Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց ընտրախավի

Նոյեմբեր 15,1995 14:33

Սկիզբը

4.Բոհե՞մ, թե՞ էլիտա

1988-ից՝ Շարժման, 1990-ից իշխանության ու ընդդիմության վերին ոլորտներում այնքան շատ երբեմնի բոհեմականներ հայտնվեցին, որ այսօր կարող ենք խոսել «լճացման» տարիների բոհեմի ու այժմյան քաղաքական էլիտայի զգալի նույնության մասին։ Ավելին, այն տարիների պաշտոնական ընտրախավից էլ իրենց հասարակական կշիռը պահպանեցին միայն նրանք, ովքեր հավասարապես ընդունված էին եղել նաեւ բոհեմի կողմից։

Ինչո՞վ բացատրել բոհեմի ներսում այսպիսի ներուժի առկայությունը։ Առաջին հերթին, նյութականի համեմատ հոգեւոր արժեքների բացարձակ գերազանցությամբ, որը բոհեմին պակաս հատուկ չէ, քան էլիտային։ Իր կարեւորությամբ հաջորդ պարագան այն է, որ բոհեմականներից շատերը չէին աշխատում կամ աշխատելիս      պաշտոնական առաջխաղացման ձգտումներ չէին ցուցաբերում։ Մինչդեռ այն տարիների կարիերան, կարիերան՝ առհասարակ, ամենից ավելի է հղի բարոյական կորուստներով, որ պատճառում են համարյա պարտադիր ստորաքարշություններն ու կաշառակերության շղթան: Զուր չէ, որ քրեական հեղինակությունների նման որոշ բազմավաստակ բոհեմականներ իրենց չաշխատելուն տալիս էին քաղաքացիական անհնազանդության երանգ. «Ես էս պետության համար չեմ աշխատի»։

Կենցաղային մակարդակում բոհեմականներին ամենօրյա նվաստացումների որոշ բաժնից խուսափելու հնարավորություն էր ընձեռում այն, որ չաշխատելու կամ աշխատանքի ստեղծագործական բնույթի շնորհիվ նրանք պիկ ժամերին չէին օգտվում տրանսպորտից։ Նաեւ՝ որեւէ սննդամթերք մի- փոքր էժան առնելու համար ժամերով հերթ չէին կանգնում՝ գերադասելով այն ընդհանրապես չառնել։

Եվ, ի վերջո, բոհեմականներին օգնում էր իրենց անհատականությունը  պահպանել բոհեմի՝ միակ, «էլիտար» համակարգ լինելը։ Ընդ որում, թե բոհեմի, թե էլիտայի հետ շփվելու համար կողմնակի անձանցից փող է պահանջվում։ Էլիտայի համար՝ շատ, բոհեմի համար՝ մի խմելու, բայց՝ ամեն օր։ Եվ եթե իշխանության սիրեցյալները գոհ էին իրենց մատուցվող պատիվներից, ապա շատ բոհեմականներ իրենց հաղթած էին համարում «համբուրգյան հաշվում» եւ բավարարված էին դրանով։ Մանավանդ, որ դեռ այն ժամանակ կյանքը երբեմն ցույց էր տալիս, որ բոհեմից էլիտա մեկ քայլ է։ Եվ երբ որեւէ երդվյալ բոհեմականի տեսնեիք փողկապով ու թարմ սափրված, ուրեմն, նա փորձել էր անել այդ քայլը։ Փողկապը նշանակում էր հրաժարում բոհեմից, որը պաշտոնական էլիտայի մաս կազմելու պայմաններից մեկն էր։ Բայց բոհեմը միայն վարք չէր։ Որովհետեւ պաշտոնական մշակույթի երեւելիներին, այն էլ՝ միայն 60–80–ական թվականներից, թույլատրվում էր ոչ ավելի, քան ակնարկել ճշմարտության մասին։ Մինչդեռ բոհեմում ճշմարտությունը, ասվում էր լիաբերան, իսկ ընտրյալները պետք է ոչ միայն հասկանային, թե ինչ է կատարվում այսօր, այլեւ կռահեին, թե որն է գերապատվելի վաղը։

Եվ կային այնպիսի բոհեմականներ, որ մտածողության ազատություն ունեցան իրենց ստեղծագործություններում անելու այդ բանը։

Թեեւ նույնիսկ նրանք չգիտեին, որ անճանապարհ այսօրվա ու երազելի ապագայի միջեւ անդունդ է, որի վրայից հնարավոր չէր ոստնել։

 

5.Բոհե՞մ, թե՞ հատակում

«Էս մի անգամ էլ եմ փորձում։ Որ չկարողացա փոսից դուրս գալ, թողնում-գնում եմ տուն»։

Անեկդոտ

Բայց կային նաեւ շատ բոհեմականներ, որոնք ո՛չ գիտակցման, ո՛չ կռահման ի վիճակի չէին, որովհետեւ իրենք արդեն անդունդի մեջ էին, ավելի ճիշտ՝ հատակում։ Նրանք կամ չունեին որեւէ կարգի օժտվածություն, որի ազատ դրսեւորման անկարելիությունից մղված լինեին բոհեմ, եւ ազատ վարքի չարաշահմամբ փորձելով լրացնել այդ բացը, կործանվում էին, կամ ունեին տաղանդ, բայց չունեին ուժ, որ անտեսեին հասարակության մերժումը, եւ կոտրվում էին այդ աներեւույթ կախվածությունից։ Առաջինները հիմնական պատճառն էին նրա, որ բոհեմը ոչ թե ազատախոհության դրախտ էր, այլ, ի վերջո, հասարակության ետնախորշ։ Սրանք գռեհկացնում էին բոհեմը՝ իրենց թերուսությունը մատուցելով որպես ավանդույթների ժխտում, ծուլությունը՝ անհոգություն, հարբեցողությունն ու խուլիգանությունը՝ պայմանականություններից հրաժարում եւ այլն։ Ընդ որում, շատերն այնքան արխային էին, որ հասարակությանը հակադրվելու փոխարեն, հակադրվում էին ժամանակի ընթացքին։ 20-րդ դարի երկրորդ կեսին նրանք սթափ ժամերին էլ խոսում էին այնքան ճոռոմ, ասես խմած լինեին, ու դրանից ենթադրում, թե արվեստագետ են։ Իսկ պոնտական միջավայրում նաեւ ընդունված էր «երգել» բանաստեղծությունները՝ անկախ հեղինակի լոռեցի լինել-չլինելու հանգամանքից։

Երկրորդ՝ կոտրվածների տեսակը, բոհեմի «մասնագիտական ռիսկի» բնական

հետեւանքն էր։ Ցանկացած բոհեմականի ամենօրյա աշխատանքը հենց այն էր, որ հավասարակշռություն պահպանի քաղքենացման սքիլլայի ու լյումպենացման քարիբդայի միջեւ։ Հատկապես վերջին վտանգի առարկայացումը, ընդհանուր հեղձուկի ու հնքնահաստատման ճանապարհին սփռված խոչընդոտների պայմաններում, կախված էր միայն բախտի քմահաճույքից։

Բոհեմի որոգայթները սպառնում էին մարդու թե՛ բարոյականությանը, թե՛ պարզապես՝ ֆիզիկական գոյությանը։ Միայն Սլավիկ Չիլոյանն էր՝ հայտնի Չիլոն, որ բոհեմում զոհվեց՝ բառի ուղղակի իմաստով, վայր ընկավ «Առագաստ» սրճարանի սանդղավանդից, որտեղ ավելի ունեւոր մի խավ կանգնեցրած կլիներ իր ընկերակցի հուշաքարը, շատ ու շատ ուրիշները կոտորվեցին մելամաղձության, գինեմոլության ու անկանոն կենցաղի հարուցած հիվանդություններից, դժբախտություններից ու վթարներից՝ առանց ընկալվելու որպես բոհեմի զոհեր։

Այսօր բոհեմը հյուծված է ու ուժասպառ։ Նրա ամենատաղանդավոր զավակները պետական ու քաղաքական գործունեությամբ են զբաղված։ Նրա շատ նվիրյալներ անժամանակ հեռացել են կյանքից։ Նրա ընդդիմադիր դերը խլել են տարբեր կուսակցություններ, մամուլը, սարսափելի դժգոհ քաղքենությունը, հասարակության այլ խավեր։ Նրա ցինիզմը, որ կարող էր այնպիսի ծաղր ուղղել քաղբյուրոյի զառամյալ անդամի կամ ՍՍՀՄ ժողովրդական սիրված արտիստի դեմ, որ բարեպաշտ սովետական քաղաքացու ու արվեստասերի մազերը բիզ-բիզ կկանգնեին, այլեւս առաջվա պես անշահախնդիր չէ. այն նախանձով է շաղախված նախկին բախտակիցների հանդեպ, որոնք այսօր իշխանություն եւ սրանից բխող այլ բարիքներ ունեն։ (Բացի այս, ժողովրդավարական համակարգն ինքը կուռքեր չհանդուրժելու առումով, պակաս ցինիկ չէ բոհեմից):

Սա է պատկերը։ Առաջնորդներից ու միավորող գաղափարներից զրկված, նոսրացած բոհեմում արժանի սերնդափոխություն կարող է եւ չկատարվել։ Հնարավոր է նաեւ, որ զարգացած այլ հասարակությունների օրինակով, այն վերածվի զուտ արվեստի ու գրականության ընտրախավի նախասրահի։

Ուզում եմ միայն մի վերապահում անել։ Թե՛ բոհեմի, թե՛ ընտրախավի մասին ասածներիս արժանապատվությունը լիարժեք անդամի կամ վկայի չէ, այլ՝ դիտորդի։

6.Էլիտա՞, թե՞ բոհեմ

Էլիտան, այո, փակ համակարգ է, բայց նրա ներկայացուցիչը պետք է անպայման ազդեցություն ունենա հասարակության վրա։ Ընդ որում, այդ ազդեցությունը հաճախ միջնորդավորված է։ Այսինքն, տվյալ անձնավորությունն ինքը հայտնի չէ լայն հասարակությանը, բայց հեղինակություն ունի ազդեցիկ մարդկանց շրջանում։

Մինչ 88-ի հայաստանյան էլիտայի խոցելիությունն այն էր, որ նրա մի նշանակալի հատվածը պարփակված էր բոհեմում՝ գրեթե մեկուսացված վիճակում։ Այն ուներ միայն մի ելք դեպի հասարակություն՝ «Գարուն» ամսագիրը, որը սիրված ու տարածված, բայց իր ամբողջ ազատամտությամբ հանդերձ գտնվում էր նաեւ կուսակցական գրաքննության մուրճի ու Գրողների միության պահպանողականության սալի միջեւ եւ բավական չէր էլիտայի գաղափարները լիովին արտահայտելու ու հասարակության մեջ արմատավորելու համար։

Հասարակության, այսօրվա սերուցքի խոցելիությունը նույն բնույթի է։ Այն հանրության կողմից համարյա գիտակցված չէ որպես ընտրախավ եւ համապատասխանաբար նոր քաղաքացու հոգեբանության ու վարքի մշակման լուրջ գործոն չէ։ Իսկ խոսքի ազատության պայմաններում, հասարակության եւ նրա սերուցքի կապի բացակայությունը հավասարազոր է բուն սերուցքի բացակայությանը։

Այս իրավիճակն, իմ կարծիքով, ունի երեք հիմնապատճառ։ Նախ՝ երեկվա կռապաշտ հասարակությունը, որը 88-ի հերոսներին էլ հեշտ ու հաճույքով դարձրեց երկրպագության առարկա, դեռ չհ հաշտվել նոր համակարգի

համաձայն «կուռք» բարձրագույն գնահատականը «ընտրյալ»-ով փոխարինելու անհրաժեշտության հետ։ Եվ շարունակում է կուռքեր որոնել ու հիասթափվել իր ջանքերի ապարդյունության հետեւանքով։

Մյուս պատճառն այն է, որ Հայաստանում այսօր միակ վերելք ապրող «ճյուղային» վերնախավը՝ քաղաքականը, հակված է իրեն նույնացնել ողջ հասարակության ընտրախավի հետ։ Հակումն ինքը հասկանալի է, բայց երբեմն այլ ասպարեզներում հեղինակություն վայելող անհատականությունների հանդեպ խանդի տեսք է ընդունում, մինչդեռ քաղաքական վերնախավը, իր տիրապետած լծակներին նայելով, ավելի շատ պարտավոր է նրանց հովանավորի՛ դերը ստանձնել։ Դա ցույց կտար, որ նոր իշխանությունը վերջապես հագեցրել է իր պատանեկան, իսկ երբեմնի բոհեմականները՝ նաեւ պաշտոնական ինքնահաստատման ծարավը։

Պարադոքս է, բայց՝ փաստ, որ սրան զուգահեռ քաղաքական վերնախավն ավելի նախանձախնդիր է իր մասին ինֆորմացիայի պահպանմանը, քան՝ տարածմանը։ Այսինքն, պաշտոնական չորուցամաք տեղեկատվությունից զատ, որեւէ միջոց չի տալիս հասարակությանը որոշելու այս կամ այն անձի պատկանելությունը ընտրախավին։ Իսկ պակասը լրացնում են նույնպես հավաստի լուրերի բացակայությունից ծնված առասպելները, որոնք ներկա ղեկավարներին բնութագրում են միայն բացասաբար (զեխ կենցաղ, շքեղ առանձնատներ, արտասահմանյան բանկերում հաշիվներ, արտառոց չափերի կաշառքներ եւ այլն): Ընդ որում, առասպելի ժանրի ծաղկումը միայն իշխանություններին չի վնասում, այն քաղաքակրթության մի շարք ուրիշ նվաճումներից (էլեկտրականություն, տաք ջուր, աշխատանք, աշխատավարձ) զրկված մեր ժողովրդին ավելի է վերադարձնում իր պատմության անգիր կամ բանավոր շրջանը։

Երրորդ պատճառը՝ իշխանության եւ ընդդիմության ճամբարների փոխադարձ անհանդուրժողականությունն է։ Այստեղ իրար մասին ասում են կամ վատ, կամ՝ ոչինչ։ Որը, բնականաբար, չի նպաստում, որ սրանցից որեւէ մեկը հասարակության ընտրյալ ճանաչվի։

Ընտրախավը միայն գեղեցիկ բառ չէ կամ բարի ցանկություն։ Որպես յուրատեսակ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԵՎ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՓԱՐՈՍ այն քաղաքացիական հասարակության հիմքերից մեկն է: Հայաստանում ներքին կայունությանը կգումարվի նաեւ ներդաշնակությունը, երբ բոլոր ոլորտների վերնախավերին իշխի հասարակության ընտրախավը։

Անձամբ ես այդպես եմ պատկերացնում փիլիսոփաների կողմից «կառավարվող» պլատոնյան կատարյալ պետությունը:

Վահրամ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930