Լրահոս
Օրվա լրահոսը

«Դրո»-ի գործ. Ինչու Մանուկյանը հրաժարվեց Նորիկից

Նոյեմբեր 10,1995 12:08

Երեկ «Դրո»-ի դատավարության նիստում շարունակվում էր ամբաստանյալ Գեղամ Մանուկյանի ցուցմունքների քննարկումը: Պատասխանելով դատախազի հարցին ապահովական խորհրդի վերաբերյալ, Մանուկյանը հայտնեց, որ ինքն այդ խորհրդի անդամը չէր, եւ բոլոր տեղեկությունները նրա գործունեության մասին ստացել է Արծրունուց։ Վերջինիս խոսքերից նա իմացավ, որ այդ խորհրդի անդամներն էին Արամ Մանուչարյանը, Արմեն Լալայանը, Ռուբեն Հակոբյանը, Մուշեղ Միքայելյանը եւ ինքը՝ Արծրունին: Իսկ կառույցի ղեկավարն էր Հրանտ Մարգարյանը։

Մանուկյանը եւս մեկ անգամ ընդգծեց, որ այդ խորհուրդը զուտ խորհրդակցական մարմին էր եւ ոչ մի գործադիր ֆունկցիաներ չուներ։ Նա հայտնեց նաեւ, որ Արծրունին մշտապես դժգոհություն էր հայտնում խորհրդի կրավորական դիրքորոշումից։ Հրանտ Մարգարյանը խորհրդի մասին Մանուկյանին երբեք չէր պատմում եւ միայն մեկ անգամ, 91-ի ձմռանը, խնդրեց նրան փաստաթուղթ պատրաստել այդ մարմնի վերաբերյալ։

Մանուկյանը, որը ամբաստանյալներից առաջինն էր խոստովանել խորհրդի գոյությունը, հայտարարեց, որ նախաքննության ժամանակ նա դիտավորյալ ստել էր, նշելով որպես խորհրդի անդամներ մարդկանց, որոնք ոչ մի կապ չունեին այդ մարմնի հետ։ Մանուկյանի խոսքերով, նա դիմեց այդ խորամանկությանը, քանի որ կարծում էր, թե քննիչներին արդեն հայտնի է խորհրդի մասին Արծրունուց, որը դրանով փորձում էր իր մեղքը բարդել ուրիշների վրա։

Նախաքննության ժամանակ Գ.Մանուկյանը նաեւ ցուցմունք էր տվել, որ ապահովական խորհրդի անդամ էր համարում Գառնիկ Իսագուլյանին, հիմնվելով այն փաստի վրա, որ վերջինս հաճախ էր հանդիպում Հրանտ Մարգարյանին, Վահան Հովհաննիսյանի խորհրդի անդամ լինելու մասին քննիչի հարցին: Մանուկյանը բացասական պատասխան էր տվել։

Նիստի ժամանակ դատապաշտպան Սահակյանի հարցին Մանուկյանը պատասխանեց, որ դեռեւս 90 թվականին նրան հայտնի էր Հրանտ Մարգարյանի մականունը՝ «Սադամ». այդպես էին նրան ընկերները կոչում արտաքին նմանության պատճառով:

Արդյոք Հրանտը զենք մատակարարում էր ղարաբաղյան ջոկատներին, դրա մասին ամբաստանյալը ոչ մի տեղեկություն չուներ, չնայած գիտեր, որ այդ ջոկատների մատակարարումը մտնում էր Հրանտի պարտականությունների մեջ։ Մանուկյանը հայտնեց նաեւ, որ Հրանտի մոտ երբեք զենք չի տեսել։

Դահլիճում մթնոլորտը զգալիորեն աշխուժացավ, երբ Մանուկյանը պատմեց, թե ինչու էր քննության սկզբում հրաժարվել դատապաշտպանի ծառայություններից։ Առաջարկելով նրան դատապաշտպան, քննիչը երեկոյան ժամը 10-ին դիմեց իր ենթականերին. «Նորիկին ասեք, թող գա, նոր մարդ ա եկել»: (Հիշեցնենք, որ փաստաբան Նորայր Բաղդասարյանը, որը քննության սկզբում պաշտպանում էր 11 ձերբակալվածների շահերը, դատավարության ժամանակ բազմիցս արժանացել է դատապաշտպանների խիստ բացասական գնահատականներին): Քննիչի նման դիմումը եւ այն փաստը, որ դատապաշտպանը երեկոյան ժամը 10-ին գտնվում է ԱԱՊՎ-ի շենքում, գրավեց Մանուկյանի ուշադրությունը, եւ նա որոշեց հրաժարվել Բաղդասարյանի ծառայություններից։

Նիստի վերջին, երբ հարց տալու հերթը հասավ Արծրունու դատապաշտպան Վահագն Ավագյանին, կրքերը շիկացան։ Պրն Ավագյանը մարտի էր նետվել հուզվելով եւ շտապելով, երբեմն նույնիսկ մինչեւ վերջ չլսելով իր հարցերի պատասխանը։ Այդ հարցերի մեծ մասը բողոքարկվում էին Մանուկյանի դատապաշտպան Ժորա Խաչատրյանի կողմից: Այսպես, Ավագյանը հարցրեց, թե արդյոք դատապաշտպանից հրաժարվելը չէր բացատրվում հարցաքննությունների ժամանակ վկա չունենալու Մանուկյանի ցանկությամբ։ Այդ հարցը դատապաշտպան Խաչատրյանը բնութագրեց որպես «հետին միտք, հեգնանք եւ արհամարհանք պարունակող»։

Փաստաբան Ավագյանին շատ բան էր հետաքրքրում՝ առաջին հերթին, արդյոք Մանուկյանը երբեւիցե տրամաբանություն է ուսումնասիրել։ ՝ Այնուհետեւ, ինչպես նա իմացավ, որ իրեն հարցաքննող մարդը ԱԱՊՎ նախագահի առաջին տեղակալ Գուրգեն Եղիազարյանն էր։ Ինչու էր նա ընկերություն անում Արծրունու հետ, ովքեր էին հատուկ ծառայությունների աշխատակիցները, որոնց մասին ակնարկում էր ամբաստանյալը, ինչու Մանուկյանը, որպես Արծրունու տեղակալ, հիշատակեց ոմն Յուրայի, երբ հայտնի է, որ այդ պաշտոնը զբաղեցնում էր Արա Հարմանդայանը:

Հատկապես Ավագյանն ուշադրություն դարձրեց Շուշվա առանձին գումարտակը ԼՂՀ ինքնապաշտպանության բանակին փոխանցելու հանգամանքին։ Մանուկյանը պատասխանեց, որ այդ որոշումն ընդունել էր ՀՅԴ Բյուրոն 1994 թվականի գարնանը։ Սակայն հետագայում պարզվեց, որ արդեն 1992-ին Շուշիի ազատագրման ժամանակ այդ գումարտակը գործում էր որպես Ղարաբաղի բանակի 1-ին վաշտ: Մանուկյանը չկարողացավ բացատրել այդ հակասությունը, նշելով միայն, որ վաշտի հարաբերությունները պետության եւ կուսակցության հետ լուծվել էին շատ յուրահատուկ ձեւով, իսկ մանրամասները պարզելու համար խորհուրդ տվեց դիմել Հրանտ Մարգարյանին, որն այդ հարցերում իրազեկ է։

Ե. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930