Լրահոս
Օրվա լրահոսը

«Փարոսը» եւ քաղաքացիական «ըմբռնումը»

Նոյեմբեր 14,1995 10:35

Երբ սկսվեց «Փարոս» ծրագիրը՝ այսքան խորհրդանշական անունով, հույս ծագեց, թե սոցիալապես անապահով խավերին իրոք պաշտպանվածության երաշխիքներ կընձեռվեն։ Հայաստան ամենատարբեր ուղիներով ներհոսող մարդասիրական օգնության բաշխման ոչ միայն ձեւերի, այլեւ հասցեատերերի հարցը մշտապես մեղադրանքների թիրախ էր, բայց որովհետեւ բաշխողները բազում ենթակայությունների ներքո էին, հստակ պատասխաններ երբեք չէին լինում։ «Անապահով» եւ «սոցիալապես անպաշտպան» հասկացությունները զուրկ էին հստակ բնութագծերից՝ դուռ բացելով զանազան մեծ ու փոքր խարդախությունների՝ ամուսնալուծություններ, միայնակ մայրություն, «կենդանացած ու հաշմված» հարազատներ, գրանցումային խաղեր եւ այլն… «Փարոս» ծրագրի համակարգչային հագեցվածությունը՝ նպատակների եւ չափանիշների որոշակիությամբ, գրանցումներ կատարելու արագ ընթացքը,

թվում է, հարաբերականորեն ճշտելու էր օգնության առավելապես կարոտ հասարակության շրջանակը՝ ընդսմին հաստատելով տարբերակված մոտեցում։ Սակայն, երբ սկսվեց մերձենալ անխուսափելի «Ձմեռ–96»-ը, եւ

հեռվում փայլատակեցին կենարար նավթի լույսերը, իրադրությունը վճռականորեն փոխվեց։ Թեեւ պաշտոնապես հայտարարվել է, որ

Հայաստանում 1991-92 թվականների համեմատ՝ անապահով բնակչության տոկոսը բավական նվազել է՝ 95-ից իջնելով 60-ից 70 տոկոսի, այնուհանդերձ նավթի շուրջ իրադրությունը մնում է թեժ։

Հատկապես, եթե հաշվի առնենք ԱԷԿ-ի վերագործարկումից հետո բնակչությանը տրվող լույսի ակնհայտ նվազումը եւ կանխահաս ձյունն ու ցրտերը։ Ճիշտ է, լույսի նվազման պատճառները տվյալ դեպքում զուտ գիտա-մասնագիտական բնույթի են. ԱԷԿ-ին զգալի որակյալ հոսանք է պետք ապահովել մինչեւ աշխատանքային հստակ պարբերույթների հաստատումը, սակայն բնակչության վիճակը դրանից չի փոխվում, ջերմանալ բոլորին եւ բոլոր դեպքերում է պետք։

«Փարոս» ծրագիրը համակարգչային հետազոտության է ենթարկել 850 հազար ընտանիք, որոնցից խիստ կարիքավոր են ճանաչված 230 հազարը։ Թվական այս տվյալները մատնանշելով՝ արձանագրենք ազգային հպարտության ուրախացնող աճ. գրանցման ենթակա 150 հազար ընտանիք իրեն ապահով է համարել։ Այս ամենը հուսադրող սկիզբ է. այսինքն՝ մնացյալ 230 հազար

քաղաքացիներին հնարավոր է արժանավայել ձեւով օգնել։ Օրինակ՝ ջեռուցման ենթակա շենքերի պարագայում «Փարոս» ծրագիրը ստանձնել է ջեռուցման վճարների զգալի տոկոսը՝ շուրջ 10 հազար դրամ յուրաքանչյուր կարոտյալ ջեռուցվողի համար։ Սակայն ջերմանալու քաղաքակիրթ եղանակներից զրկված բնակիչներին (իմա՝ 100 լ նավթ ստացողներին) հաճելի անակնկալներին զուգահեռ՝ տարօրինակ եւ դառը հաբեր էին սպասվում։ Դեռեւս մեկ ամիս առաջ փակցված ցուցակները նախ՝ զարմանալի անորակ էին տպագրական տեսանկյունից՝ գունաթափ ու դժվարընթեռնելի, եւ ամենակարեւորը՝ տեղեկատվական իմաստով շատ քիչ բան տվող։ Բաղձալի ազգանունը գտնելուց հետո միայն, երբ անապահով քաղաքացին մտնում էր գրասենյակ, նրան հայտնում էին, թե որքան գումար պետք է մուծի (բոլորին հայտնի է, որ նավթն այս տարի բաշխվելու Է դրամով՝ ըստ անապահովության աստիճանի տարբերակվող գումարաչափերի): Ընդ որում հավելյալ բացատրություններ չեն լինում, իսկ պահանջվող գումարները կարող են զինաթափել կարոտյալ մարդկանց։ Միայնակ թոշակառուներից պահանջել 3-4 հազար դրամ եւ դա հիմնավորել նավթի շուկայական գների հետ կատարվող համեմատությամբ, մեղմ ասած տարօրինակ է։ Շուկայական գները երբեւէ հասանելի չեն եղել սոցիալապես անապահով ճանաչված հասարակության խավերին։ Օգնության ելակետը տվյալ դեպքում պետք է լինի եկամտի՝ թոշակի չափը, որը 2 հազարի մատույցներում է։ Նման թոշակ ստացողը, բնականաբար, չի կարող վճարել նավթի ոչ շուկայական եւ ոչ էլ քառորդ շուկայական գինը։

Այնուհետեւ օգնության ցուցակներում տեղ չեն գտել այս տարի հաշվառման կանգնած հաշմանդամության կարգ ունեցող մարդիկ։ Նրանց բողոքների պատասխանը բավական ինքնատիպ է. «Ձեզ գրանցել ենք հաջորդ տարվա համար»։ Գոտեպնդվե՛ք լավատեսությամբ՝ գալիք օգնությունների: Մեր քաղաքացիների «ըմբռնման» եւ «դիմադրողականության» հանդեպ այլեւս ոչ մի կասկածներ չկան։

Ն. ԴԻԼԲԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930