Լրահոս
Օրվա լրահոսը

Արթնացող խիղճը՝ հրեշակերպ

Նոյեմբեր 14,1995 13:06

Պոլսի «Մարմարան» վերջերս հաղորդել է, որ թուրքական մամուլում սկսված հերթական իրարանցումը փոխադրվել է Ազգային մեծ ժողով։ Առիթը Վանա լճի մակարդակի անշեղ աճն է, որը ցամաքից 75 կմ (երեւի 75 քկմ) տարածք է խլել։ Կասպից ծովի նման՝ Վանա Լիճն էլ ամեն տարի բարձրացնում է ջրերը՝ դրանցով ողողելով առափնյա բնակավայրերի տանիքները։ Ադրբեջանցի պատգամավորներն ու գիտնականները լավ են հիշում իրենց խորհրդային-աթեիստական դաստիարակությունը եւ նավթի առկայությունից բացի՝ Կասպիականի քմահաճույքը բացատրող այլ պատճառ չեն փնտրում: Այլ է Թուրքիայի գիտական-քաղաքական շրջանակների վիճակը: Գաղափար չունենալով աթեիզմից, նրանք Վանա լճի առեղծվածի բանալին տեսնում են սնահավատության փրկարար մակերեսին։ Իբր՝ մակարդակի բարձրացման մեղքը լճում բնակություն հաստատած եղջուրավոր հրեշներինն է: Ականատեսների առատությունից մամուլը ճռնչում է՝ պատմում- նկարագրում-ահաբեկում են ոչ միայն մերձափնյա գյուղերի սահմանափակ գեղջուկները, այլեւ պատկառազդու գիտնականներն ու գրողները։

Համանման մի պատմություն ծանոթ է նաեւ շոտլանդացիներին։ 60 տարի շարունակ երկրում բացառիկ համբավ են «վայելել» Նեսի հրեշի լուսանկարը եւ նրա շուրջը հյուսված առասպելաշունչ մթնոլորտը։ Նախապատմական մողես հիշեցնող վիթխարի կենդանին պատկերված է Լոխ-Նես լճում ջրի մեջ կիսաընկղմված: Նրա ահասարսուռ կերպարանքը քիչ սերունդների չի սարսափի մատնել: Իսկ գիտնականները ամենայն բծախնդրությամբ զննել-վերլուծել են լուսանկարի մանրամասները՝ դրանք ծառայեցնելով մտացունց վարկածների առաջքաշմանը: Նավազներն ու սուզակները անհաշիվ ժամեր են վատնել նրան գոնե աչքի պոչով տեսնելու համար։ Իսկ գտնել ու բռնել երազել են միայն ամենախիզախները։ Նրան որոնել, տենչացել, երազել են: Երեւակայությունը Նեսի-հրեշից ինչ ասես չի ստեղծել՝ գիրք ու կինոնկար, ձայնագրություն ու տեսահոլովակ։ Մինչեւ լուսանկարի հեղինակներից մեկը՝ 90-ամյա Քրիսթիան Ստերլինգը քողազերծ չարեց 60-ամյա առասպելը: Մահից առաջ արթնացած խիղճը նրան ստիպել է լրագրողներին հայտնել, թե կեղծիքն ինչպես է կատարվել։ Քրիսթիանն իր ընկերների հետ մանկական ամսագրից կտրտել է սովորական մողեսի նկարը եւ այն մոնտաժել՝ ստանալով Նեսիի հանրաճանաչ պատկերը: Ծանր խոստովանությունից հետո ծեր խաբեբան վախճանվել է: Շոտլանդական հասարակությունը դժվար թե ների զեղծարարներին, որովհետեւ տհաճ է ոչ միայն առասպելից զրկվելը, այլեւ ՝ եղջուրակիր դառնալը: Պարտադիր չէ, որ այդ եղջյուրները ստանաս կնոջդ սիրեկանից, դրանք զայրացնում են ցանկացած առիթով։ Թուրքիայի վիճակը շոտլանդականից էլ է տարբեր: Լուսանկար չկա, փոխարենը՝ ականատեսների բազմաքանակություն է՝ զուգակցված 22 բնակավայրերի կորստին: Բուն փաստը ամենասպանիչն է՝ Վանա լիճը տարեկան 25 սմ-ով ահագնանում է՝ սպառնալով իր զայրույթը տարածել ավելի ու ավելի հեռու։

Վանաբնակ չենք, բայց մենք էլ հարց տանք՝ ի՞նչը կարող էր զայրացնել լճին՝ բնության այդ անբարբառ զավակին։ Արդյոք եղջուրավոր հրեշները: Ենթադրենք՝ նրանք Բայց կա հակափաստարկը. այդ կենդանիները տիեզերքի այլ վայրերից չեն Վանա լիճ փոխադրվել, հավանաբար ծագել ու բազմացել են նույն այդ ջրային միջավայրում, ինչպես հռչակավոր վանա տառեխները։ Եթե այս միտքը տրամաբանական է, այդպիսին կլինի նաեւ հաջորդը՝ զավակը (թեկուզ՝ հրեշ) ինչո՞ւ պետք է նեղություն պատճառի ծնողին՝ նրան հարկադրելով ափերից դուրս գալ։ Ծնող ու զավակ՝ միշտ էլ խաղաղության եզրեր են գտնում: Մնում է այլ եզրակացության գալ՝ հրեշները թուրքերի աչքին միայն երեւում են: Առարկությունն ընդունելի է իսկապես, տվյալ երեւույթը հիվանդագին երեւակայության հետեւանք է, ուղեղային մղձավանջի արտահայտություն, շեղում: Այդպես էլ կա։ Որովհետեւ շեղում է նաեւ այն, որ հազար-հազար տարիներ Վանա լճի ափին իր այգին մշակող, իր տառեխը եփող, իր քաղաքը շենացնող, իր Աղթամարը կերտող հայի փոխարեն նույն այդ այգին, նույն Աղթամարը, նույն քաղաքն ավերող թուրքն է ապրում: Մեկը, որը եթե նվաճած երկրում մի ավազահատիկ էլ ավելացրել է՝ էլի՝ հայի խեղճացած, բայց մշտադալար ձեռքով։

Լիճը բնության հարազատ զավակն է եւ մահկանացու քաղաքագետներից նրանով է տարբերվում, որ իր հազարամյա զարկերակով զգում է բնության ու մարդու կապի խզման այս անբնականությունը: Ինչու անպայման՝ երեւակայական հրեշներ։ Գուցե հարազատ ջրերում արյունոտ ձեռքերով խեղդամահ արված հազարավոր հայերի մարմիննե՞րն են լճին ըմբոստանալու մղում: Գուցե նրանց հոգիներն են կոհակվելով աղաղակում: Իսկ թուրքը, մեղքի ծանրությունից ազատվել չկարողանալով, նիրհած խղճին ՚ հրեշների կերպարանք է տալիս: Ոչ կամովին։ Այլ՝ բնության պարտադրանքով։

Ասում են՝ Արեւմտյան Հայաստանում մի ուրիշ երեւույթ էլ է նկատվում: Այս անգամ ցամաքային։ Սողունների վտառները ժամանակ առ ժամանակ հարձակվում են թուրքերի բնակավայրերի վրա, ասես նրանց հիշեցնելով, որ իրե՛նք չեն տարածքի բնակիչները, որ բնություն-հայ կապը այդ տարածքում խզված է աններելի չափով։ Ուրիշ ի՞նչ է մնում ականատեսին, եթե ոչ՝ դառնալ սեփական երեւակայության ստրուկը, հրեշներ ստեղծել եւ նրանց փնտրել՝ խորհրդարանական մակարդակով:

– Մեկուկես միլիոնի վարձքը չէ՞, արդյոք, երկուսուկես մետրը Վանա լճից Կասպից ծով: Ոչ ծովից ծով, ոչ լճից լիճ, ոչ գետից գետ։ Այս աստվածորոշ հողակտորին գոյության մեր կերպն ենք կերտում: Եթե վրեժ կա՝ վրիժառուն ինքն է՝ բնությունը:

Հրաչուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930