Մենք՝ հայերս, հակված ենք կարծելու, թե աշխարհում մեր մասին շատ բան գիտեն կամ պետք է իմանան։ Բայց ինչո՞ւ եւ ինչպես, երբ օտար մամուլը ոչ այդքան հաճախ է անդրադառնում Հայաստանի իրադարձություններին։ Իսկ երբեմն էլ իրավիճակը ներկայացնում է ծուռ հայելու մեջ։ Թվում է, թե չկա ոչ մի պատուհան դեպի աշխարհը։ Բայց դա միայն առերեւույթ, քանի որ դեռեւս 1947թ.-ից Հայաստանի ռադիոն սկսեց հաղորդումներ սփռել արտասահմանյան պետությունների համար։ Պատկերացնո՞ւմ եք, այսօր «Հայաստանի ձայն» ռադիոգործակալությունը խոսում է աշխարհի 11 լեզուներով եւ 100-ավոր նամակներ է ստանում աշխարհի չորս ծագերից։ Սակայն հետաքրքիր է, թե ովքե՞ր են կազմում հայկական ռադիոյի լսարանը արտասահմանում, եւ ի՞նչ են գրում նրանք իրենց նամակներում…
– Դատելով մեր նամակագիրների անուններից,- ասում է պրն Անանիկյանը,- պետք է ենթադրել, որ նրանց 90%-ը օտարազգիներ են։ Իսկ, քանի որ հաղորդումներում ընդգրկում ենք ամեն ինչ, բացի զվարճալի ծրագրերից, մեր ռադիոլուրերը հայտնում են իրենց գնահատականը, որ «Հայաստանի ձայնը» իրոք աշխարհին նայող միակ պատուհանն է։
– Ի դեպ, ի՞նչ քարոզչություն եք տանում ձեր ադրբեջաներեն ծրագրով։
– Մենք տալիս ենք նույն ինֆորմացիան, ինչ մյուս լեզուներով, եւ հատուկ քարոզչության կարիք էլ չկա, քանի որ ճշմարտությունն ինքնին քարոզչություն է:
– Ձեզ մոտ գոյություն ունի՞ արդյոք պետական գրաքննություն։
– Ո՛չ, բացարձակապես։ Գրաքննությունը մեր արթուն խիղճն է։
– Իսկ ինչպե՞ս եք մեկնաբանում Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությունը։
– Ընդհանրապես կուսակցական խաղերին չենք մասնակցում եւ տալիս ենք զուտ տեղեկատվություն, ասենք, «առաջին անգամ հայրենիքում տեղի ունեցավ Հնչակյան կուսակցության համագումարը», սակայն չենք մեկնաբանում։ Իսկ արտաքին քաղաքականության հարցով ես նույնիսկ ԱԳՆ եմ դիմել, բայց բարեբախտաբար, մեզ վստահում են։ Հայաստանում դեմոկրատիան, անկեղծ ասած, սահմաններից դուրս է եկել։ Ոչ մի իրեն հարգող պետություն այդքան ազատություն չէր տա, որքան Հայաստանը։
– Դուք իրո՞ք գտնում եք, որ Հայաստանում ազատ գործում է 4-րդ իշխանություն։
– Այդքան ազատություն, որքան ոմանք են պատկերացնում, էլի հնարավոր չէ տալ։ Եթե Արեւմուտքում պրեզիդենտին քննադատում են, ապա այստեղ կեղտոտ խոսքեր էլ են ասում… Դրանից էլ ավելի ազատությո՞ւն…
– Թերեւս, փոքր-ինչ փոխենք թեման։ Ի՞նչ հիմնախնդիրներ ունի «Հայաստանի ձայնը»։
– Մեր գերխնդիրը ֆինանսների սղությունն է, որից եւ բխում են մնացած պրոբլեմները։ Բացի այդ, թարգմանիչ-ժուռնալիստների հսկայական պակաս ունենք, որովհետեւ մեր տված խղճուկ գումարներով չեն կարող տուն պահել։ Բայց, պիտի նշեմ, որ նյութականը երբեմն երկրորդ պլան է մղվում հատկապես այն դեպքում, երբ օտարազգի ինչ-որ մեկը իր նամակում քեզ գովասանքի խոսքեր է հղում եւ աշխատանքիդ արդյունքից ու կարեւորությունից բավականություն ես ստանում։
Արամ ՄԿՐՏՉՅԱՆ