Երեկ «Դրո»-ի դատավարությունում վերջապես ավարտվեց ամբաստանյալ Գեղամ Մանուկյանի ցուցմունքների քննարկումը։ Վերջնագծում Գ. Մանուկյանի դատապաշտպան Ժորա Մանուկյանը հանդես եկավ հայտարարությամբ։ Պնդելով, թե իր պաշտպանյալի տանը եւ աշխատավայրում կատարված խուզարկությունները, ինչպես նաեւ ձերբակալությունը կատարված էին օրենքի խախտումներով, նա խնդրեց կոլեգիային քննության չառնել նախաքննության տվյալները, որոնք վերաբերում են Մանուկյանին։
Հաջորդ ելույթ ունեցող ամբաստանյալը պետք է լիներ Արմենակ Մնջոյանը, որը, սակայն, հայտարարեց, որ առայժմ դատավարությանը չի մասնակցում։ «Այժմը ե՞րբ է գալու» հարցին նա պատասխանեց. «Արծրունու ցուցմունքներից հետո», եւ առաջարկեց առանց երկար քննարկումների հրապարակել իր ցուցմունքները նախաքննության ժամանակ։ Ինչը եւ արեց դատավոր Մանուկյանը, նկատելով, սակայն, որ այնտեղ էլ ցուցմունք չկա՝ նախաքննության ժամանակ Մնջոյանն ասել է, որ ամեն ինչ կասի դատարանում։ Այդպես էլ կար. ոչ հարցաքննությունների, ոչ առերեսումների ժամանակ Մնջոյանը չպատասխանեց ոչ մի հարցի, որը կապված էր «Դրո» կառույցի հետ։
Քննության ժամանակ Մնջոյանը պատմում էր միայն այն միջադեպի մասին, որը տեղի էր ունեցել «Արարատ» ռեստորանի մոտ։ Ըստ գործի տվյալների, նա վեճի ժամանակ կրակել եւ վիրավորել էր Արկադի Թունյանին եւ Բագրատ Միրաքյանին։ Մնջոյանի խոսքերով, նա միայն պաշտպանվում էր եւ զենքը խլել էր իր վրա հարձակվող Թունյանից։ Վերջինս դատարանում ներկայացրեց կատարվածի տրամագծորեն հակառակ վարկածը։ Այդ առիթով հայտարարությամբ հանդես եկավ Մնջոյանի դատապաշտպան Ռուբեն Ռշտունին, որը պահանջեց ապահովել դատարանի դահլիճում տուժածներ Թունյանի եւ Միրաքյանի ներկայությունը։
Այսօր դատական նիստ չի լինելու։ Փաստաբան Սահակյանը ցանկացավ խորհրդակցել իր պաշտպանյալ Հրանտ Մարգարյանի հետ, որը վաղը, ինչպես սպասվում է, ցուցմունքներ է տալու։
Կարդացեք նաև
Ե. ԱՎԵՏԻՍՅԱՆ