ արվեստագետների բախտից էր, որ հետոինչյան հոգեբանությունը շատ շուտով փոխարինվեց «Մեկ ժողովուրդ, մեկ մշակույթ» կարգախոսով։ Քաղաքական այլախոհության հետ մշակութային այլախոհությունն էլ սկսեց հարգվել։ Ավելի ճիշտ ընկալվեց, որ դա այլախոհություն էլ չէ, այլ ազատ ստեղծագործելու աստվածատուր իրավունք: Առանց նրանից օգտվելու եւ նրանով ներշնչվելու՝ հնարավոր չէ արվեստի որեւէ արժեք երկնել, որքան էլ օժտվածության աստիճանը տաղանդին միտվելիս լինի։ Այսպահյա ճշմարտությունն այն է, որ հայկական եթերում, ազդագրերին ու մամուլում այլեւս մերժված անուններ չկան։ Համամասնությունների որոշ խախտումներով հանդերձ, այնուամենայնիվ, առիթ ենք ունենում լսելու եւ կարդալու այն բոլոր արվեստագետների մասին, ովքեր ժամանակին խիզախելով ծառացան կաշկանդումների դեմ եւ հեղինակը դարձան ստեղծագործությունների, որոնք բնորոշ են միայն իրե՛նց անհատականությանը։

Երկուստեք փոխըմբռնման այս ընդհանուր տարածքում, սակայն, դեռ կան արտասահմանում խարիսխ ձգած նախկին հայաստանցի արվեստագետներ, ովքեր շարունակում են խռոված մնալ՝ թիկունքը հայրենիքին դարձրած։ Արդյո՞ք Հայաստանի բարեփոխումների չափը նրանց դեռ անհասանելի է։ Թե՞ խռովածի կեցվածքը հարմար քող է՝ չկայացած տաղանդը գաղտնածածուկ պահելու համար։ Եթե անգամ դա է Հայաստան գոնե հյուրախաղերով չվերադառնալու, հայրենի արվեստագետների հետ կապեր չպահպանելու պատճառը, էլի սխալ է, եւ արդեն՝ աններելի։ Քանզի հայրենիքը իզուր չեն մոր հետ համեմատում. նրա համար թանկ են իր բոլոր զավակները՝ տաղանդավոր թե անտաղանդ, նույն տանիքի տակ ապրող թե տարագիր:

Հրաչուհի  ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930