Լրահոս
Օրվա լրահոսը

Վարկ վերցնես՝ կսնանկանաս

Նոյեմբեր 09,1995 11:51

Այսօր Հայաստանում գործող ցանկացած կոմերցիոն բանկի գլխավոր խնդիրն է դրամի տեղադրումը: Որպես օրենք մեր գործարար մարդիկ գերադասում են գործ չունենալ բանկային վարկերի հետ, աշխատելով գումարներ հայթայթել ավելի էժան միջոցներով։ Հարցն այն է, որ Հայաստանի կոմերցիոն բանկերը վարկեր են տալիս ամսական 8-12 տոկոսով՝ ազգային փոխարժեքի դեպքում։ Իմ ծանոթ բիզնեսմեններից մեկը մեծապես տուժեց Արդշին բանկում 1000 դոլարի չափով գումար վերցնելով, քանի որ չկարողացավ այն վերադարձնել պայմանավորված 2 ամսվա ընթացքում։ Իսկ ժամկետն անցնելուց մեկ ամիս հետո, նա ստիպված էր 7 ամսվա ընթացքում վճարել տուգանքներ 2600 դոլարի չափով։ Այնուամենայնիվ, առ այսօր նա չկարողացավ փակել իր հաշիվները բանկի հետ, քանի որ պարտք է մնացել եւս 1600 դոլարի չափով գումար, որին ավելանում են տոկոսներ՝ ամեն օր ուշացման համար։

Նրա խոսքերով, բանկային համակարգի բարձր տոկոսային դրույքները խոչընդոտում են մասնավոր ձեռներեցությանը։ Այդ համակարգի ծառայություններից են օգտվում, այն էլ հազվադեպ, պետական ձեռնարկությունները, որոնք, որպես օրենք, չեն շտապում վերադարձնել պարտքերը, քանի որ կամ տվյալ բանկի հիմնադիրների թվում են, կամ էլ պարզապես, բյուջետային պետական ձեռնարկություններ են։ Բնական է, որ մասնավոր ձեռներեցներին նման դրույքները  չափազանց  բարձր են թվում՝ այսօր, փաստորեն, ոչ մի օրինական  կոմերցիոն գործունեություն չի կարող այնպիսի շահութաբերություն ապահովել, որ ձեռնտու լինի նաեւ  վճարել  8-10  տոկոս՝ վարկ տված բանկին։

Հաճախ են բերվում արտասահմանյան բանկերի օրինակները, որոնք վարկեր

են տալիս տարեկան 5-6 տոկոսով։ Սակայն դա տեղի է ունենում միայն այն դեպքում, եթե հաճախորդը եւ նրա բիզնես ծրագիրը լիակատար վստահություն են ներշնչում։ Մինչդեռ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում գրեթե ամբողջ ձեռնարկչատիրական գործունեությունը կապված է մեծ ռիսկի հետ, բանկերի բարձր դրույքներն այդ իմաստով միանգամայն արդարացված են եւ համանման են այդպիսի դեպքերում տրվող աշխարհի զարգացած երկրների վարկերին։ Այլ հարց է, որ նշված գործոնը հարվածում է ի վերջո ոչ միայն ձեռնարկատերերի, այլեւ իրենց՝ բանկերի

շահերին, քանի որ վերջիններս կանգնում են փակման վտանգի առջեւ։ Սկզբունքորեն բացառված չէ, որ Հայաստանի բանկերը, իսկապես, ինչպես պնդում են որոշ տնտեսական փորձագետներ, պահպանվում են բանկային վերահսկողության անարդյունավետության շնորհիվ, երբ գումարների տեղադրման հարցում չի ցուցաբերվում որոշակի խստություն։

Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930