Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկապե՞ս խաղաղություն են ուզում

Նոյեմբեր 10,1995 11:00

Աշխարհն այդպես էլ չի գտնում հակամարտությունների կարգավորման ճանապարհը։ Անլուծելիության հիմնական պատճառն այն է, որ այդ հակամարտությունները գլոբալ հակասությունների տեղական արտահայտություններն են։ Ցավոք, այսօր գլոբալ հավասարակշռությունն անգամ որպես հեռանկար չի նշմարվում։ Ավելին, հակառակ պրոցեսը գնալով դառնում է ավելի բացահայտ։ Ռուս-ամերիկյան լուրջ հակասությունների մասին այսօր արդեն խոսում են բարձրաձայն։ Ռուսաստանի վարչապետ Վ. Չեռնոմիրդինը ընտրություններից առաջ չի ցանկանում հրաժարվել խաղաղարարի իմիջից։ Չնայած ռուսական հասարակության մի մասի համար արդեն խիստ կասկածելի է անարդյունք խաղաղարարությունը։ Թե՛ Չեչնիայում, թե՛ Աբխազիայում, թե՛ Ղարաբաղում Ռուսաստանն այսօր խաղաղ կարգավորման կողմնակից է։ Բայց, մանավանդ Չեչնիայում «դանակն արդեն ոսկորին է հասել»։ Բոլորն են հասկանում, որ ձեռնարկված միջոցառումները բավարար չեն, բայց նաեւ հասկանում են, որ մինչեւ ընտրությունները վճռական գործողություններ չեն ձեռնարկվելու։ Ընտրություններից հետո Ռուսաստանը դիմելու է «այլ» միջոցների, հատկապես, եթե ընտրություններում հաղթեն համեմատաբար ավելի ձախ-հայրենասիրական ուժերը։ Եվ հասկանում են նաեւ, որ «այլ» միջոցները գործադրվելու են ոչ միայն Չեչնիայում։ Չեչնիայից հետո պետք է լուծվեն նավթային գործարքը խոչընդոտելու հետ կապված մյուս խնդիրները։ Իսկ նավթամուղի ճանապարհին Չեչնիայից հետո վրաց-աբխազական հակամարտությունն է, հետո՝ ղարաբաղյան։

Այն, որ ընտրություններից հետո Ռուսաստանն այս հարցերում ավելի խիստ դիրքորոշում կընտրի, ոչ ոք չի կասկածում։ Իհարկե, Հայաստանում ոչ ոք մեծ հրճվանք չի ապրում հանուն նավթային գործարքի կասեցման զոհվելու հեռանկարից։ Բայց Ռուսաստանում որոշ շրջանակներ, ըստ երեւույթին, այլ կարծիքի են։ Եթե իրադարձություններն իրոք ընթանան այս սցենարով, ապա հայկական դիվանագիտությունը կկանգնի շատ բարդ խնդրի առջեւ։ Նրա խնդիրը պետք է լինի բացառել ռազմական գործողությունների վարակը եւ չշեղվել խաղաղ կարգավորման ճանապարհից։ Ադրբեջանը դժվար թե շահագրգռված լինի ռազմական գործողությունների վերսկսմամբ, որն անորոշ ժամանակով կհետաձգի միլիարդներ բերող նավթային գործարքի իրականացումը։ Իսկ Հայաստանի քաղաքացիներին ամենից շատ կհետաքրքրի «հանուն ինչի՞» հարցի պատասխանը։

Վահրամ ԲՐՈՒՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930