Սկզբունքորեն պառակտումն Հայաստանի կոմկուսում վաղուց էր հասունացել, եւ նրա այսօրվա դրսեւորումները, փաստորեն, հին վեճի շարունակությունն են։ Եթե հիշում եք, նախկին ԳԽ-ի կոմունիստական խմբակցությունը լուրջ հակասությունների մեջ էր մտել հարազատ կուսակցության կենտկոմի հետ։ Այսօրվա «աղանդավորները» ներկայացված չէին նաեւ ԱԺ-ի ընտրություններին ներկայացված կուսակցական ցուցակում։ Որքան կարելի է դատել, Կոմկուսի ներկայիս ներքին ընդդիմությունը ձեւավորվել է քաղաքապետի նախկին տեղակալ Բաբկեն Վարդանյանի, ինչպես նաեւ Բագրատ Ղարիբջանյանի շուրջ։
Ըստ գոյություն ունեցող վարկածներից մեկի, այս իրավիճակը Ռուսաստանի կոմկուսում տեղի ունեցող գործընթացների հայելանման արտացոլումն է։ Այնտեղ օրթոդոքսները, ՍՄԿԿ ԿԿ նախկին քարտուղար Շեյնինի ղեկավարությամբ, որոշակի քաշ են ձեռք բերում, այդ թվում՝ համախոհներ հավաքագրելով եղբայրական կոմկուսների շարքերից։ Պետք է հաշվի առնել նաեւ, որ որոշ տվյալներով կոմունիստական մաքրության եւ տոկունության այսօրվա ջատագովներին պաշտպանում է նաեւ մեզ քաջ հայտնի Սուրեն Հարությունյանը, որը վերջերս որոշակի տեղ է զբաղեցրել ռուսաստանյան իսթեբլիշմենտի շրջանակներում։ Վերջին հաշվով, Հայաստանի կոմունիստների ղեկավար Սերգեյ Բադալյանը իր կուսակիցների կողմից ենթարկվում է ճիշտ նույն հարձակումների, ինչ որ նրա անմիջական ղեկավար
Գենադի Զյուգանովը։ Նրանց մեղադրում են կոմունիստական սկզբունքները դավաճանելու մեջ՝ հօգուտ լիբերալ-բուրժուական հոսանքների։ Օրինակ, պրն Բադալյանին չեն կարողանում ներել, որ նա հարցազրույցներից մեկում հակադրում էր ազգային բուրժուազիան այսպես կոչված «կոմպրադորայինին» (առեւտրականին) եւ նշում էր առաջինի դերը ազգային պետականության վերածննդում։
Բոլոր դեպքերում ՀԿԿ Շահումյանի շրջկոմի որոշումը՝ Բադալյանին եւ Դարբինյանին անվստահություն հայտնելու մասին, խթանեց ներկուսակցական խաղը, որի կանոնները թելադրվում են ոչ այնքան Հայաստանում, որքան Ռուսաստանի մայրաքաղաքում։ Շատ հնարավոր է, որ
խռովարար շրջկոմը հիմք դառնա նոր կազմակերպության համար, շարունակելով կուսակցությունների պառակտման խրոնիկական հայկական հիվանդության ավանդույթները։
Ի դեպ, որոշ տվյալներով, վերջերս Հայաստան է այցելել ամենապնդաճակատ կոմունիստուհիներից մեկը՝ Սաժի Մալաթովան, որից Հայաստանի Կոմկուսը գերադասեց հեռու մնալ։ Այսօր, հավանաբար, մեզանում ձեւավորվել են ուժեր, որոնց հետ ԽՍՀՄ անհապաղ վերականգնման կողմնակիցները կարող են մտնել սեպարատ բանակցությունների մեջ։ Համենայնդեպս, պարզ է, որ նախկին ԽՍՀՄ-ի տարածքում կոմունիզմի ուրվականը իրեն բավականին ազատ է զգում։
Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ