Լրահոս
Օրվա լրահոսը

«Դասական» կոնֆլիկտների լուծման ճանապարհը

Նոյեմբեր 09,1995 13:59

Յուրաքանչյուր պետության քաղաքական կյանքը իրենից ներկայացնում է տարբեր շահերի (տնտեսական ֆինանսական, գաղափարական) բախում։

Գոյություն ունի կոնֆլիկտների շարժման երկու եղանակ։

Այնտեղ, որտեղ կա ճկուն քաղաքական կառուցվածք, ձեւավորված հասարակություն եւ հասարակական «ակտիվ կարծիք», պետական ավանդույթներ, կոնֆլիկտները լուծվում են համապատասխան խաղի կանոնների շրջանակում: Կոմպրոմիսները կամ որեւէ կողմի հաղթանակը դա այն օբյեկտիվ արդյունքն է, որը թույլ է տալիս հասարակությանը առաջադիմել: Դա անվանենք կոնֆլիկտների լուծման էվոլուցիոն ճանապարհ։

Այնտեղ որտեղ չկա «հասարակության ակտիվ» կարծիք, չկա քաղաքական կառուցվածքի ճկուն համակարգ, կոնֆլիկտների հանգուցալուծումը չի բերում համընդհանուր բարօրության, այն հանդիսանում է խմբակային նեղ շահի գերակայության արգասիք։ Քաղաքական պայքարի նպատակը հանդիսանում է հակառակորդ ուժի վերջնական ջախջախումը եւ հեռացումը ասպարեզից։ Չի գործում հավասարակշռման համակարգը: Դրա հետեւանքով օբյեկտիվորեն առաջացած խնդիրները ստանում են միակողմանի լուծում, որի պատճառով խորանում է բեւեռացումը հասարակության մեջ։ Բացասական էներգիաների կուտակումը վերջիվերջո բերում է ցնցումների: Դա անվանենք կոնֆլիկտի լուծման ցնցումային ճանապարհ:

Դեռեւս հին ժամանակներից գոյություն ունեն երեք ուժեր, որոնց միջեւ կա դասական կոնֆլիկտ: Դրանք են՝ թագավոր, նախարարներ, ժողովուրդ։

1. Երբ թագավորը շատ է ուժեղ, նախարարները եւ ժողովուրդը դառնում են դաշնակիցներ։

2. Երբ նախարարները հաստատում են իրենց իշխանությունը (օլիգարխիան նրանց պետք է լինում ոչ թե իրական, այլ «խորհրդանիշ թագավոր» նոմինալ իրավունքներով։ Թագավորը եւ ժողովուրդը դառնում են դաշնակիցներ։

3. Երբ կա ակտիվ ժողովուրդ եւ թույլ թագավոր ու նախարարներ, վերջիններս դառնում են դաշնակիցներ։

Բոլոր երկրների պատմությունները իրենցից ներկայացնում են այս երեք սցենարների հաջորդական կրկնությունը։ Ժամանակակից երկրների քաղաքական պայքարը նույնպես շատ նման է այդ սցենարին։ Ճիշտ է, յուրաքանչյուր երկիր եւ յուրաքանչյուր իրավիճակ ունի իր յուրահատկությունը: Երբ այդ ուժերից որեւէ մեկը խախտում է հավասարակշռությունը, տեղի են ունենում կատակլիզմներ։

Գոյություն ունի նաեւ «4-րդ» խավը. դա սեփականատերերի՝ բուրժուազիայի խավն է, որը նույնպես գտնվում է կոնֆլիկտի մեջ այդ ուժերի հետ եւ որի պատմական ասպարեզ մտնելու հետ է կապված ժամանակակից պետական կարգի կազմավորումը: Այդ խավը Հայաստանում դեռ նոր է ձեւավորվում եւ գտնվում է սաղմնային վիճակում։ Հայաստանում անց է կացվում «բյուրոկրատական սեփականաշնորհում»։ Ժամանակի հակասությունը կայանում է նրանում, որ մի կողմից բյուրոկրատիայի վերնախավն է անցկացնում սեփականաշնորհում եւ ծնում այդ «4-րդ» խավը, մյուս կողմից հենց նա է շահագրգռված սահմանափակել այդ խավի իրավունքները ու նրա վրա տարածել իր գերիշխանությունը:

Դեռեւս միջնադարում ճգնաժամային իրավիճակներում, երբ առկա էր լինում կոնֆլիկտների լուծման ցնցումային իրավիճակ, ստեղծվում էր խորհրդարան, որտեղ ամրագրված էին տեղեր «շահագրգիռ» խավերի ու ուժերի համար։ Խորհրդարանը գործիք է իրավիճակի մեղմման եւ ազգային համաձայնության գալու համար։

Երբ խորհրդարանը դառնում է միակուսակցական մեկ խավի գործիք, դա նշանակում է, որ խախտված է «պառլամենտարիզմի» ոգին եւ իր մեջ պարունակում է ցնցումների վտանգ։

Ցանկացած քաղաքական ուժ ձգտում է որեւէ կերպ արդարացնել իր գոյությունը եւ իր «զինանոցում» ունենում է որեւէ «իզմ» կամ «իզմերի» հավաքածու։ Ետխորհրդային տարածքում, որտեղ արժեքազրկված է «իզմը», միտում կա «իզմի» վերածել դեմոկրատիան, որ պետական կառավարման արդյունավետ համակարգից՝ մեխանիզմից, վերածվում է գաղափարախոսության։ Այդ «մեխանիզմը» կարող է գործել այնտեղ, որտեղ կա առնվազն երկու ազդեցիկ կուսակցություն։ Աշխարհում գոյություն չունի որեւէ միակուսակցական դեմոկրատական երկիր։ Միաբեւեռ քաղաքական համակարգը իր մեջ պարունակում է մի շարք վտանգավոր կողմեր, որ վերաբերում է թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությանը:

Միաբեւեռ համակարգը մեր պայմաններում չի կարող կայունության երաշխիք հանդիսանալ։ Այդ համակարգում տնտեսությունը չի կարող զարգանալ, որտեղ տարբեր շահեր ունեցող տնտեսվարող սուբյեկտները չունեն իրենց շահերը պաշտպանելու հնարավորություն եւ ենթակա են բյուրոկրատիայի կամայականություններին։ Այդպիսի համակարգում չկա իրականում ընտրելու հնարավորություն եւ առկա է լայն խավերի օտարումը: Այսինքն, առկա է կոնֆլիկտների լուծման ցնցոմային տարբերակի հնարավորությունը:

Թե որքան եւ ինչպիսի կուսակցություններ պետք է լինեն, դա ոչ Սահմանադրությունում է գրված, ոչ էլ կարգավորվում է օրենքներով: Քաղաքական համակարգը կախված է փորձի առկայության եւ հասարակական գիտակցության վիճակից։

Եթե մենք չենք ուզում գնալ Իրաքի կամ Լիբանանի տարբերակով, պետք է ունենանք երկու ուժեղ, ցենտրիստական կուսակցություն: Միայն դա կարող է լինել օրինականության եւ զարգացման գրավականը:

Ստեփան ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930