Լրահոս
Օրվա լրահոսը

Շապիկ հագնելու ժամանակը

Նոյեմբեր 14,1995 11:58

Եթե հին խորհրդարանը, ոմանց պնդմամբ, չափից դուրս գաղափարականացված էր եւ քաղաքականացված, այսինքն նեղ անձնական եւ խմբակային շահերը միջնորդավորված էին գաղափարախոսական եւ քաղաքական դիրքորոշումներով, ապա նոր խորհրդարանում տիրում է տրամագծորեն հակադիր մթնոլորտ։ Բոլորս ենք հիշում բազմիցս հնչող բողոքն այն մասին, որ քաղաքական վեճերը խանգարում են խորհրդարանական աշխատանքին, իսկ այսօր խորհրդարանը աշխատում է գերարտադրողականությամբ։ Երեւի, արդեն պետք է մտածել օրենքների եւ որոշումների գերարտադրության ճգնաժամից խուսափելու մասին։ Քաղաքակիրթ, ձեւավորված հասարակություններում հասարակական կարծիքն է, որ ստիպում է այս մերկ շահերին գաղափարական ու քաղաքական շապիկ հագնել։ Մեր դեպքում, սկզբի համար, բավական կլիներ թեկուզ վարտիքը։ Չխորանանք բազմաթիվ ու բազմապիսի պատճառների մեջ։ Իշխանության մենաշնորհացման միտումները սովորաբար նման դրսեւորումներ են ունենում։

Այսօր Հայաստանի քաղաքական կյանքը տարբեր միտումներ է պարունակում, բայց իրականացման մեծ հավանականություն ունեն երկուսը։ Առաջինը՝ իշխանության մենաշնորհացումն է քաղաքական մեկ ուժի կողմից։ Եթե անգամ քաղաքական այս ուժի շարքերում ընդգրկված լինեն միայն հրեշտակներ ու մարգարեներ, մենաշնորհացման բացասական հետեւանքներն ինքնին հասկանալի են։ Երկրորդը՝ իշխող ուժի ներսում առաջացած անհատական եւ խմբակային հակասությունները կբերեն քաղաքական եւ գաղափարական տարանջատման, որի հետեւանքով իշխանության ղեկը կկիսվի երկու քաղաքական կազմակերպությունների միջեւ։

Սա կարող է հիմք հանդիսանալ Հայաստանում կայուն երկկուսակցական համակարգի ձեւավորման համար։ Նման քաղաքական համակարգ ունեն շատ ժամանակակից քաղաքակիրթ երկրներ։ Հակառակ դեպքում անխուսափելի է քաղաքական հարաբերությունների պարզունակեցումը, երբ անհատական եւ խմբակային հակասությունները լուծվում են ավելի պարզունակ, ոչ քաղաքական մեթոդներով։ Հայաստանն ի տարբերություն իր հարեւանների, պետք է ամեն կերպ խուսափի այս ճանապարհից։ Քաղաքակիրթ իմիջի պահպանումը կամ վերականգնումը Հայաստանի համար ունի ոչ միայն լուրջ քաղաքական, այլ նույնիսկ տնտեսական նշանակություն։ Մենք սա կզգանք, երբ արտասահմանյան մասնավոր ներդրումների հարցը դառնա օրվա խնդիր։  Իսկ միջազգային քաղաքական հարցերում, բոլոր հզոր տերությունները ստիպված հաշվի են նստում ավելի հասուն եւ ինքնակազմակերպված հասարակության հետ։ Այսօր պատմությունը մեզ տվել է այս շանսը։ Այլ հարց է պատմության մարտահրավերին ըստ արժանվույն պատասխանելու մեր ընդունակությունը։

Վահրամ ԲՐՈՒՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930