Լրահոս
Օրվա լրահոսը

Տարածքային կառավարման կնճիռը

Նոյեմբեր 10,1995 10:57

Հաստատաբար, դա հանգամանքների պատահական զուգադիպություն էր, սակայն հենց նոյեմբերի 7-ին, սոցիալիստական մեծ վերափոխման փառապանծ տարեդարձին, Հայաստանի խորհրդարանը վերջապես թոթափեց անցյալի փոշին՝ որոշում ընդունելով անկախ հանրապետության վերաձեւման մասին։ Բնական է, որ վարչատարածքային նոր բաժանման հարցում համաձայնության ձեռք բերումը բավականին ցավոտ բնույթ էր կրում։ Բավական է նշել, որ կառավարության առաջարկած նախագիծը ընդունվել էր ընդամենը 1 ձայն առավելությամբ։ Առավել սուր բանավեճ ծավալվեց երեք հարցերի շուրջ։ Առաջինը վերաբերում էր բուն բաժանման խնդրին՝ կառավարական տարբերակը պնդում էր նախկին շրջանների սահմանների անձեռնմխելիության սկզբունքը։ Մինչդեռ, նախագծի հեղինակները որոշ դեպքերում առաջարկում էին այդ սահմանները նորովի վերաձեւել՝ ասենք, Գեղարքունիքի մարզին նախատեսված էր հանձնել նախկին Կրասնոսելսկի շրջանի 5-6 գյուղ, իսկ մնացածը պետք է մտնեին Տավուշի մարզի մեջ։ Թեեւ, ի վերջո ընդունվեց կառավարության առաջարկը, սակայն որպես մխիթարանք կաբինետը հավաստիացրեց, որ ժամանակի ընթացքում սահմանների վերաձեւման հնարավորություններ կգտնի

Մարզկենտրոնների որոշման հարցը ավելի վիճահարույց էր։ Այդ կարգավիճակին հավակնողների մրցակցությունը սկսվեց վաղօրոք, ԱԺ-ում քննարկվելուց մի քանի ամիս առաջ։ Լոբբիստական գործունեությունն այդ առիթով երկարատեւ եւ վճռական բնույթ էր կրում, ճիշտ է, մարզկենտրոնների մեծամասնության վերաբերյալ խորհրդարանում այլեւս հակասություններ  չառաջացան, սակայն Գեղարքունիքի եւ Սյունիքի «մայրաքաղաքների» մասին բանավեճը չափազանց կարծր էր։

Կառավարությունն առաջարկում էր համապատասխանաբար Գավառը (նախկին Կամոն) եւ Կապանը, իսկ նախագծի հեղինակները՝ Մարտունին եւ Գորիսը։ Առանձնապես սկզբունքային էր Սյունիքի մարզկենտրոնի խնդիրը, ընդդիմախոսները պնդում էին, որ Կապանը չի կարող ունենալ այդ կարգավիճակը՝ փաստարկներ բերելով Գորիսի պաշտպանվածության եւ ռազմաստրատեգիական կարեւորության մասին։ Հայտնի է, որ փաստորեն Գորիսից է սկսվում Լաչինի միջանցքը եւ նրա միջով է անցնում Երեւան-Ստեփանակերտ ճանապարհը: Հիշեցվում էր նաեւ, որ 1930 թվականից Գորիսը Զանգեզուրի կենտրոնն է: Այդուհանդերձ, ինչպես արդեն ասվեց, 1 ձայնը որոշեց բոլոր վեճերը։ Այսուհետ, մարզերի, համայնքների եւ բնակավայրերի սահմանների փոփոխությունը, նորերի ստեղծումը վճռվելու է ԱԺ-ի որոշումով՝ կառավարության ներկայացմամբ եւ կհանդիսանան արդեն ընդունված օրենքի լրացումներ եւ փոփոխություններ։

Ասելով «ա», պետք է նաեւ «բ»-ի մասին։ Երկրի միայն շատ ընդհանուր գծերով է ներկայացնում մարզպետների իրավասություններն ու պարտականությունները։ Իսկ մանրամասները որոշվելու են «Տարածքային կառավարման մասին» օրենքով, որի ընդունումից հետո միայն կստեղծվեն մարզպետարաններ եւ կնշանակվեն մարզպաններ։ Հիմնական սկզբունքները, որքանով այսօր կարելի է դատել. ենթադրում են իշխանության ապակենտրոնացում եւ նախարարների բազմաթիվ գործադիր իրավասությունների փոխանցում մարզպետներին։ Դա, իհարկե, չի կարող չառաջացնել որոշակի տարաձայնություններ, այդ թվում նաեւ՝ կառավարության ներսում։

Մեծ ուշադրություն է դարձվում այն հարցին, թե ինչպես են կառուցվելու մարզպետների հարաբերությունները քաղաքային եւ գյուղական համայնքների ղեկավարների հետ։ Կա, օրինակ, մի մոտեցում, համաձայն որի մարզպետը փոքրիկ վարչապետ է եւ նրան ենթակա են վարչություններ, որոնք կրկնում են նախարարությունները։ Այդ դեպքում, Երեւանում գտնվող «իսկական» նախարարություններին մնում են միայն վերահսկելու եւ մեթոդական ցուցմունքներ տալու ֆունկցիաները։ Համաձայն այլ տեսակետի, ամեն մի նախարարությանը պետք է առանձին մոտենալ, եւ, նրա յուրահատկություններից կախված, մարզպետի ազդեցությունը կարող է լինել մեծ կամ փոքր։ Ասենք, իսկապես անհեթեթ կլինի, եթե ամեն մի մարզպետ ունենա սեփական ոստիկանություն, որը չգիտես ինչու, կոչվելու է «մունիցիպալ»։ Նախ այն չի կարող լինել «մունիցիպալ», քանի որ մարզպետն ընտրված դեմք չէ, այլ կառավարության ներկայացուցիչ։

Երկրորդ. ստացվում է, որ մարզպետն ունի իր սեփական ոստիկանությունը՝ կենտրոնական հանրապետական ոստիկանության առկայության դեպքում։ Նման զուգահեռ մարմինների գոյությունը, շատերի կարծիքով, կարող է լուրջ վտանգ ներկայացնել։ Այլ հարց է, որ համայնքները իսկապես պետք է իրավունք ունենան «մունիցիպալ» ոստիկանություն ստեղծելու, որոնք գոյատեւելու են հենց համայնքների, այսինքն՝ նրա անդամների տված հարկերի շնորհիվ:

Մի խոսքով, տարածքային ղեկավարման խնդիրը ամենեւին էլ միանշանակ չէ, եւ շատ հնարավոր է, որ Ազգային ժողովը չի հասցնի քննարկել այդ հարցը մինչեւ այս տարվա վերջը: Հուսանք, որ երկարաձգվող վեճերը չեն ստեղծի այնպիսի մի իրավիճակ, երբ մարզպետները կնշանակվեն կառավարության կողմից՝ օրենքի բացակայության պայմաններում (նման նախադեպեր արդեն եղել են): Իրադարձությունների նման զարգացումը, որը, բարեբախտաբար, քիչ հավանական է, կբերի անցանկալի հետեւանքների, ինչպես տեղական ինքնակառավարման, այնպես էլ ուժեղ կենտրոնացված իշխանության ոլորտում

Գ.   ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930