Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Վազգենին չգիտե՞ս». Մեկ օր պաշտպանության նախարարի առօրյայից

Նոյեմբեր 10,1995 13:12

Մեր բանակի մասին քիչ ենք գրում՝ առիթից առիթ կցկտուր տեղեկություններ հասցնելով զորակոչի, երդման արարողության, զորանոցային կյանքի վերաբերյալ։ Տպավորություն է ստեղծվում, թե տարածաշրջանում իրավ ամենամարտունակ Հայոց բանակը ի վերուստ տրված պարգեւ է եւ ոչ թե ամենօրյա ծանր աշխատանքի արդյունք: Նորագույն մեր պատմության գնահատականը, իրադարձությունների տրամաբանական վերլուծությունը թերի է մնում այն պարզ պատճառով, որ հազար ու մի հանգամանք թույլ չեն տալիս ասելու ողջ ճշմարտությունը բանակի ու պատերազմի մասին։ Իրականում հարկադրաբար պատերազմող երկրի՝ սեփական ժողովրդի անվտանգությունն ապահովելու ճիգն անտեսանելի է շատերիս համար, մինչդեռ դրա հետեւանքով ժողովրդի կրած զրկանքներն՝ ակներեւ։ Մենք կարող ենք միայն երազել այն ժամանակը, երբ լրագրողից մինչեւ Պաշտպանության նախարար կկարողանանք արտահայտել մեր մտքերը՝ ծածկալեզու չօգտագործելով այս կամ այն իրադարձությունը մեկնաբանելիս։ Ահա ինչու ժամանակը պատկերելու մեր չնչին ներդրումը մենք տեսնում ենք նրանում, որ ականատեսի աչքերով հնարավորին չափ երեւելի դարձնենք չերեւացողը։

Հայաստանի պաշտպանության երեք նախարարների (Վ.Սարգսյան, Վ.Մանուկյան, Ս. Սարգսյան, կրկին Վ.Սարգսյան),         գործունեությունը

խորհրդանշեց բանակի կազմավորման՝ կամավորական ջոկատներից մինչեւ զինված ուժերի ստեղծման երեք փուլերը։ «Ֆիդայի տղերքից» մինչեւ տարածաշրջանում ամենամարտունակ բանակը ընդամենը 5 տարի է անցել, մինչդեռ «պատմության զոհ»՝ պարտության եւ կորստին կարծես ընտելացած մեր ազգային կերպից մինչեւ «զավթիչ» գործողությունների արդյունքում ձեռք բերած «ագրեսորի» իմիջը ընկած ժամանակը դարերի չափումն ունի:

Իրադարձությունների խորության առումով այս ընթացքի ամեն մի օրը պատմություն կարելի է համարել: Երասխից մինչեւ Շուշի, մինչեւ Օմար ու Հորադիզ՝ առաջին տանկից մինչեւ տանկային գումարտակներ, «Շիլկայից» մինչեւ հակաօդային հզոր համակարգ՝ էջ առ էջ պիտի գրվի Հայոց բանակի պատմությունը: Իմ խնդիրը՝ (եթե, իհարկե, դա ինձ հաջողվի), բանակի առօրյայից ընդամենը մեկ օրվա մասին պատմելն է:

Հոկտեմբերի 14-ը կիրակի էր, բայց քանի որ ՀՀ պաշտպանության նախարարի համար աշխատանքային եւ հանգստի օրերի միջեւ ոչ մի տարազատում չկա՝ այս մի խորհրդակցությունը նա որոշեց հենց այդ օրն անցկացնել։ Բանակի բարձրաստիճան պաշտոնյաների հետ ժամադրության վայր հասանք ուղղաթիռի վայրէջքի պահին։ Զինվորական ողջույնի խոսքեր նախարար Վազգեն Սարգսյանին եւ… խորհրդարանի նախագահ Բաբկեն Արարքցյանին։ Եթե մեր զինվորների համար նախարարի այցը սովորական երեւույթ է, ապա Արարքցյանի այստեղ հայտնվելը նույնիսկ ինձ համար էր անակնկալ: «Արարքցյանն ա, չէ,- շշուկով ասաց զինվորներից մեկը,- երեկ «տելեվիզրով» տեսանք՝ Թիֆլիսում էր, էս ե՞րբ հասավ»։ Իսկապես՝ «ե՞րբ հասավ»,- նույնը մտածեցի ես: Հարցեր, պատասխաններ, կարճատեւ      զրույց, խորհրդակցություն։ Այսքան սպա ու գեներալ մեկտեղված երբեք չէի տեսել։ Հակառակորդի դիրքերն ընդամենը մեկ-երկու կիլոմետրի վրա են ու, երեւի, նա այս հանդիպման մասին արդեն տեղյակ է: Պաշտպանության նախարարին հետաքրքրում է ամեն ինչ՝ կենցաղային հարցերից մինչեւ հրամանատարական կետի տեղադրումը, «էս ի՞նչ է, վերմիշելը առանց յո՞ւղ եք տապակում»,- Վազգեն Սարգսյանի հարցին ստիպված էին պարզաբանում տալ եւ բացատրել փլավն եփելու «տեխնոլոգիան»։

Այս զորամասի մարզադաշտին մայրաքաղաքի «Դինամոն» էլ երեւի կնախանձի: Նախարարը փորձեց «տուռնիկից» բռնել՝ չկարողացավ. ձեռքը ցավում էր, ստիպված հրավիրեց խորհրդարանի նախագահին դիտել բասկետբոլային խաղը. «Լավ էլ խաղում են տղերքը,֊ չէ՞, պարոն Արարքցյան»։

Այցելում ենք նորաստեղծ տանկային գումարտակը։ Ինչպես միշտ՝ ամեն մի հրամանատար նախարարից անպայման մի բան է ուզում «պոկել»՝ ամենքը՝ ռազմաճակատի իր հատվածը կարեւորելով։ Այս խոսակցությունից հետո հայրենիքիս սահմանը երկարում, ու գրեթե «ծովից ծով» է դառնում Հայաստանը։ Գումարտակից գումարտակ ենք անցնում։ Վազգեն Սարգսյանի համար ոչ մի բան այստեղ նորություն չէ, բայց պարոն Արարքցյանի համար՝ թերեւս։ Նախարարը պատմում է, թե ինչպես Հայաստանի զինկոմիսարիատներում «ստուգայց» կատարելուց հետո 60-ից ավելի սպա ուղարկեց զորամասեր, քանի «պլանշետկա» տվեց սպաներին, որ երկրից են բերում միսը, որտեղից հագուստը եւ ինչ արժե այս ամենը… Եվ այսպես ամեն մի զորամասում։

… Մայիսի 8-ին Վազգեն Սարգսյանը պիտի Ստեփանակերտ ժամաներ՝ հաղթանակի զորահանդեսին մասնակցելու համար։ Նրան սպասում էին երեկոյան 6-ին. նախարարը տեղ հասավ գիշերվա 12-ին։ «Վազգենին չգիտե՞ս, Երեւանից մինչեւ Լաչին բոլոր զորամասերը մտավ… ամեն ինչ պիտի տեսնի, չէ»,- հաջորդ օրն ասաց Կարապետ Ռուբինյանը։ Այդ օրն էլ Վազգեն Սարգսյանը ուզում էր սեփական աչքերով տեսնել։

… Բանակը յուրաքանչյուր երկրի հենասյունն է, ժողովրդի անվտանգության երաշխիքը, պետության, անկախության գրավականը։ Ու Եթե այդ հենասյունի վրա բազմաթիվ խորդուբորդեր կան, միեւնույն է, նա է հենքը մեր երկրի։

Երեկոյան սեղանի շուրջ խոսակցությունները նույնն էին՝ սահմանի պաշտպանության (որտեղ են մեր դիրքերն ապահով եւ որտեղից կարելի է վտանգ սպասել), զենքի, անձնակազմի, հակառակորդի հնարավոր գործողությունների… Ես թերեւս չհամարձակվեցի Պաշտպանության նախարարին ձայնագրել, բայց նրա խոսքը հիշում եմ։ «Մեր հաղթանակը պայմանավորված էր նրանով, որ ադրբեջանական բանակն անկազմակերպ էր, որ նրանց զինվորական ու քաղաքական իշխանությունների միջեւ տարաձայնություններ եղան։ Այս տարիներին Ադրբեջանում հինգ անգամ քաղաքական եւ տասն անգամ զինվորական իշխանություն փոխվեց։ Փառք

Աստծո, մեզ հաջողվեց խուսափել նման բաներից։ Հայաստանի եւ Ղարաբաղի ղեկավարության, բանակի հրամանատարության միջեւ տարաձայնություն չկա, բոլորս հասկանում ենք, թե քաղաքական որեւէ վրիպում ինչ ջանքեր կպահանջի բանակից…»։         Վազգեն Սարգսյանը առանձնակի շեշտեց զինվորական ավագ սերնդի ներդրումը մեր բանակի կազմավորման գործում՝ գեներալներ Իվանյանի, Զինեւիչի, Դալիբալթայանի, Անդրիասյանի, մյուսների։ Խոսեց կամավորական ջոկատների դերի, բանակի կադրային սպաների ու պատերազմի թոհուբոհում «աճած» հրամանատարների, Հայաստանի եւ Ղարաբաղի քաղաքական ու զինվորական իշխանությունների միասնականության մասին. «Միասնականությունը թեեւ այն բառը չէ՝ հիմա, այս պահին ավելի հարմար բառ չեմ գտնում, բայց դա է մեր հաղթանակի գրավականը»,- ասաց նա։

… Երկար այդ օրվա իրիկնամուտին մեր ուղղաթիռը վայրէջք կատարեց սահմանամերձ գյուղի դաշտերից մեկում: Առավոտյան գյուղը ռմբակոծվել էր, եւ Պաշտպանության նախարարը որոշեց տեղի զորամասն այցելել։ Երբ կես ժամից վերադարձանք «թռիչքադաշտ», ուղղաթիռից քիչ հեռու մի խումբ 10-15 տարեկան մանչուկներ էին հավաքվել։ «Մեր տանկային գումարտակի ապագա զինվորներն են»,- ասաց հրամանատարներից մեկը։ «Գնդի չէ… ինչ գունդ, դիվիզիայի զինվորներ կլինեն»,- ժպտաց Վազգեն Սարգսյանն ու «տանկիստներին» իր մոտ կանչեց։ Իրար նայելով, նրանք մի քանի քայլ արեցին, կանգ առան մի պահ ու վազեցին դեպի մեր ուղղաթիռը։

Ալվարդ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930