Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդիկ «բարի գիշեր» ասել չեն ուզում

Նոյեմբեր 08,1995 17:42

Այսօր Երեւանը երեկոյան ժամերին հիշեցնում է պաշտպանական նպատակներով մթնեցված մերձռազմաճակատային քաղաք, թեեւ գտնվում է ճակատից բավականին հեռու, իսկ «լուսաքողարկումը» պայմանավորված է այլ պատճառներով։ Երեկոյան ժամը 18-ից արդեն մթնում է ու մարդիկ շտապում են իրենց տները, ուշ ժամերին սովորաբար հանդիպում են միայն պատահական անցորդներ։ Մութը իջնելուն պես, միլիոնանոց քաղաքը քնում է։ Փողոցում լապտերներ չեն վառվում, շենքերում լույս չկա, տրանսպորտը գրեթե չի աշխատում, հասարակական ժամանցի վայրերը փակ են։ Երեւի քաղաքային իշխանությունները այս վիճակը համարում են նորմալ։ Բայց չէ որ բոլորս ենք հիշում այն ժամանակները, երբ նույնիսկ գիշերային ժամերին քաղաքը լուսավոր էր, մարդաշատ ու հմայիչ։ Նույնիսկ ավելի աշխույժ էր այն օրերին, երբ քաղաքում քրեածին իրավիճակը լարված էր, երբ տարբեր զինատեսակներից կրակոցները սովորական էին դարձել։ Այդ ժամանակ ներքին գործերի նախարարը խոստացավ, որ շատ շուտով Երեւանում էլ չեն կրակի։ Նրա խոստումը կատարվեց, ու այլեւս չեն կրակում։ Փաստորեն ապահովվեց մարդկանց ֆիզիկական անվտանգությունը, իսկ մնացած հարցերը պետք է լուծեին քաղաքային իշխանությունները։ Ո՞ր գնան, ինչպես անցկացնեն իրենց երեկոյան ժամանակը երեւանցիները: Այսօր ուշ ժամերին գործում են շատ քիչ օբյեկտներ՝ քաղաքի զարկերակը Պռոշյան փողոցն է՝ լուսավոր, գեղեցիկ, բայց որտեղ կարելի է միայն սնվել՝ խորովածից ու հավից բացի, ոչինչ չի առաջարկվում։ Իսկ մարդը բացի սնվելու բնազդային պահանջից, ունի նաեւ այլ, ավելի ինտելեկտուալ պահանջներ։ Թեեւ այդ նույն խորովածը քչերն են ի վիճակի վայելելու։ Կարելի է հանդիպել ուշ ժամերի գործող բարերի, թեեւ երեւանյան բարերը սովորական նկուղային սրճարաններ են, որոնք ոչինչ ընդհանուր չունեն դրա դասական հասկացության հետ։ Երեւի թե գներն են ավելի բարձր ու հաճախորդները՝ ավելի քիչ։

Ռեստորանների մասին խոսելն անիմաստ է. դրանք սովորական մահկանացուների համար չեն։ Սա է այսօրվա գիշերային Երեւանը, որի գեղեցկությունը փառաբանվում էր երգերում։

Մշակութային ՚ հիմնարկները երեկոյան չեն աշխատում։ Թատրոններում ներկայացումները սկսվում են ցերեկը՝ 16-ին, ֆիլհարմոնիկ համերգասրահում 14-ին, օպերայում նույնպես, պատկերասրահները, կինոթատրոնները փակվում են մինչեւ մութն ընկնելը։ Տներում լույս չկա, մարդիկ զրկված են հեռուստացույց նայելու հնարավորությունից։ Հասկանալի է, թե մտավոր ինչպիսի հետեւանքների կարող է հասցնել այս վիճակը։ Եթե հայկական ԱէԿ-ի վերաբացումը չունենար որեւէ այլ տնտեսական հիմնավորում, ապա միայն այս վիճակը որոշ չափով շտկելու համար այն պետք է վերաբացվեր։

Նախկին խորհրդարանի պատգամավորներից մեկը մի ժամանակ առաջարկում էր որոշ հրապարակներում լուսարձակներ դնել, որ մարդիկ հավաքվեն, զրուցեն։ Հասկանալի է մտավորականի մտավախությունը, բայց «հրապարակային» ժամանցով ոչինչ չես փոխի։ Եթե որեւէ մեկին թվում է, թե այս վիճակը անհետեւանք կանցնի՝ սխալվում է։

Էլեկտրաէներգիայի անկանոն կամ պարբերաբար անջատումները խիստ բացասաբար են անդրադառնում կենսառիթմերի վրա։ Նորմալ կենսագործունեության համար ընդունելի լույսի-մութի հարաբերության խեղաթյուրումը հանգեցնում է քնելու ժամանակի, քնի երկարության ու փուլայնության փոփոխության, որն իր հերթին հանգեցնում է քրոնո-կենսաբանական փոփոխության՝ առաջացնելով փսիխիկայի լարվածություն, նյարդային գործընթացների խանգարում, զանազան քրոնիկական հիվանդությունների սրացում։ Անհրաժեշտ են լուրջ ու շտապ քայլեր։ Ձմռանը օրն ավելի շուտ է մթնում, իսկ ժամը 13-ին Երեւանին «բարի գիշեր» ասել մարդիկ չեն ուզում։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930