Երեկ ամբաստանյալ Գեղամ Մանուկյանը վերջապես ավարտեց իր ելույթը «Դրո» դատավարության նիստերում։ Հիշեցնենք, որ նա հակասության մեջ մտնելով բոլոր մնացյալ ամբաստանյալների հետ, խոստովանեց «Դրո» կառույցի գոյությունը եւ նրա անդամների կողմից առնվազն մեկ հանցավոր օպերացիայի անցկացումը՝ Աշոտ Ներսիսյանի եւ նրա կնոջ սպանությունը։ Սակայն ավազակախմբի ստեղծողն ու ղեկավարը հայտարարվեց ոչ թե ՀՅԴ-ն, այլ միայն ու միայն Արսեն Արծրունին։ Բնականաբար, նման մոտեցումը ճեղք տվեց պաշտպանության միասնական ճակատում:
Մանուկյանի ցուցմունքներից անմիջապես հետո Արծրունու դատապաշտպան Վահան Ավագյանը հանդես եկավ կարծր հայտարարությամբ, որում մեղադրում էր Մանուկյանին քրեական գործին քաղաքական հնչեղություն տալու մեջ։ Նա պնդում էր, որ Մանուկյանն իր ցուցմունքներում մշտապես դուրս էր գալիս մեղադրանքի սահմաններից եւ իր դժգոհությունը հայտնեց, որ կոլեգիան չկանխեց նման ընթացքը։
Սակայն մնացյալ դատապաշտպանները, հատկապես Ժ. Խաչատրյանը եւ Ռ. Սահակյանը, որոնք ներկայացնում են Գեղամ Մանուկյանի եւ Հրանտ Մարգարյանի շահերը, հանդես եկան իրենց գործընկերոջ հայտարարության դեմ։ Նրանց հետ համամիտ էր նաեւ դատախազ Մ. Գրիգորյանը։ Դա առաջին դեպքն է, երբ պաշտպանության եւ մեղադրող կողմի կարծիքները համընկան։
Քննարկման ընթացքում պարզվեց, որ «Դրո» կառույցի կանոնագրության առաջին նախագիծը, որը 92-ին համատեղ պատրաստեցին Մանուկյանն ու Արծրունին, այնքան էլ անվնաս եւ օրինապաշտ փաստաթուղթ չէր, ինչպես դա ներկայացնում էր Մանուկյանը։ Նրանում նախատեսված էր երկու հատուկ ռազմական ստորաբաժանումների ստեղծումը, որոնց իրավունք էր տրվում զենք կրել եւ պատժամիջոցներ կիրառել, ինչը, բնականաբար, հակասում է պետության օրենքներին։ Այդ կազմավորումները, ըստ Մանուկյանի, պետք է ռազմական օպերացիաներ անցկացնեին թշնամու տարածքում։
Կարդացեք նաև
Պարզվեց նաեւ, որ «Դրո»-ի կանոնադրության առաջին եւ երկրորդ նախագծերը, որոնց տարբերության մասին խոսում էր Մանուկյանը, ունեն նաեւ ընդհանուր գծեր: Այդպես երկուսի հիմքում էլ դրված է գաղտնիության սկզբունքը։
Մանուկյանը մի քանի անգամ ընդգծեց, որ առաջին կանոնադրությունը չէր ընդունվել կուսակցության ղեկավարության կողմից, սակայն հայտարարեց, որ Արծրունին կարող էր գործել ինքնագլուխ, օգտագործելով կուսակցության անունը իր նպատակների համար։
Ե. ԱՎԵՏԻՍՅԱՆ