Լրահոս
Օրվա լրահոսը

Դաշնակցությունը կանգնած է ընտրության առջեւ

Նոյեմբեր 15,1995 10:05

Ինչպես հայտնի է, այսօր պետք է սկսվի Հայ Հեղափոխական Դաշնակցության ընդհանուր ժողովը։ Հաշվի առնելով այն խոր ճգնաժամը, որ տիրում է կուսակցության շարքերում, սպասվում է, որ այս անգամ ընդունվելու են բավականին արմատական որոշումներ։ Դա է վկայում նաեւ այն սուր բանավեճը, որը ընթանում է կուսակցության ներսում տարբեր հոսանքների միջեւ։ Իսկ Մարուխյանի հիվանդությունը ազդակ հանդիսացավ այդ պայքարի էլ ավելի ուժեղացման համար։

Ի՞նչ հոսանքներ են առկա ներկա փուլում կուսակցության մեջ։ Անկասկած, այդ հոսանքների դասակարգումը կրում է զուտ պայմանական բնույթ, այդուհանդերձ կարելի է նշել այստեղ առնվազն 3 դիրքորոշում՝ – ազատական

– հեղափոխական

– ցենտրիստական-պահպանողական։

Ազատականներ. Այս հոսանքի ներկայացուցիչների կարծիքով, Դաշնակցությունը կորցրել է իր արդիականությունը եւ պետք է արմատական փափոխություններ կրի՝ աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին համահունչ։ Այս թեւի ռադիկալ ներկայացուցիչ, հայտնի սփյուռքահայ մտավորական Վահե Օշականը նույնիսկ առաջարկում է մեկ բյուրոյի փոխարեն կազմել առանձին երկու բյուրոներ, Սփյուռքի եւ Հայաստանի համար։ Մասնավորապես, 1994թ. թիվ 3 «Դրօշակում» «Մի քանի գաղափարներ ՀՅԴ կառույցի բարեփոխման մասին» հոդվածում նա նշում է, որ «այս քայլը կարեւոր է բազմաթիվ պատճառներով…

Սփյուռքի եւ Հայաստանի քաղաքական ու ընկերային կացությունների մեծ տարբերությունը, վարչական գործերու ընծայած դիտությունները եւ այլն»։ Պնդելով երկու բյուրոներ կազմելու անհրաժեշտությունը, Օշականը Սփյուռքի կառույցի համար նախատեսում է մի քանի արմատական դրույթներ։ Ըստ նրա, Սփյուռքի Դաշնակցությունը պետք է «վերջ տա Սփյուռքը պառակտող քաղաքական ու այլ հակամարտություններուն եւ ստեղծի համահայկական համերաշխության կլիմա»։ Վ.Օշականը առաջարկում է նաեւ.

ա)հրաժարվել «նացիոնալ սոցիալիզմից»,

բ)հրաժարվել միացյալ կամ կենտրոնացած գաղափարախոսությունից,

գ)հստակեցնել «Հայ Դատի» հարցի ձեւակերպումը։

Այնուհետեւ Օշականը փոփոխություններ է առաջարկում Սփյուռքի կուսակցության կանոնագրում: Նա մասնավորապես առաջարկում է «երդման» արարողությունը դարձնել կամավոր խնդիր կուսակցություն ընդունվողների համար: Նա մերժում է նաեւ ամեն տեսակի կարգապահական կանոնները ու պատժամիջոցները, «հրահանգ» հասկացողությունը եւ այլն։ «Ի վերջո, մարդիկ բացարձակապես հավասար իրավունքներ կվայելեն, եւ ուրեմն, ոչ ոք հրահանգ տալու կամ պատժելու իրավասություն չունի»,- նշում է նա։

Ըստ Օշականի՝ «21-րդ դարի շեմին Դաշնակցության կիսառազմական նկարագիրը, կարգապահության ու գաղտնապահության վրա դրված շեշտը այլեւս կենսական չեն Սփյուռքի մեջ իր կատարելիք գործին համար»,- գրում է նա, նշելով, որ կուսակցությունը պետք է գրավիչ դարձնել հայության ամենեն զարգացած ու գործունյա տարրերին, որոնք ողնասյունն են Սփյուռքի հայության եւ միշտ պակսած են մեր կուսակցության շարքերեն»։

Օշականը փորձում է վերանայել նաեւ «հեղափոխական» սկզբունքը։ Մեկ դար առաջ, ըստ Օշականի, «հեղափոխական» սկզբունքը անհրաժեշտ էր փոփոխելու համար հայության մեջ 100-ավոր տարիներ գոյություն ունեցող ստրկամիտ ոգին, այսօր, սակայն, ըստ նրա, «հեղափոխական հայը նախ այն է, որ կկոտրե պառակտումի եւ ատելության կաղապարները, որոնց մեջ սառած են մնացել ազգային կառույցները 70 տարիէ ի վեր։ Հեղափոխական հայ է նաեւ նա, ով Սփյուռքի ու Հայաստանի միջեւ ստեղծված արհեստական փոխադարձ անհանդուրժողությունը կջանա չեզոքացնել ու փոխարինել եղբայրական անկեղծ վերաբերմունքով»։

Անշուշտ, ողջունելի է այս ազատական հոսանքը Դաշնակցության մեջ, սակայն պետք է նշել, որ այն մեծ ազդեցություն չունի ներկա պահին։ Այս հոսանքի կողմնակիցները հիմնականում Դաշնակցության այն շրջանակներն են, որոնք գործում են Արեւմտյան երկրների Սփյուռքում՝ Միացյալ Նահանգներում, Եվրոպայում, Լատինական Ամերիկայում։

Հեղափոխականները նույնպես ընդունում են, որ կուսակցությունը խոր ճգնաժամի մեջ է, սակայն դրա պատճառները բացատրում են տրամաբանորեն այլ կերպ։ Նրանց կարծիքով, ներկայիս Դաշնակցությունը կորցրել է իր «իրական հեղափոխական» էությունը. Ըստ այս հոսանքի ներկայացուցիչների, Դաշնակցության իրական էությունը «մարտնչող ազգայնականության ու ընկերվարության մեջ է»՝ ի հեճուկս ժամանակակից քաղաքակրթության կողմից պարտադրվող «նոր արժեքների»: Այս հոսանքի լիդեր պայմանականորեն կարելի է համարել հայտնի դաշնակցական Էդվարդ Հովհաննիսյանին: Ըստ այս հոսանքի ներկայացուցիչների, Դաշնակցության ներկայիս ճգնաժամը պայմանավորված է նրանով, որ կուսակցությունը տուրք տալով «նոր արժեքներին», փորձում է փոփոխվել, ներդաշնակվելով ժամանակակից լիբերալ-դեմոկրատական մթնոլորտին։ Սակայն այս «նոր դաշտում» կամ կուսակցությունը պետք է հրաժարվի իր «պատմական առաքելությունից»՝ «ազգայնականությունից, սոցիալիզմից» եւ այլն, կամ էլ, եթե փորձի թողնել այս գաղափարները, ձգտելով դրանք սինթեզել նոր արժեքներով, կկազմալուծվի, այնպես, ինչպես դա կատարվեց

մի շարք կոմունիստա-սոցիալիստական կուսակցությունների հետ Արեւելյան Եվրոպայում եւ նախկին ԽՍՀՄ-ում։

Ինչ վերաբերում է կառուցվածքային խնդիրներին, ապա այս շրջանակներին

եւս, ըստ երեւույթին, շահավետ է երկու բյուրոների գաղափարը, քանի որ դրանով նրանք հույս կունենան իրենց գաղափարները իրագործել

առանձին վերցրած հայաստանյան Դաշնակցությունում։ Այս հոսանքի ներկայացուցիչներից մեկը, բավականին անկեղծորեն այն միտքն էր արտահայտում, որ քանի դեռ գոյություն ունի Արեւմտյան երկրների Սփյուռքը, Դաշնակցությունը երբեք չի կարող վերադառնալ իրեն հարազատ նացիոնալ-սոցիալիստական ակունքներին։ Մշակութաբանական եւ գաղափարաբանական տեսանկյունից, այս հոսանքի ներկայացուցիչները կողմնորոշված են դեպի Ռուսաստանի ազգայնական շրջանակներ։ Խիստ

հակակրանքով են լցված արեւմտյան   արժեքների նկատմամբ՝ դեմոկրատիայի, լիբերալիզմի, մարդու իրավունքների եւ այլն։

Դաշնակցության երրորդ հոսանքը, վերը նշված երկու հոսանքների հանդեպ ավելի ցենտրիստական–պահպանողական բնույթ ունի։ Նրանք մերժում են «հեղափոխականների» ընդգծված ռուսամետությունն ու ընդգծված հակաարեւմտականությունը, սակայն մյուս կողմից մերժում են «ազատականների» կողմից առաջարկվող դաշնակցական գաղափարների ու համակարգի արդիականացումը։ Այս հոսանքը ներկա կուսակցությունում

գերիշխողն է, նրա ներկայացուցիչներին կարելի է համարել Հրայր Մարուխյանին ու Հրաչ Տասնապետյանին։

Պահպանողականները հիմնականում տարածված են Միջին Արեւելքում՝ Իրանում, Սիրիայում, Լիբանանում եւ Հայաստանում, ի դեմս նախկին ԿԿ-ի անդամների: Այս հոսանքը կարելի է բնութագրել որպես «թանգարանային», որոնք ապրում են անցյալ դարի հեղափոխական արժեքները ծիսականացնելով։

Հասկանալի է, որ այս հոսանքը չունի ոչ դեմոկրատական, ոչ էլ տոտալիտար

բնույթ, սակայն կողմնորոշված լինելով զուտ դեպի անցյալ            դաշնակցական

առասպելների պահպանմանը, ըստ էության, դարձնում է ՀՅԴ-ն ոչ թե գործի, այլ ծիսակատարության կուսակցություն։ Բնականաբար, այս հոսանքին շահավետ չէ երկու բյուրոների գաղափարը, քանի որ մեկ բյուրոյի միջոցով նրանք կարողանում են հավասարակշռել եւ «ազատականներին», եւ «հեղափոխականներին»։ Սակայն այս «հավասարակշռության» քաղաքականությունը խոր դժգոհություն է առաջ բերել կուսակցական շարքերում։ Իսկ եթե դրան ավելացնենք կազմակերպության կասեցումը հայրենիքում եւ ՀՅԴ ղեկավարության անզորությունը ներկայիս Հայաստանի իշխանությունների հանդեպ, պարզ կլինի, թե ինչու է այդ հոսանքը վերջնականապես հեղինակազրկվել շարքերի աչքերում։

Դրա ամենավառ արտահայտությունը եղավ ներկայումս ձերբակալված Դաշնակցության ռազմական կառույցի ղեկավար Հրանտ Մարգարյանի հրապարակային քննադատությունը «Լրագիր» թերթում ցենտրիստ

Հրաչ Տասնապետյանի հասցեին, որը, ըստ որոշ դիտորդների, մեծ շանսեր ունի փոխարինելու հիվանդ Մարուխյանին։ Մինչ այդ նույն թերթին տված իր հարցազրույցում Հրաչ Տասնապետյանը, փաստորեն, պատրաստակամություն էր հայտնել հանուն իշխանություններ-Դաշնակցություն հարաբերությունների վերականգնման՝ զոհաբերել Հրանտ Մարգարյանի տիպի մարդկանց: Սակայն սույն փաստի էության մեջ կարեւոր էր ոչ այնքան Մարգարյանի անձը, որքան այն ոլորտները, որտեղ Դաշնակցությունը կարող էր գնալ զիջումների իշխանություններին։ Եվ այդ առումով պետք է վերլուծել իշխանություններ-Դաշնակցություն հարաբերությունները։

Ինչո՞ւ կասեցվեց Դաշնակցությունը, այս հարցադրումը առաջ է բերել բազմաթիվ ու բազմաբնույթ պատասխաններ, որտեղ արծարծվում են եւ ՀՀ նախագահի անձի հետ կապված որոշ հանգամանքներ, եւ արտաքին գործոններ, եւ իշխանության համար պայքարը։ Սակայն այս բազմազանությունից այդպես էլ հստակ չզատվեց այն կարեւորագույն հանգամանքը, որ սա ոչ միայն, եւ ոչ այնքան Տեր-Պետրոսյան-Դաշնակցություն, որքան Հայաստանի ցանկացած իշխանության եւ Դաշնակցության հարաբերությունների խնդիրն է։ Բոլորովին չարդարացնելով դեկտեմբերի 28-ի որոշումը, մենք այնուամենայնիվ գտնում ենք, որ այդ խնդիրը կա անկախ նրանից, թե ով կղեկավարի Հայաստանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Մանուկյանը, Կարեն Դեմիրճյանը, թե որեւէ այլ գործիչ։

Բանն այն է, որ Դաշնակցությունը հասարակ քաղաքական կուսակցություն չէ, այլ իրենից ներկայացնում է մի «միկրոպետություն»՝ իր զինված ուժերով, տնտեսությամբ ու նման այլ ատրիբուտներով։ Հասկանալի է, որ նման կազմակերպությունները չեն կարող ներդաշնակվել գործող ժամանակակից պետական-հասարակական համակարգերին, քանի որ «հակահամակարգային» են։ Դաշնակցությունը, որը ստեղծվել է ավելի քան մեկ դար առաջ, նույնպես չէր նախատեսում իր համար սովորական, նորմալ ընդդիմադիր կուսակցության կարգավիճակ՝ գործող քաղաքացիական հասարակարգում։ Դաշնակցության ողջ խնդիրն այն է, որ նա ստեղծված է մեկ դար առաջ, երբ Հայրենիքում ու ողջ աշխարհում բոլորովին այլ մթնոլորտ էր, երբ ամենուրեք տիրում էին բոլորովին այլ արժեքային համակարգեր, երբ ժողովուրդները բոլորովին այլ սոցիալական ու ազգային խնդիրներ էին հետապնդում։

Այսպիսով, եթե փորձենք վերլուծել       իշխանություններ-Դաշնակցություն հարաբերությունների ներկա անհանդուրժողական բնույթը, ապա կարելի է նշել հետեւյալ հանգամանքները։

1.Գոյություն ունի օբյեկտիվ խնդիր, որը կանգնած է Դաշնակցության առջեւ՝ ինչպես ներդաշնակվել Հայաստանի ներկա եւ ապագա քաղաքական համակարգին, որպես պառլամենտական կուսակցություն:

2.Դաշնակցության ցենտրիստական եւ հատկապես հեղափոխական հոսանքներում ներկա իշխանությունները դիտվում են որպես «արեւմտյան լրտեսներ, ապազգային ուժեր, որոնք փորձում են հանձնել Ղարաբաղը, սիրաշահել թուրքերին» եւ այլն։ Դա նաեւ արդյունք է նրան, որ Դաշնակցության ղեկավարության տվյալ հոսանքների ներկայացուցիչների մեջ արմատավորված է այսպես կոչված «խրամատային մտածելակերպը»։

3.Նույն «խրամատային» գիտակցությունն է տիրում ներկա իշխանության եւ ընդհանրապես 88–90թթ. Շարժման շրջանակներում՝ նրա ներկայիս իշխանավոր եւ ընդդիմադիր թեւերով։

Առաջին հայացքից թվում էր, թե լիբերալ արժեքների վրա հիմնված «շարժումը» պետք է ավելի հանդուրժող լիներ իր հակառակորդների հանդեպ: Սակայն նրանք դասական իմաստով լիբերալներ չեն, այլ 88-ի լիբերալ-հեղափոխականներ, որոնք պայքարում էին հսկա ԽՍՀՄ-ի դեմ: Հասկանալի է, որ ԽՍՀՄ-ի պես պետական մեքենայի դեմ պայքարի համար անհրաժեշտ էր տիտանական հեղափոխական էներգիա, եւ երբ ԽՍՀՄ-ը անսպասելիորեն

արագ փլուզվեց, «Ղարաբաղ» կոմիտեի որոշ անդամների այդ ԽՍՀՄ-ի դեմ նախատեսված            հեղափոխական էներգիան ուղղվեց «ներքին թշնամիների» որոնմանը։ Շարժման այն շրջանակների համար, որոնք գտնվում են այսօրվա ընդդիմությունում, «նոր ԽՍՀՄ-ի» դեր սկսեցին կատարել ներկա իշխանությունները։ Իսկ ներկա իշխանությունում գտնվող Շարժման ներկայացուցիչների համար «նոր ԽՍՀՄ-ի» դերը ստանձնեցին ներկա ընդդիմությունը եւ հատկապես Դաշնակցությունը։

Այսպիսով, վերլուծելով նշված երեք հանգամանքները, կարելի է այն հետեւության գալ, որ ներկա անհանդուրժողական մթնոլորտի հիմքում ընկած են այն հեղափոխական դրույթները, որոնք առկա են բոլոր շրջանակներում։ Այս պարագայում նրանք իրար դիտարկում են ոչ թե որպես քաղաքական մրցակիցներ, այլ որպես թշնամիներ, որոնք կատարում են օտարների պատվերները (մեկի համար այդ օտարը ԿԳԲ-ն է, ռուս ազգայնականները, իսկ մյուսի համար՝ արեւմտյան կենտրոնները, մասոնները եւ այլն): Հասկանալի է, որ թշնամիների պայքարում «վերջնական լուծման» տարբերակները՝ հաղթանակն է կամ կապիտուլյացիան (յուրօրինակ «մահ կամ ազատություն» կարգախոսը): Թե ինչի է բերում այդ թշնամանքը, հայտնի է 1917-ի Ռուսաստանի, 1922-ի Իտալիայի, 1933-ի Գերմանիայի, 1936-ի Իսպանիայի օրինակներով։

Երվանդ ԲՈԶՈՅԱՆ

Հաջորդ համարում կարդացեք ՀՅԴ Բյուրոյի անդամ Մասիս Բաղդասարյանի հարցազրույցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930