Լրահոս
Օրվա լրահոսը

Ծիծաղ պարգեւող մարդը…

Նոյեմբեր 09,1995 18:15

Նոյեմբերի 22-ին լրանում է անվանի երգիծաբան Լեռ Կամսարի մահվան 30-ամյակը։ Այդ առիթով մեր աշխատակից Սարո Գյոդակյանը «Առավոտի» խմբագրատուն հրավիրեց երգիծաբանի թոռնուհուն՝ Վանուհի Կամսարին եւ խնդրեց վերհիշել հետաքրքրաշարժ դրվագներ Լեռ Կամսարի տառապալից կյանքից։

Խառնակ ու ամոթալի ժամանակներ էին։ Լեռ Կամսարը նոր էր վերադարձել աքսորից։ Քաղաքականապես դեռեւս բարեհույս չէր։ Անընդհատ հսկողության տակ էր «ժողովրդի եւ երկրի անվտանգության համար հոգ տանող» կազմակերպության կողմից։ Եվ, բնականաբար, շատ քիչ խիզախներ էին հանդգնում առնչվել նրա հետ բոլորի աչքի առաջ, օրը ցերեկով։

Մի օր, երբ երգիծաբանը տխուր ու գլխիկոր զբոսնում էր նախկին Լենինի հրապարակի շրջակայքում, հանկարծ նրան է մոտենում երիտասարդ Շիրազը եւ բռնվում աշխույժ զրույցի: Նրանց միջեւ զրույցը երկարում է։ Լեռ Կամսարը նկատելով, որ ինչ-որ մարդ իրենց հետեւում է, անհանգստացած փորձում է ընդհատել խոսքը, բայց Շիրազը անփութորեն շարունակում է զրուցել։

Մարդը տեսնելով, որ հեռվից անհնար է լսել, որոշում է մոտենալ եւ զրույցի բռնվելով գրողների հետ, պարզել, թե ինչի մասին են նրանք խոսում:

Նա մոտենում եւ անբռնազբոս ասում է.

– Այդ ի՞նչ են խորհում առյուծ ու վագր:֊

Շիրազը չարաճճի ժպտում է եւ հանգիստ պատասխանում.

– Առյուծ ու վագր խորհում են, թե ինչպես մի աղվես մոտեցավ մեզ…

Մարդը կտրուկ շրջվում է եւ հեռանում։

Մազապուրծ լինելով 1915թ. եղեռնից, բանտի եւ աքսորի տանջանքների միջով «հաջող» անցնելով, անտեսվելով խմբագրությունների եւ հրատարակչությունների կողմից, զրկանքների եւ լլկանքների ուղեկցությամբ հասել էր Լեռ Կամսարը մինչեւ 1965թ.-ը։

Պատրաստվում էր մի փոքրիկ ժողովածու «Մարդը տանու շորերով» խորագրով։ Երկար ճանապարհ էր անցել այդ գրքույկը, շատ էր բարակել այդ ճանապարհին, բայց այնուհանդերձ, ծնվում էր մեծ դժվարությամբ։ Երգիծաբանը անհամբեր սպասում էր այդ ծնունդին: Թվում էր, խոչընդոտ չպետք է լինի՝ քաղաքական բոլոր պամֆլետները զտված էին գրքից։

Արդեն լույս էր տեսել գրքի ամբողջ տպաքանակը, երբ հանկարծ գույժ՝ գիրքը կալանքի տակ է:

Դա եղավ տառապանքի այն վերջին կաթիլը, որ իրագործեց իր նախատեսված

դերը։

Վշտերից հյուծված երգիծաբանի սիրտը կաթվածահար եղավ։

Ի՞նչն էր գրքի արգելման պատճառը։

Գրքում տեղ էր գտել մի ֆելիետոն թատրոնի տնօրեն Ղ. Ղազարյանի մասին, որը Լեռ Կամսարը գրել էր «Ոզնու» պատվերով։ Թատրոնի հիշյալ տնօրենը իմանալով այդ մասին, օգտագործելով իր ամբողջ «հզորությունը», Կենտկոմի միջոցով արգելք էր դրել գրքի վաճառքի վրա:

– Խնդրում եմ, ինձ տարեք,- ասում էր արդեն մահամերձ գրողն իր որդիներին,- այդ մարդու մոտ, որ ես ծնկաչոք աղաչեմ, որ նա լինի գեթ այն միակ խորհրդային պաշտոնյան, որ ես որպես երգիծաբան իրավունք ունենամ ծիծաղելու նրա արատների վրա:

Լեռ Կամսարը չհասցրեց այդ անել։ 1965թ. նոյեմբերի 22-ին դադարեց բաբախել նրա վշտաբեկ սիրտը…

Նրա վերջին խոսքերն էին. «Ես խնդրում եմ ձեզ՝ ինձ թաղելիս բերանքսիվայր դնել հողը…, որ այս կառավարության երեսը չտեսնեմ։

Մի երկմտեք, երբեւէ ռեժիմը փոխվելիս, անգամ եթե ամբողջովին փտած էլ լինեմ, դարձյալ շուռ պիտի գամ մեջքիս վրա…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930